Որոնել

Vatican News
2021.04.26 Congregazione per il Clero - il cardinale Ouellet alla sua scrivania 1

Ընտրել Եպիսկոպոս. Եկեղեցուն ծառայող մարդ, այլ ո՛չ թէ «լեռնագնաց»

Սուրբ Աթոռի գերատեսչութիւնների պատմութիւնը, նպատակը եւ «առաքելութեան պիւտճէն». հայեացք ներսից: Ինչպէ՞ս են գործում այն գերատեսչութիւնները, որոնք աջակցում են Սրբազան Քահանայապետի գործունէութեանը: Կարդինալ Մարկ Ուելլէն ներկայացնում է Եպիսկոպոսների Ժողովի աշխատանքը:

Պենետեթթա Քափելլի – Վատիկան

Չափանիշը կատարելութեան փնտռտուքը չէ, այլ մարդկային եւ հոգեւոր առաքինութիւններ ունեցող մարդկանց: Առաջին տեղում խոհեմութիւնն է, որը չի նշանակում «անվճռականութիւն կամ երկչոտութիւն», այլ՝ «հաւասարակշռութիւն գործողութիւնների եւ մտորումների միջեւ՝ այն պարտականութիւնների կատարման մէջ, որոնք պահանջում են լուրջ յանձնառութիւն եւ մեծ համարձակութիւն»:

Կարդինալ Մարկ Ուելլէն յստակ կերպով բնորոշում է եպիսկոպոսական ծառայութեան յաւակնորդի կերպարը: Կարդինալը երկար տարիներ ղեկավարում է Վատիկանի Եպիսկոպոսների Ժողովը: Այս գերատեսչութիւնն իր գործունէութիւնն իրականացնում է յստակ սահմանուած կանոնների եւ վարուելակերպի համաձայն, եւ, յանձնառութիւն ունի աջակցելու Սրբազան Քահանայապետին՝ ընտրելու հոգեւոր հովիւների, որոնց կը յանձնուեն տարբեր երկրներում գործող եկեղեցական համայնքները: Այս պարտականութիւնը կատարւում է միասնաբար՝ «հաւատքի ոգով, այլ ո՛չ թէ հաշուարկով», - ընդգծում է Կարդինալ Ուելլէն:

Առաքեալների յաջորդներին ընտրելու գործին կոչուած այս գերատեսչութեանը յանձնուած մեծ պատասխանատուութիւնը բնութագրելու համար, Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոսը հետեւեալ զօրաւոր միտքն է արտայայտել. «Այս գերատեսչութեան գործունէութեան նպատակն է հաւաստիանալ, որ ընտրուած թեկնածուի անունը, նախ եւ առաջ, յայտնուել է Տիրոջ կողմից»:

Եկեղեցւոյ կողմից այս գերատեսչութեանը յանձնուած պարտականութիւնը որոշում կայացնելու հարցում Նորին Սրբութեանն աջակցելն է: Հետեւաբար, մեր պարտքն է նախապէս կողմնորոշուել: Ինչ վերաբերում է «առաջին փուլին», ապա, այս հսկայածաւալ աշխատանքը կարող եմ հակիրճ բնորոշել երեք բառով. աղօթել, խորհրդակցել, ստուգել:

Աղօթքը՝ որպէս առաջին եւ վերջին գործողութիւն, որպէս սկզբնական եւ վերջնական պարտաւորութիւն երկնային Հօրը յայտնելու մեր դիտաւորութիւնները: Եւ, բոլորովին պատահական չէ, որ Եպիսկոպոսների Ժողովի կեդրոնական գրասենեակում կայ մատուռ, որի մէջ դրուած է Սուրբ Հաղորդութիւնը: Ամէն անգամ, երբ անցնում ենք գրասենեակի միջանցքներով՝ յայտնւում ենք այս խորհրդաւոր Ներկայութեան առջեւ, որին պարտաւոր ենք յայտնել իւրաքանչիւր գործողութեան մասին:

