Որոնել

Արեւելեան Եկեղեցիներու Ժողովը Արեւելեան Եկեղեցիներու Ժողովը 

Արեւելեան Եկեղեցիները՝ որպէս կենդանի համայնքներ:

Սուրբ Աթոռի գերատեսչութիւնների պատմութիւնը, նպատակը եւ առաքելութեան ամփոփ տեսութիւնը. հայեացք ներսից: Ինչպէ՞ս են գործում այն գերատեսչութիւնները, որոնք աջակցում են Սրբազան Քահանայապետի գործունէութեանը: Արեւելեան Եկեղեցիների Ժողովի պատմութիւնը ներկայացնում է Կառավարիչ՝ Կարդինալ Լէոնարտօ Սանտրին:
Արեւելեան Եկեղեցիներու Ժողով
Արեւելեան Եկեղեցիներու Ժողով

Արեւելեան Եկեղեցիների Ժողովի աշխատանքի ետեւում պէտք է տեսնել ո՛չ միայն հնագոյն ծէսերի սրբապատկերները եւ մոմերից վեր բարձրացող ծուխը, այլեւ՝ Քրիստոսի մարմինը, որ շատ յաճախ խոցուած է, ինչպէս ասում է Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը:

Այս գերատեսչութեան պարտականութիւնների սահմանները ընդգրկում են՝ Սուրբ Երկիրը, որը մարդկութեան վաղեմի ողբերգութիւնների միջոցով հիւսում է ամենաամուր սրբութիւնը, սփիւռքի մէջ գործող եկեղեցական համայնքները, կուսակրօն եւ ամուսնացեալ քահանաների (երկու «բեւեռներ», որոնք Արեւմուտքում բազմաթիւ բանավէճերի կեդրոնական հարցերից են) բնական համակեցութիւնը Եկեղեցւոյ մէջ, ինչպէս նաեւ խճանկարի այլ առանձնայատկութիւններ, որոնք այսօր կապուած են մէկ ընդհանուր ճակատագիր ունեցող աշխարհի հետ, որտեղ տարածուած համաճարակի հանգուցալուծման ոչ մի յոյս չի նշմարւում: Աշխարհ, որտեղ Հռոմի Պապի շուրջ միաւորուած լինելը «դրսեւորւում է իր բազմազանութեան մէջ»,- մեկնաբանում է Արեւելեան Եկեղեցիների Ժողովի Կառավարիչ Կարդինալ Լէոնարտօ Սանտրին:

Մինչ 1967 թուականի Հռոմէական Կուրիայի բարեփոխումը՝ Արեւելեան Եկեղեցիների Ժողովի կառավարչի պաշտօնը վերապահուած էր Քահանայապետին, ինչը վկայում էր Արեւելեան Եկեղեցիների նկատմամբ հոգածութեան կարեւորութեան մասին: Նշանակալի է, որ Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոսն իր քահանայապետութեան սկզբում, երբ աղօթքի կանգնեց Սուրբ Պետրոսի տաճարի Աւագ խորանի առջեւ՝ Առաքեալի մասունքների մօտ, ցանկութիւն յայտնեց շրջապատուած լինել Արեւելեան Կաթողիկէ Եկեղեցիների բոլոր պատրիարքներով եւ գերագոյն արքեպիսկոպոսներով, ինչը վկայում էր Կաթողիկէ Եկեղեցւոյ ներսում ամուր միասնութեան մասին:

Լատին Եկեղեցին sui iuris եկեղեցիներից մէկն է, եւ, Սրբազան Քահանայապետը (չնայած լատին եպիսկոպոս լինելուն)՝ որպէս Հռոմի եպիսկոպոս, իր հոգածութեան տակ է պահում Արեւելեան բոլոր Կաթողիկէ Եկեղեցիները՝ սկսած Մերձաւոր Արեւելքից մինչեւ Արեւելեան Եւրոպա՝ անցնելով Հնդկաստանով եւ այս Եկեղեցիների մաս կազմող բոլոր համայնքներով, որոնք տարածուած են Ամերիկա ցամաքամասի, ինչպէս նաեւ Եւրոպայի, Աւստրալիայի եւ Ովկիանիայի սփիւռքի բազմաթիւ տարածաշրջաններում:

