Cerca

Vatican News
Ավրորա մրցանակ Ավրորա մրցանակ 

Ավրորա մրցանակ. «Հայոց ցեղասպանութիւնը վերապրողների անունից՝ ի երախտագիտութիւն նրանց փրկողների»:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնութիւնն ստեղծուել է 2015թ. մարտի 10-ին՝ Նիւ Եորքում:

Յարգելի՛ ունկնդիրներ,

Սիրով ձեր ուշադրութեանն ենք ներկայացնում հաղորդաշար՝ նուիրուած «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութեանը, նրա ստեղծմանն պատմութեան, առաքելութեանն ու ընթացքին:

Ունկնդրէ լուրը

Հաղորդում 1

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնութիւնն ստեղծուել է Հայոց ցեղասպանութիւնը վերապրողների անունից՝ ի երախտագիտութիւն նրանց փրկողների: Այն պաշտօնապէս մեկնարկեց Հայոց Ցեղասպանութեան նահատակների յիշատակի հարիւրամեայ տարելիցի նախօրէին՝ 2015թ. մարտի 10-ին՝ Նիւ Եորքում:

Այստեղ առաջին անգամ ամրապնդուեց այն գաղափարը, թէ զոհերի յիշատակը վառ պահելուց բացի՝ պէտք է առանձնայատուկ կերպով ներկայացուեն դժնի օրերին հայերին փրկութեան ձեռք մեկնած անհատների և նրանց գործողութիւնների շնորհիւ փրկուածների պատմութիւնները:

Հենց այդպէս ձևակերպուեց  նախաձեռնութեան կարգախօսը. «Մենք հակատում ենք, որ անգամ ամենադաժան օրերին լուսաւոր ապագան նրանց ձեռքին է, ովքեր կարողանում են մարդկանց օգնել և յուսադրել»:

«Ավրորան» Հայոց Ցեղասպանութիւնը վերապրած հայերի ժառանգներից երկուսի՝ Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի, ինչպէս և հայկական դառը փորձառութիւնը լաւագոյնս ուսումնասիրած գիտնական Վարդան Գրեգորյանի մարդասիրական ձեռնարկումն է:

Փրոֆեսոր Վարդան Գրեգորյանը ծնուել է Իրանում, իսկ գործունէութեան մեծագոյն մասն անցկացրել Միացեալ Նահանգներում՝ որպէս Նյու Եորքի Հանրային գրադարանի նախագահ, Բրաունի համալսարանի բեկտոր: Այժմ նա Նիւ Եորքի Կարնեգի կորպորացիայի նախագահն է:

Նուբար Աֆեյանն ամերիկահայ գիւտարար է և ձեռներէց: Նա Ֆլեգշիփ Փայընիրինգ (Flagship Pioneering) ընկերութեան հիմնադիրն է և գլխաւոր գործադիր տնօրէնը։ Իր 30-ամյա գործունէութեան ընթացքում համահիմնադրել և օգնել է կայանալ 40 յաջողակ նորաստեղծ ընկերութիւնների։

Ռուբեն Վարդանեանը սոցիալական ներդրող է, գործարար և բարերար: Լինելով յայտնի ֆինանսիստ՝ նա աչքի է ընկնում ինչպէս իր ֆինանսական ձեռնարկումներով, այնպէս էլ ազդեցիկ մարդասիրական ծրագրերով, որոնցից են Արևելեան Եւրոպայի առաջին Յու-Դաբըլյու-Սի (UWC) քոլեջը Հայաստանի Դիլիջան քաղաքում  և «Տաթևի վերածնունդ» նախագիծը:

Նախաձեռնութեան համահիմնադիրներին գործունութեան հենց սկզբից միացաւ աշխարհահռչակ օսկարակիր դերասան և ռեժիսոր, հումանիտար գործիչ Ջորջ Քլունին:

Ի յիշատակ ութ տարի տևած Հայոց ցեղասպանութեան՝ «Ավրորան» նպատակ ունի ութ տարի շարունակ աջակցել մերօրեայ հերոսներին, ովքեր վտանգելով իրենց կեանքը՝ փրկում են ամենակարիքաւորներին և բարելաւում առաւել խոցելի և աղքատ մարդկանց կեանքը աշխարհի տարբեր կողմերում: Ճիշտ այդ սկզբունքով հարիւր տարի առաջ մեզ օգնութեան ձեռք մեկնեցին միսիոներներ, անհատներ և կազմակերպութիւններ:

Նրանց օրինակով ոգեշնչուած՝ «Ավրորան» իր 100 ԿԵԱՆՔ (100 LIVES) նախագծի միջոցով ժողովեց և հանրութեանը ներկայացրեց փրկողների և փրկուածների աւելի քան 500  ոգեշնչող պատմութիւն: Դրանք լաւատեսութեան, համարձակութեան և կարեկցանքի մասին էին, որ հայերի օրինակով աշխարհին ապրել էին սովորեցնում ՝ «Եղիր հայ, ապրի՛ր» կարգախօսով:

Սակաւաթիւ բախտաւորներ փրկուել և Ցեղասպանութիւնը վերապրել են բացառապէս մարդասիրական կազմակերպութիւնների և խիզախ անհատների շնորհիւ, որ օտար էին, բայց անտարբեր չէին մարդու և մարդկային կեանքի նկատմամբ։

Մեծարելով նրանց մարդկայնութիւնն ու խիզախութիւնը՝ 100 ԿԵԱՆՔ (100 LIVES)-ը աշխարհին ներկայացրեց Հայոց ցեղասպանութիւնը վերապրածների, նրանց փրկողների ու ժառանգների պատմութիւնները: Աշխարհասփիւռ հայերը պատմեցին իրենց՝ զոհից՝ հասարակութեան ազդեցիկ անդամ դառնալու բացառիկ պատմութիւնները:

Դրանցից մի քանիսը ձեր ուշադրութեանը կներկայացնենք մեր առաջիկայ հաղորդումների ընթացքում:

Անի Մնացականեան

08/02/2019, 08:31