Խորհրդակցել. նախապատրաստական փուլը, որի մասին խօսում ենք, իր գագաթնակէտին է հասնում սիւնհոդոսական մեթոտով իրականացուած լարուած աշխատանքից յետոյ: Աստծոյ ժողովրդի, պապական նուիրակների, Լիագումար ժողովի անդամների խորհրդակցութիւնների արդիւնքում յստակեցուած տեղեկատուութիւնը հասնում է Սրբազան Քահանայապետի գրասենեակ:

Ստուգել. այսինքն, փորձել հնարաւորինս մեծ վստահութիւն ունենալ այն մասին, որ տուեալ անձը համապատասխանում է անհրաժեշտ նկարագրին:

Եպիսկոպոսներու Ժողովի մատուրը
Եպիսկոպոսներու Ժողովի մատուրը

Եպիսկոպոսութեան թեկնածուի անհատական նկարագիրը եւ ուսումնասիրութիւնը տարբեր սուբյեկտների համատեղ գործունէութեան արդիւնքն են: Իւրաքանչիւր երեք տարին մէկ անգամ, մետրոպոլիտ եպիսկոպոսների կողմից կազմւում է «promovendis» անուանացանկ, այսինքն՝ այն քահանաների անուանացանկը, ովքեր, ըստ Մետրոպոլի եպիսկոպոսների վկայութիւնների՝ արժանի թեկնածուներ կարող են լինել եպիսկոպոսական աթոռ զբաղեցնելու համար: Պապական Նուիրակութիւնը քննութեան է առնում այս թեկնածութիւնները՝ խորհրդակցելով Աստծոյ ժողովրդի հետ, ինչը բնորոշւում է առաւելագոյն գաղտնիութեամբ: Խորհրդակցական այս գործընթացում, այն անձանցից, ովքեր կարծիք են յայտնել, պահանջւում է խիստ գաղտնիութիւն պահպանել՝ տեղեկատուութեան հաւաստիութիւնը ապահովելու եւ, մասնաւորապէս, քննութեան ենթակայ թեկնածուի հեղինակութիւնը պաշտպանելու համար:

Օրուայ պահանջներին համապատասխանող լաւագոյն թեկնածուների անձնական գործերը Պապական Նուիրակութեան կողմից յանձնւում են Սուրբ Աթոռ: Սուրբ Աթոռը՝ համագործակցութեամբ Եպիսկոպոսների Ժողովի, ընդհանուր չափանիշների լոյսի ներքոյ քննութեան է առնում ներկայացուած թեկնածութիւնները, եւ, Սրբազան Քահանայապետի կողմից նշանակուած յանձնախումբի անդամների (ներկայումս 23 կարդինալներ եւ եպիսկոպոսներ ամբողջ աշխարհից) օգնութեամբ իրականացնում եզրափակիչ գնահատումը եւ արդիւնքները ներկայացնում Նորին Սրբութեանը՝ վերջնական որոշում կայացնելու համար:

Ինչպէս եւ մարդկութեանը յատուկ իւրաքանչիւր պարագայում, այնպէս էլ տեղեկութիւններ տրամադրողների մօտ կարելի է նկատել փառասիրութիւն, նախանձ եւ անձնական շահ: Այս ամէնից խուսափելու համար անհրաժեշտ է Աստծոյ ժողովրդի եւ քահանայական կրթութեան մէջ ազատութեան ոգի սերմանել: Եկեղեցին կարիքը չ’ունի «սոցիալական լեռնագնացների», ովքեր ձգտում են առաջին տեղում լինել, այլ՝ այնպիսի մարդկանց, ովքեր անկեղծօրէն ուզում են ծառայել իրենց եղբայրներին եւ ցոյց տալ նրանց հաւատքի եւ դարձի ճանապարհը:

Ի տարբերութիւն Սուրբերի Դատի Ժողովի, Եպիսկոպոսների Ժողովը ուսումնասիրում է այն թեկնածուների հովուական նկարագիրը, որոնք դեռեւս կատարեալ չեն, այլ՝ մարդիկ են, ովքեր դէպի կատարելութիւն տանող ճանապարհին են կանգնած: Եպիսկոպոսութեան առաջադրուող քահանայի համար վստահաբար մեծ կարեւորութիւն ունեն մարդկային հիմնական առաքինութիւններ համարուող աստուածաբանական եւ արմատական առաքինութիւնները, սակայն այս ամէնից զատ, այս պարտականութիւններն իրականացնելու համար ամենակարեւոր գործօնը խոհեմութիւնն է: Խոհեմութիւն չի նշանակում անվճռականութիւն կամ երկչոտութիւն, այլ՝ հաւասարակշռութիւն գործողութիւնների եւ մտորումների միջեւ՝ այն պարտականութիւնների կատարման մէջ, որոնք պահանջում են լուրջ յանձնառութիւն եւ մեծ համարձակութիւն:

Քահանայապետական դիւրազգացութիւնն անշուշտ նշանակալի ազդեցութիւն ունի ընտրութեան չափանիշների վրայ: Սուրբ Հոգին իւրաքանչիւր Քահանայապետի առանձնայատուկ «տեսութիւն» է շնորհում Եկեղեցւոյ խնդիրների եւ առաջնահերթութիւնների վերաբերեալ:

Իւրաքանչիւր հինգ տարին մէկ անգամ, աշխարհի տարբեր կողմերից ժամանող եպիսկոպոսների «ad limina » այցելութիւնները սիւնհոդոսական այն միասնութիւնն են, որ եպիսկոպոսներն ապրում են Սրբազան Քահանայապետի եւ նրա գործունէութեանն աջակցող Գերատեսչութիւնների հետ միասին: Եպիսկոպոսների համաժողովների կողմից իրենց տարածաշրջանների «ներկայացումը» հոյակապ մի խճանկար է պատկերում, որի վրայ կարելի է տեսնել Աստծոյ գործը իր ողջ ազատութեան մէջ: Մինչ այցելութիւնը, իւրաքանչիւր եպիսկոպոս պէտք է լսի իր ժողովրդին եւ իր թեմ վերադառնայ ոգեւորիչ այս հանդիպումներից յետոյ, որի գագաթնակէտը Սրբազան Քահանայապետի հետ միասին՝ Սուրբ Պետրոսի շիրիմի վրայ Սուրբ Հաղորդութեան մատուցումն է, որպէսզի կարողանայ բոլորի հետ կիսել փորձառութիւնը եւ այն ամէնը, ինչ ստացել է:

Լատին Ամերիկայի հարցերով Քահանայապետական Յանձնաժողովը

Լատին Ամերիկայի հարցերով Քահանայապետական Յանձնաժողովը լիազօրուած վարչութիւն է, որը ստեղծուել է 1958 թուականին՝ Պիոս ԺԲ Պապի կողմից, եւրոպացի միսիոնարների գործուղումը Հարաւային Ամերիկա դիւրին դարձնելու համար: Տարիների ընթացքում, Եկեղեցւոյ փոփոխուող դիմագծի հետ մէկտեղ, փոխուել է նաեւ այս գերատեսչութեան նկարագիրը: Այսօր միսիոնարների հոսքը ունի նաեւ հակառակ իմաստ: Լատին ամերիկեան ցամաքամասի քահանաները քայլում են առաջին միսիոնարների անցած ճանապարհներով՝ այս անգամ Աւետարանի խօսքը եւրոպական երկրներ հասցնելու համար: Վերջին տարիներին, Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոսի յորդորով, Յանձնաժողովն իր ուշադրութիւնը կեդրոնացրել է երկխօսութեան եւ զարգացման վրայ, ինչը կը նպաստի կաթողիկէ ցամաքամասի առաջնահերթութիւնների եւ ապագայի վերաբերեալ տեսութիւնը խթանելուն:

Յանձնաժողովը միաւորում է 20 անդամներից բաղկացած յանձնախումբ, որը մասնակցում է տարածաշրջանի ապագային վերաբերող մտքերի եւ դիրքորոշումների փոխանակման լիագումար նիստերին: Ինձ համար յատկապէս յիշարժան էր 2018 թուականի Լիագումար ժողովը. «Կինը՝ Լատին Ամերիկայի մէջ Եկեղեցւոյ եւ հասարակութեան հիմնասիւն» խորագրով:

23/11/2021, 08:54