Քահանայապետերը՝ թէեւ այլեւս Արեւելեան Եկեղեցիների Ժողովի կառավարիչ չեն, այնուամենայնիւ, շարունակում են այս Գերատեսչութեան միջոցով իրենց առանձնայատուկ ուշադրութեան կեդրոնում պահել Արեւելքի հաւատացեալներին: Նոյնիսկ այն տարածաշրջաններում, որտեղ գերիշխում է Լատին Եկեղեցին՝ ինչպէս օրինակ Եւրոպայում եւ Միացեալ Նահանգներում, Քահանայապետերը հիմնել են թեմեր եւ էքզարքութիւններ, ինչը Արեւելքի կաթողիկէ հաւատացեալների ինքնութեան եւ աւանդոյթների նկատմամբ խորը յարգանքի եւ հոգածութեան վկայութիւնն է:

Կարդինալ Սանտրի
Կարդինալ Սանտրի

Այս հաւատացեալները յաճախ փախչում են պատերազմներից, բռնութիւններից, աղքատութիւնից…

Արեւելքի քրիստոնեաների նկատմամբ այս ուշադրութիւնը նաեւ առանձնայատուկ միջոց է հոգ տանելու գաղթականներին եւ փախստականներին, ովքեր այնքան սիրելի են Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսի համար: Նրանք այն ժողովուրդների զաւակներն են, ովքեր փախչելով պատերազմներից եւ բռնութիւններից, կամ տնտեսական պայմանների պատճառով արտագաղթել են իրենց հայրենիքից եւ նոր համայնքներ հիմնել, որպէսզի շարունակեն ապրել իրենց հաւատքը՝ պահպանելով կապը մայր հայրենիքի եւ այն Եկեղեցւոյ հետ, որին պատկանում են: Ի հարկէ, սա բոլորովին չի խրախուսում այս երկրները քրիստոնեաներից դատարկելու գործընթացը, ինչպէս օրինակ Մերձաւոր Արեւելքում, ինչը գուցէ ծառայում է միջազգային որոշ հզօր տէրութիւնների շահերին, այլ՝ խօսքը վերաբերում է նրան, թէ ինչպէս է Սրբազան Քահանայապետը պաշտպանում քրիստոնեաների մնալու, ապրելու եւ իրենց հաւատքը դաւանելու իրաւունքը:

Ճշմարիտ է, որ չի կարելի կորցնել հինը, արժէքաւորը, իմաստութեան, գեղեցկութեան եւ արուեստի գանձերը, քանի որ այս ամէնը կարելի է տեսնել եւ զգալ աշխարհի ցանկացած վայրում գտնուող արեւելեան եկեղեցիներից որեւէ մէկը մուտք գործելիս: Այստեղ կարելի է հմայուել աղօթքներով, երգեցողութեամբ, շարականներով, խունկի բոյրով, մոմերի լոյսով, հագուստներով…, սակայն, սրանք թանգարանային նմոյշներ չեն: Սրանք կենդանի համայնքներ են՝ իրենց բնորոշ չափանիշներով (մտածենք նաեւ Լատին Եկեղեցւոյ ներսում աղօթքի ծիսական ուղղուածութեան վերաբերեալ բազմաթիւ բանավէճերի մասին), որոնք շարունակում են խորապէս ապրել իրենց կաթողիկէ հաւատքը, նոյնիսկ, եթէ այն տարբերւում է մեր սովորոյթներից:

Այս առանձնայատկութիւններից մէկը սիւնհոդոսականութիւնն է, ինչը շատ մօտ է Սրբազան Քահանայապետի սրտին:

Նորին Սրբութիւնը յորդորել է եւ այժմ էլ շարունակում է յորդորել Եկեղեցուն՝ խորհել միասնականութեան եւ «սիւնհոդոսականութեան» մասին: Սիւնհոդոսական այս հեռանկարը անմիջականօրէն բնորոշում է Արեւելեան Կաթողիկէ Եկեղեցիների կեանքը, քանի որ պատրիարքական եկեղեցիները եւ գերագոյն արքեպիսկոպոսութիւնները կազմաւորուած են պատրիարքի կամ գերագոյն արքեպիսկոպոսի շուրջ, ով ղեկավարում է Եկեղեցին Եպիսկոպոսների Սիւնհոդոսի հետ միասին՝ միասնականութեան ոգով:

Բազմաթիւ բանավէճերի եւ քննարկումների առիթ է նաեւ ամուսնացեալ քահանաների հարցը: Արեւելեան Կաթողիկէ Եկեղեցիներից որոշները պահպանել են այս սովորոյթը (որն այսօր կայ ուղղափառ աշխարհում), որ թոյլ է տալիս ունենալ ինչպէս կուսակրօն, այնպէս էլ ամուսնացեալ քահանաներ: 2013 թուականին կայացած Արեւելեան Եկեղեցիների Ժողովի լիագումար նիստից յետոյ, Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոսը նրանց հնարաւորութիւն ընձեռեց ծառայել իրենց տարածաշրջաններից դուրս բնակուող հաւատացեալներին, ինչը արտօնուած չէր նախկինում, եւ, նոյնիսկ, բացայայտ կերպով արգելուած՝ ինչպէս օրինակ Միացեալ Նահանգներում Ռուսինեան Եկեղեցւոյ համար՝ սկսած XIX դարի վերջից:

2010 թուականին, Մերձաւոր Արեւելքի համար գումարուած Սիւնհոդոսի ընթացքում այս երկրների բազմաթիւ հոգեւոր առաջնորդներ խնդրեցին գործածել ոչ թէ փոքրամասնութիւն եզրոյթը, այլ՝ ներկայութիւն, քանի որ փոքրամասնութեան կամ մեծամասնութեան գաղափարը՝ նոյնիսկ եթէ այն յայտնի է վիճակագրութիւնից, չի կարող որոշել Մերձաւոր Արեւելքում նրանց գոյութիւնը: Իրականում, մենք խօսում ենք այս երկրներում քրիստոնեաների մշտական ներկայութեան մասին, թէեւ նրանց քանակը միշտ էլ (բացառութեամբ՝ առաջին դարերի) եղել է խորհրդանշական՝ համեմատութեամբ բնակչութեան ճնշող մեծամասնութեան հետ: Ներկայութիւն, որը կայ եւ պէտք է շարունակի լինել վկայութիւն:

Անշուշտ, Արեւելքի մեր հաւատացեալները ապրում են աղէտալի պատերազմների ճակատում: Լրանում է Սուրիայի հակամարտութեան տասներորդ տարին, սակայն հորիզոնում դեռեւս որեւէ լուծում չի ուրուագծուել: Միլիոնաւոր մարդիկ (ի թիւս որոնց բնակչութեան ամենախոցելի խաւը՝ երիտասարդները, երեխաները, կանայք եւ տարեցները) զրկուած են իրենց տներից, դպրոցներից, երբեմն նաեւ այն վայրերից, որտեղ կարելի է հոգ տանել իրենց առողջութեան մասին, այն վայրերից, որտեղ կարող են հասակ առնել, խաղալ, յուսալ, ապրել եւ սիրել: Միլիոնաւոր մարդիկ ստիպուած են եղել փոխել իրենց բնակութեան վայրը Սուրիայում, միլիոնաւոր մարդիկ տեղահանուել են Սուրիայից՝ բնակութիւն հաստատելով ոչ միայն հարեւան Լիբանանում, Յորդանանում, այլեւ՝ Եւրոպայում եւ Միացեալ Նահանգներում… Սուրիան նման է վէրքի, որ շարունակում է արիւնահոսել, եւ, թուում է, թէ երբեք չի սպիանալու: Ինչպէս Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսն է բազմիցս նշել՝ այս ամէնի մէջ մեղաւոր են բոլոր նրանք, ովքեր թէեւ կարող են միջամտել, սակայն շարունակում են անտարբերութեամբ հետեւել մարդկանց տառապանքին:

Իրաքը շարունակում է մնալ խիստ անկայուն տարածաշրջան, քանի որ չի կարող խաղաղութիւն գտնել՝ Իսլամական պետութիւն կոչուող խմբաւորման ներխուժման ծանր հետեւանքների պատճառով: Դժուար է պատկերացնել, որ նրանք, ովքեր մեկնել են արտերկիր, կարող են վերադառնալ: Մեր մտահոգութիւնն ենք յայտնում նաեւ տնտեսական խորը ճգնաժամի հետեւանքով Լիբանանում տիրող խիստ անկայուն իրավիճակի եւ աղքատութեան շեմին յայտնուած հազարաւոր մարդկանց վերաբերեալ: Իրավիճակն էլ աւելի ծանրացաւ, երբ Պէյրութի նաւահանգստում տեղի ունեցած հզօր պայթիւնը խոշոր աւերածութիւնների պատճառ դարձաւ:

Երկրում տիրող իրավիճակը՝ այդ թւում նաեւ քաղաքական, վտանգում է «յատուկ ուղերձ ունեցող երկրի» գոյութիւնը, որտեղ քրիստոնեաների եւ մահմետական տարբեր դաւանանքների հետեւորդների համակեցութիւնը իւրօրինակ մի փաստ է, որն այս երկիրը դարձնում է առանձնայատուկ մի վայր Մերձաւոր Արեւելքում: Մինչ վերջին տասնամեակների պատերազմները, Լիբանանը՝ իր գեղեցկութեամբ եւ հարստութեամբ համարւում էր Մերձաւոր Արեւելքի Զուիցերիան: Չենք կարող մոռանալ նաեւ այն մարտահրաւէրները, որոնց այսօր բախւում է քրիստոնէութիւնը Հնդկաստանում, ինչպէս նաեւ Արեւելեան Ուկրաինայի բնակիչների նկատմամբ շարունակական ճնշումները եւ դրանցից բխող տառապանքները:

Քովիտի համաճարակի աղէտալի հետեւանքները մեծապէս վնաս հասցրեցին ամբողջ աշխարհին, ուստի, այս իրավիճակը մեզանից լրացուցիչ ուշադրութիւն եւ հոգածութիւն է պահանջում մեր ժողովուրդի նկատմամբ: Պահպանելով կառավարութիւնների եւ Հռոմէական Կուրիայի միջազգային համագործակցութեան փորձառութիւնը (այնպիսի կազմակերպութիւններ, ինչպիսիք են՝ «Caritas Internationalis»-ը կամ Մարդկանց համապարփակ զարգացման վարչութիւնը)՝ Արեւելեան Եկեղեցիների Ժողովը, այդ մասին Սրբազան Քահանայապետին տեղեկացնելուց եւ նրա հաւանութիւնը ստանալուց յետոյ, մտադիր է անյետաձգելի դէպքերի համար նախատեսուած հիմնադրամ հիմնել՝ ի նպաստ Արեւելեան Կաթողիկէ Եկեղեցիների: Այս պահին, հիմնադրամը նախատեսուած է բացառապէս համաճարակի հետ կապուած արտակարգ դէպքերի կառավարման համար: Հիմնադրամի միջոցները ստացւում են Սուրբ Երկրի համար նուիրատուութիւններից եւ այլ փոքր բարերարներից, ովքեր պատրաստակամութիւն են յայտնել աջակցել: Գերատեսչութիւնը գործածել է աւելի քան 700.000 տոլար՝ Երուսաղէմի, Կազայի, Սուրիայի, Լիբանանի, Եթովպիայի, Էրիթրեայի, Իրաքի եւ այլ երկրների համար կանխարգելիչ եւ բուժական նպատակով օգտագործուող հիգիենիկ եւ առողջապահական պարագաների (ինչպէս օրինակ՝ թոքերի օդափոխիչ սարքերի) գնման համար:

Ալ Ազհարի Աւագ Իմամի եւ Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոսի կողմից Ապու Տապիի մէջ ստորագրուած «Մարդկային Եղբայրութեան» փաստաթուղթի տարածումը ապահովելու համար՝ Արեւելեան Եկեղեցիների Ժողովը, Սրբազան Քահանայապետի անունից, այս ուղերձի հետ միասին նամակ ուղղեց Արեւելեան Կաթողիկէ բոլոր Եկեղեցիների առաջնորդներին՝ խնդրելով, որպէսզի փաստաթուղթը ընթերցուի, ուսումնասիրուի, խորը քննարկումների եւ բանավէճերի առարկայ դառնայ ոչ միայն քահանայութեան եւ կրօնական կեանքին պատրաստուող թեկնածուների համար նախատեսուած կրթական ծրագրերի շրջանակներում, այլեւ քննարկուի ծխական համայնքներում, համալսարաններում եւ մշակութային հաստատութիւններում:

Արեւելեան Եկեղեցիներու Ժողով
Արեւելեան Եկեղեցիներու Ժողով

ROACO-ի (Արեւելեան Եկեղեցիներին Օգնութեան Տրամադրման Ժողով) մասնակցութիւնը Արեւելեան Եկեղեցիների Ժողովի գործունէութեանը՝ «սիւնհոդոսական» համագործակցութեան ինքնատիպ մի օրինակ է Հռոմէական Կուրիայի գերատեսչութիւններից մէկի եւ աշխարհի տարբեր երկրների բարեսիրական կազմակերպութիւնների միջեւ: Արեւելեան Եկեղեցիների Ժողովի կառավարիչը ROACO-ի նախագահն է: Սակայն ROACO-ն, որը հիմնադրուել է աւելի քան 50 տարի առաջ, այն իրականութիւնն է, որտեղ Գերատեսչութիւնը հանդէս է գալիս որպէս համակարգման, կապի եւ տեղեկատուութեան, միջոցների եւ ծրագրերի փոխանակման կենդրոն Հռոմէական Կուրիայի միաբանութեան մէջ, որը վերահսկում է աշխարհում գործող Արեւելեան Կաթողիկէ Եկեղեցիների կեանքը եւ բոլոր այն իրողութիւնները, որոնք առանձնայատուկ ուշադրութիւն են պահանջում, մասնաւորապէս՝ Արեւելեան Կաթողիկէ այն Եկեղեցիների կեանքը, որոնք տարիների ընթացքում ի յայտ են եկել տարբեր ազգերի մէջ, եւ անհրաժեշտ է համերաշխութիւն եւ յատուկ մօտիկութիւն ցուցաբերել մեր այս եղբայրներին եւ քոյրերին:

«Սիւնհոդոսական» միասնականութեան ոգով են գործում այնպիսի կազմակերպութիւններ, ինչպիսիք են. «CNEWA»-ն՝ Միացեալ Նահանգներում եւ Քանատայում, «l’Œuvre d’Orient»-ը՝ Ֆրանսայում, «Missio»-ն եւ «Misereor»-ը՝ Գերմանիայում, կամ այնպիսի հաստատութիւններ, որոնք կապուած են Գերմանիայի խոշոր թեմերի, մասնաւորապէս՝ Քյոլնի արքեպիսկոպոսութեան հետ, կամ Իտալիայի Եպիսկոպոսների Խորհուրդը եւ Միսիոնարների համագործակցութեան գրասենեակը:

«Սիւնհոդոսականութեան» համակարգը գործում է հետեւեալ կերպ. որեւէ թեմ, կրօնական միաբանութիւն, ծխական համայնք կամ կազմակերպութիւն ներկայացնում է այնպիսի ծրագիր, որը պէտք է լինի պարզ, հասկանալի եւ լաւ ծրագրուած՝ նախատեսելով նաեւ մասնակի տեղական ներդրում: Ծրագիրը պէտք է ներկայացուի համաձայն թափանցիկ գործելակերպի եւ հաշուետուութեան տրամադրման չափանիշների:

