Որոնել

Ամերիկեան և ռուսական պատուիրակութիւնների հանդիպումը Ժընեւում, Զուիցերիա Ամերիկեան և ռուսական պատուիրակութիւնների հանդիպումը Ժընեւում, Զուիցերիա 

Պապի մօտիկութիւնը գօտեպնդում է հոգիները․ Ուկրանիայում Սուրբ Աթոռի առաքելական նուիրակ

Վատիկանեան լրատուամիջոցներին տուած հարցազրոյցում Գերապայծառ Վիսվալտաս Քուլպոքասը խօսել է երկրում տիրող ճգնաժամային իրավիճակի մասին, ընդգծելով, որ մարդիկ երախտապարտ են Ֆրանչիսկոսին, քանի որ արդեն իսկ «մեծ օգնութիւն է իմանալ, որ միայնակ և մոռացուած չես»:

Վատիկան նիուզ – Հայկական բաժին

Դիւանագիտութիւնն անդադար աշխատում է վերջին ժամերին՝ նպատակ ունենալով բանակցային սեղանին կասեցնել հնարաւոր այն ողբերգութիւնը, որը տեղի կունենայ, եթէ սկսեն զէնքերը խօսեն: Մինչ Արևմուտքը և Ռուսաստանը փորձում են միջնորդել՝ 2014 թուականին Ուկրանիայի արևելեան հատուածում բռնկուած ճգնաժամը լուծելու նպատակով, Երկրի բնակչութեան համար այս վերջին ժամերը լարուած և առկախուած ժամեր են։

Պապի կոչի արձագանքը Ուկրանիայում

Վատիկանեան լրատուամիջոցներին տրուած հարցազրոյցում Ուկրանիայում առաքելական նուիրակ Արքեպիսկոպոս Վիսվալտաս Քուլպոքասը ասել է, որ Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետի կողմից անցեալ կիրակի Մարեմեան աղօթքի ժամանակ ցուցաբերուած հերթական մօտիկութիւնը գօտեպնդել է մարդկանց, այնուհետև աւելացրել է, որ արդեն իսկ «մեծ օգնութիւն է իմանալ, որ միայնակ և մոռացուած չես»։

Մթնոլորտը բնակչութեան շրջանում

Գերապայծառը տեղեկացրել է նաև, որ չնայած դժուարութիւններին՝ աճել է համախմբուածութիւնը ողջ Երկրում․ «Հակամարտութեան հնարաւոր սրման վտանգին աւելի համարձակօրէն են նայում․․․Մտահոգութիւն կայ, բայց միևնոյն ժամանակ նկատել եմ նաև, որ կա մեծ սեր հայրենիքի հանդէպ և նաև մեծ վճռականութիւն գործի՝ իրենց մասն անելու առումով, եթէ առաջանայ ինչ-որ դժուարութիւն»։

Եկեղեցին և աղօթքի կարևորութիւնը Ուկրանիացի ժողովրդի համար

Սուրբ Աթոռի դիւանագէտը նշել է, որ հակամարտութեան սկզբից ի վեր՝ 2014 թուականից, բոլոր Եկեղեցիներում ծիսակատարութիւնների ժամանակ յատուկ տեղ է զբաղեցրել խաղաղութեան համար աղօթքն առ Աստուած։ Վերջին շաբաթներին այդ աղօթքն աւելի է կարևորւում։ Մասնաւորապէս չորեքշաբթի՝ յունուարի 26-ին, Ֆրանչիսկոս Պապի հրաւէրով խաղաղութեան համար աղօթքի շուրջ կմիաւորուեն բոլոր բարի կամքի տէր մարդիկ:

Գերապայծառ Քուլպոքասը մէջբերել է Եսայի մարգարէի խօսքերը. «Աստուած չի լսում քո աղօթքը, եթէ դու դարձի չես գալիս, եթէ արդարութեամբ չես ապրում, եթէ ողորմածութեամբ չես ապրում» և շարունակել․ «հետևաբար, ապրենք այս աղօթքը, յանուն խաղաղութեան, բայց այս աղօթքի իմաստն այն է, որ մենք ինքներս մեզ դարձի բերենք՝ Աստծուն հաւատարմօրէն ապրելու համար և բոլորի հանդէպ եղբայրութիւն և ողորմածութիւն ցուցաբերելով ապրելու համար՝ խոնարհութեամբ, քաջութեամբ, ստեղծագործութեամբ»։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

25/01/2022, 11:32