Ծրագիրը հաստատւում եւ ներկայացւում է տեղի եպիսկոպոսի կողմից, այնուհետեւ, մեզ է փոխանցւում Պապական Նուիրակութեան կարծիքի եւ հաւանութեան հետ միասին, այսինքն՝ գործում է ոչ թէ վերահսկողութեան, այլ՝ միասնականութեան շղթան: Ծրագիրը յայտնւում է «ROACO»-ի համակարգման կենդրոնում, որը՝ յայտնելով իր կարծիքը, այն յանձնում է տարբեր կազմակերպութիւնների: Ներկայացուած ծրագրերը քննարկւում են երկու անգամ: Առաջինը՝ Լիագումար նիստի ժամանակ, որը որպէս կանոն նախատեսուած է յունիսին: Այս ընթացքում Հռոմում ներկայ են բոլոր կազմակերպութիւնների ներկայացուցիչները: Սովորաբար, կազմակերպւում է նաեւ ունկնդրութիւն Սրբազան Քահանայապետի մօտ: Երկրորդ քննարկումը տեղի է ունենում յունուարին՝ «ROACO»-ի Ղեկավար յանձնախումբի կազմում: Այս գործընթացը աւելի դիւրին է: Հանդիպմանը ներկայ են միայն մի քանի կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, ինչը թոյլ է տալիս ուսումնասիրել որոշ գործեր, ինչպէս նաեւ ծրագրել յունիսի Լիագումար նիստի աշխատանքները:

2015-2020 թուականների ընթացքում, մօտաւորապէս 290 ծրագրերի համար ընդհանուր ֆինանսաւորումը կազմել է 15 միլիոն եւրոյ: Իսրայէլը 37 ծրագրերի համար ստացել է մօտաւորապէս 2 միլիոն եւրոյի աջակցութիւն, Կիպրոսը 2 ծրագրերի համար՝ 250,000 եւրոյ,  Պաղեստինը 31 ծրագրերի համար՝ մօտ 1,700,000 եւրոյ, Յորդանանը 12 ծրագրերի համար՝ մօտաւորապէս 700,000 եւրոյ, Եգիպտոսը 6 ծրագրերի համար ստացել է մօտ 500,000 եւրոյ, Լիբանանը 33 ծրագրերի համար 1,800,000 եւրոյ, Սուրիան 18 ծրագրերի համար ստացել է 1,5 միլիոն եւրոյ, Ուքրանիան 23 ծրագրերի համար՝ 1,2 միլիոն եւրոյ, Հնդկաստանը 78 ծրագրերի համար 2 միլիոն եւրոյ, Եթովպիան 11 ծրագրերի համար ստացել է աւելի քան մէկ միլիոն եւրոյ, Թուրքիան երեք ծրագրերի համար՝ մօտ 500,000 եւրոյ, եւ, այսպէս շարունակ: Իրաքը կարողացաւ օգտուել միայն երեք ծրագրերի համար՝ ստանալով մօտաւորապէս 400,000 եւրոյ, քանի որ այդ տարիներին՝ իրական վերածնունդի փոխարէն ստիպուած էինք առերեսուել Տահէշի կողմից իրականացուող աւերածութիւններին եւ մարդկանց փախուստին:

Հարկ է Գերատեսչութեան անունից առանձնայատուկ երախտագիտութիւն յայտնել այն բազմաթիւ բարերարներին, որոնք, օրինակ՝ Սուրբ Երկրին տրուող նուիրաբերութիւնների միջոցով (որից Գերատեսչութիւնը տարեկան ստանում է 35%, իսկ մնացեալ գումարը տրւում է Սուրբ Երկրի Կրօնական համայնքի եղբայրներին) փոքր տոկոսն են կազմում առաքելութեանն ուղղուած համաշխարհային դրամահաւաքի: Աւելի մեծ թիւ են կազմում անհատները, քան բարեսիրական կազմակերպութիւնները: Նրանց նուիրաբերութիւնները թէեւ քիչ են, սակայն՝ կանոնաւոր, ինչը մեզ հնարաւորութիւն է ընձեռում հիանալի աշխատանք կատարել Արեւելեան Կաթողիկէ Եկեղեցիների մեր եղբայրների եւ քոյրերի համար:

Արեւելեան Եկեղեցիների Ժողովը Հռոմում կառավարում է ութ վարժարան, որոնք իւրաքանչիւր տարի ընդունում են 200-ից 300 ուսանող (այս տարի, համաճարակային իրավիճակով պայմանաւորուած, նկատուեց ուսանողների թուի նուազում): Ուսանողներին տրուող կրթաթոշակները ապահովում են նրանց կեցութիւնը վարժարանում եւ ուսման ծախսերը: Այս ներդրումը կրթութեան մէջ՝ ներդրում է Արեւելեան Եկեղեցիների ինչպէս ներկայի, այնպէս էլ ապագայի մէջ, քանի որ քահանաներ, ճեմարանականներ եւ կրօնաւորներ, Հռոմի համալսարաններում մասնագիտական բարձր որակաւորում ստացած աշխարհական հաւատացեալներ կրթելով ոչ միայն երաշխաւորում ենք նրանց գերազանց ակադեմիական կրթութիւնը, այլեւ՝ այս առաքելութիւնն իրականացնում ենք sub umbra Petri եւ մօտ Սրբազան Քահանայապետին, որպէսզի կարողանանք նրանց դաստիարակել կաթողիկէ ոգով:

Եթէ հաշուի առնենք ուսման վարձավճարները, թոշակը, կացարանը, համալսարանական ծախսերը, գրպանի փողը, ինչպէս նաեւ շէնք-շինութիւնների պահպանութեան մշտական եւ չը նախատեսուած ծախսերը, ապա, տարեկան ծախսերը կազմում են մօտաւորապէս երեք միլիոն եւրոյ:

Քահանայապետական Արեւելեան Ինստիտուտը՝ Կանոնական Իրաւունքի Ֆակուլտետի եւ Արեւելքի Եկեղեցական Գիտութիւնների Ֆակուլտետի միջոցով ապահովում է աշխարհում գործող Արեւելեան Կաթողիկէ Եկեղեցիների ապագայ քահանաների կրթութիւնը: Այս հաստատութեանը տարեկան տրամադրւում է մէկ միլիոն եւրոյ:

Արեւելեան Եկեղեցիների Ժողովը տարեկան դրամական օգնութիւն է տրամադրում տարածաշրջանի թեմերին: Ընդհանուր տարեկան գումարը կազմում է մօտաւորապէս 4 միլիոն եւրոյ: Բազմիցս, արտահերթ դրամական օգնութիւն է յատկացուել Սուրիայում ապրող քահանաներին, որպէսզի նրանք կարողանան շարունակել իրենց վկայութիւնը տառապեալ ժողովուրդի կողքին:

Բեթղեհէմի Համալսարանը՝ որպէս կրթական կենդրոն, որը հիմնադրուել է Սուրբ Պօղոս Զ Քահանայապետի Սուրբ Երկիր կատարած այցելութիւնից յետոյ, ընդունում է ինչպէս քրիստոնեայ, այնպէս էլ մահմետական ուսանողների եւ, Քրիստոնէական Դպրոցների Եղբայրների («Lasalliens») աշխատանքի շնորհիւ, կազմակերպում նրանց կրթութիւնը: Իւրաքանչիւր տարի, Գերատեսչութիւնն այստեղ աւելի քան մէկ միլիոն տոլարի ներդրում է կատարում:

Մէկ այլ օրինակ է Լիբանանի կաթողիկէ դպրոցներում կրթաթոշակների համար ունեցած վերջին ներդրումը: Արեւելեան Եկեղեցիների Ժողովը՝ Սրբազան Քահանայապետի անունից նուիրաբերեց 100,000 տոլար:

Արտակարգ միջամտութիւններ են կատարւում նաեւ Եկեղեցւոյ կեանքի հետ կապուած առանձնայատուկ վայրերի պահպանութեան համար: Մեր ներդրումն ենք ունեցել Բեթղեհէմի Սուրբ Ծննդեան Տաճարի վերականգնման համար, որի աշխատանքները բոլորովին վերջերս աւարտուեցին: Ներդրում է իրականացուել նաեւ Սուրբ Յարութեան Տաճարի եւ սրբավայրի վերականգնման համար: Տարիների ընթացքում, վերականգնման աշխատանքների համար տրամադրուած գումարի չափը գերազանցել է կէս միլիոն տոլարը:

Ինչպէս տեսնում էք, ծախսերը բազմաթիւ են եղել, երբեմն հասնելով եկամուտների թոյլատրելի սահմանագծին, սակայն, միշտ առաջնորդուել ենք Սուրբ Պօղոսի հետեւեալ խօսքերով. «Աւելի մեծ ուրախութիւն է տալը, քան՝ ստանալը»:

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

29/01/2022, 09:47