Որոնել

Vatican News
Պետական Քարտուղար Կարդինալ Փիեթրօ Փարոլինը Պետական Քարտուղար Կարդինալ Փիեթրօ Փարոլինը 

Պետական Քարտուղարութիւնը. Գերատեսչութիւն, որ գործում է ի սպաս եւ աջակցութիւն Սրբազան Քահանայապետի:

Սուրբ Աթոռի գերատեսչութիւնների պատմութիւնը, նպատակը եւ «առաքելութեան պիւտճէն». հայեացք ներսից: Ինչպէ՞ս են գործում այն գերատեսչութիւնները, որոնք աջակցում են Սրբազան Քահանայապետի գործունէութեանը: Կարդինալ Փիեթրօ Փարոլինը ներկայացնում է Վատիկանի Պետական Քարտուղարութիւնը:

Ալեսսանտրօ Տէ Քարոլիս – Վատիկան

Երեք մասնաճիւղ եւ գործունէութեան մէկ հորիզոն, որը համընկնում է Երկիր մոլորակի հորիզոնի հետ: Պետական Քարտուղարութիւնը կոչուած է աջակցելու Սրբազան Քահանայապետին՝ Սուրբ Աթոռը ղեկավարելու եւ ընդհանրական Հովուի իր գործունէութիւնը իրականացնելու գործում: Համաշխարհական մի խումբ, որը սերտօրէն համագործակցում եւ աշխատում է Նորին Սրբութեան կողքին՝ համակարգելով Կուրիայի Գերատեսչութիւնների միջեւ գործառոյթները, եւ, արդէն չորրորդ տարին է, ինչ զբաղւում է նաեւ Քահանայապետական Ներկայացուցչութիւնների հարցերով: Կարդինալ Փիեթրօ Փարոլինն ասում է. «Համաճարակի այս շրջանում մեր պարտքն է անընդհատ յիշեցնել միջազգային հանրութեանը եւ տարբեր քաղաքական գործիչներին, թէ որոնք են համընդհանուր բարիքի եւ մարդու նկատմամբ յարգանքի պահանջները»:

Համաձայն «Pastor Bonus» Առաքելական Սահմանադրութեան՝ Պետական Քարտուղարութիւնը Գերատեսչութիւն է, որն «աջակցում է Սրբազան Քահանայապետին՝ նրա վեհ առաքելութեան իրականացման գործում»: Պետրոս Առաքեալի յաջորդի՝ Պապի բարձրագոյն առաքելութիւնն է լինել Եկեղեցւոյ մէջ յաւիտենական եւ տեսանելի հաւատքի եւ միաբանութեան սկզբունքը եւ հիմքը: Այս առաքելութիւնը բնորոշում է Պետական Քարտուղարութեան դերը: Սա Սրբազան Քահանայապետի Քարտուղարութիւնն է՝ այն գործնական եւ անմիջական գործիքը, որի միջոցով իրականացւում են բազմաթիւ առօրեայ գործեր: Որպէս օրինակ կարելի է նշել Նորին Սրբութեան նամակագրութեան եւ հաղորդակցութեան ապահովումը աշխարհի տարբեր կողմերում գտնուող եւ տարբեր լեզուներով հաղորդակցուող եպիսկոպոսների, Քրիստոնէական այլ համայնքների եւ Եկեղեցիների կամ այլ կրօնների ներկայացուցիչների, ինչպէս նաեւ՝ տարբեր երկրների քաղաքական իշխանութիւնների եւ աշխարհով մէկ սփռուած հաւատաւոր ժողովրդի հետ: Գերատեսչութիւնը զբաղւում է նաեւ քահանայապետական փաստաթուղթերի (Առաքելական Սահմանադրութիւն, Շրջաբերականներ, Ուղերձներ եւ այլն) խմբագրմամբ, թարգմանութեամբ, պաշտօնական հրատարակութեամբ, ինչպէս նաեւ Սրբազան Քահանայապետի առաքելական ճամբորդութիւնների կազմակերպմամբ:

Այսպիսով, Հռոմէական Կուրիայի ներսում, Պետական Քարտուղարութիւնը յանձնառու է պահպանելու Գերատեսչութիւնների հետ փոխյարաբերութիւնները եւ համակարգելու դրանց գործունէութիւնը, ինչը, յաճախ, պահանջում է համապատասխան հմտութիւններ՝ կապուած տարբեր գերատեսչութիւնների հետ: Պետական Քարտուղարութիւնը քննում է նաեւ այն բոլոր հարցերը, որոնք դուրս են միւս Գերատեսչութիւնների իրաւասութիւնից: Վերը թուարկուածները Պետական Քարտուղարութեան պարտականութիւններից միայն մի քանիսն են, որ իրականացւում են Ընդհանուր Գործերի Մասնաճիւղի կողմից:

Պետութիւնների հետ Յարաբերութիւնների Մասնաճիւղը կանոնաւորում է այն գործերը, որոնք պէտք է քննարկուեն քաղաքային իշխանութիւնների հետ՝ նպաստելով պետութիւնների եւ միջազգային իրաւունքի այլ սուբյեկտների հետ դիւանագիտական փոխյարաբերութիւնների զարգացմանը՝ ի շահ Եկեղեցւոյ եւ հասարակութեան, միեւնոյն ժամանակ, խրախուսելով պետութիւնների միջեւ հաշտութիւնը եւ փոխհամաձայնութիւնը, կրօնական ազատութիւնը եւ ժողովուրդների միջեւ խաղաղութիւնը: Այս Մասնաճիւղը Սուրբ Աթոռի ներկայացուցիչն է նաեւ միջազգային կազմակերպութիւններում, որտեղ բարձրաձայնում է աղքատների եւ կարօտեալների խնդիրները:

Սուրբ Աթոռի Պետական Քարտուղար Կարդինալ Փարոլին
Սուրբ Աթոռի Պետական Քարտուղար Կարդինալ Փարոլին

Դիւանագիտական անձնակազմի նկատմամբ իր ուշադրութիւնը եւ մօտիկութիւնը ցուցաբերելու համար՝ 2017 թուականի նոյեմբեր 21-ին, Նորին Սրբութիւնը հիմնեց նաեւ Սուրբ Աթոռի Դիւանագիտական Անձնակազմի Մասնաճիւղը, այսպիսով՝ ամրապնդելով Քահանայապետական Ներկայացուցչութիւնների Պատուիրակի գրասենեակի դերը: Այս Մասնաճիւղը զբաղւում է մասնաւորապէս Սուրբ Աթոռի դիւանագիտական ծառայութեան, այսինքն՝ Քահանայապետական 128 Ներկայացուցչութիւնների եւ Պետական Քարտուղարութեան մէջ աշխատող անձանց հարցերով՝ յատուկ ուշադրութիւն դարձնելով դիւանագիտական անձնակազմի կենսապայմաններին եւ շարունակական կրթութեանը: Դիւանագիտական Անձնակազմի Մասնաճիւղը՝ Եկեղեցական Քահանայապետական Ակադեմիայի Նախագահի հետ միասին, զբաղուած են այն անձանց ընտրութեամբ եւ նախնական կրթութեամբ, ովքեր պատրաստւում են անցնել դիւանագիտական ծառայութեան:

Այսպիսով, ներկայ պահին, Պետական Քարտուղարութեան ամբողջական կազմը բաղկացած է երեք մասնաճիւղերից. Ընդհանուր Գործերի Մասնաճիւղը, որի անմիջական ղեկավարն է Փոխանորդը, աջակցութեամբ՝ Խորհրդականի, Պետութիւնների հետ Յարաբերութիւնների Մասնաճիւղը, որը ղեկավարում է Քարտուղարը, աջակցութեամբ՝ երկու Օգնական Քարտուղարների (մէկը երկկողմ եւ միւսը բազմակողմ կապերի ապահովման համար), ինչպէս նաեւ Սուրբ Աթոռի Դիւանագիտական Անձնակազմի Մասնաճիւղը, որը ղեկավարում է Քահանայապետական Ներկայացուցչութիւնների Քարտուղարը, աջակցութեամբ՝ Օգնական Քարտուղարի: Այս բոլոր մասնաճիւղերը միաւորող կենդրոնական անձը Պետական Քարտուղար Կարդինալն է, ով կառավարում է Պետական Քարտուղարութիւնը:

Առաջին անգամ, Սրբազան Քահանայապետը Պետական Քարտուղարութեան կազմում ղեկավար պաշտօն է վստահել կնոջ՝ Պետութիւնների հետ Յարաբերութիւնների Մասնաճիւղի Օգնական Քարտուղար տիկին Ֆրանչեսքա Տի Ճովաննիին, ով պատասխանատու է բազմակողմ կապերի բաժնի գործունէութեան համար: Ֆրանցիսկոս Պապի որոշումը՝ տիկին Տի Ճովաննիին նշանակել Բազմակողմ կապերի բաժնի Օգնական Քարտուղարի պաշտօնում, անհերքելի ապացոյց է կանանց դերի ճանաչման, ո՛չ միայն Պետական Քարտուղարութեան կազմում, այլեւ Եկեղեցւոյ առաքելութեան մէջ: Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոսը կանանց բնորոշում է որպէս «խաղաղութեան պաշտպանների եւ բարեխօսների»: Ցաւօք սրտի, դիւանագիտական բազմակողմ յարաբերութիւններն այսօր շատերի կողմից հարցականի տակ են դրուած, հետեւաբար, վէճերը հարթելու եւ մարդկութեան համընդհանուր խնդիրների լուծման ուղիներ որոնելու համար անհրաժեշտ է ճիշտ այսպիսի առանձնայատկութիւններ ունենալ: Այս ամէնից զատ, տիկին Տի Ճովաննին այս բաժնում աշխատել է 27 տարի, ուստի, մեծ փորձառութիւն ունի:

Ընդհանուր առմամբ, Պետական Քարտուղարութեան անձնակազմը բաղկացած է տարբեր ազգերի եւ ծագման անձանցից՝ աշխարհականներ, քահանաներ, կրօնաւորներ, ովքեր աշխատում են մեծ նուիրումով եւ անձնազոհութեան ոգով: Երեք մասնաճիւղերում, ընդհանուր առմամբ, աշխատում է աշխարհի բոլոր ցամաքամասերից այստեղ ժամանած եւ տարբեր պաշտօններ զբաղեցնող 103 մարդ, որոնցից 55 կին, ի թիւս նրանց 25 կրօնաւոր: Անձնակազմի այսպիսի բազմազանութիւնը, որտեղ իւրաքանչիւրը կոչուած է իր ներդրումն ունենալու, վստահաբար մեծ հարստութիւն է՝ ի սպաս Սրբազան Քահանայապետի եւ Եկեղեցւոյ առաքելութեան: Փաստը, որ տարբեր պատմութիւններ, մշակոյթներ եւ առանձնայատկութիւններ ունեցող մարդիկ կարող են աշխատել միասին, խօսուն վկայութիւնն է բոլոր ժողովուրդների միջեւ եղբայրական եւ խաղաղ յարաբերութիւնների կառուցման:

Սուրբ Աթոռը շատ ակտիւ գործունէութիւն է ծաւալում միջազգային հանրութեան ներսում՝ որոշ առումով լինելով այն «խղճի ձայնը», որը կանչում եւ խրախուսում է բոլոր մասնակիցներին համերաշխութեան ոգով դիմակայելու ընդհանուր մարտահրաւէրներին: Հետեւաբար, ըստ էութեան, մօտեցումը բարոյական է եւ, այն գործում է միջազգային հանրութեան ներսում, որպէսզի դիւրին դարձնի եւ ընդլայնի ժողովուրդների եւ ազգերի միջեւ բարեկամական յարաբերութիւնները:

Ներկայ իրավիճակում, առաւել քան երբեւէ, անհրաժեշտ է խօսել յստակ ձայնով եւ յորդորել ազգերին չմոռանալ ոչ միայն անցեալի, այլեւ այսօրուայ հակամարտութիւնների սխալները եւ սարսափները: Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոսի տեսութիւնը, որն արմատաւորուած է Եկեղեցւոյ սոցիալական վարդապետութեան մէջ, շեշտը դնում է մասնաւորապէս մարդկային ընտանիքի միասնութեան վրայ, եւ, հետեւաբար, ընդգծում միջազգային հանրութեան կողմից համաձայնեցուած եւ բազմակողմանի կերպով մարտահրաւէրներին դիմակայելու անհրաժեշտութիւնը:

Սուրբ Աթոռի մօտեցումը չի կարող անտեսել Աստծոյ պատկերով եւ նմանութեամբ ստեղծուած մարդու տեսլականը, որի «արժէքը» ամփոփուած է նրա գերագոյն արժանապատուութեան մէջ: Մարդու, նրա բազմակողմանի զարգացման եւ նրա համընդհանուր եւ հիմնարար իրաւունքների նկատմամբ յարգանքի լոյսի ներքոյ է, որ Սուրբ Աթոռն իր բարոյական պարտքն է համարում աջակցել միջազգային հանրութեանը խաղաղութեան հասնելու ուղիների որոնման մէջ՝ խրախուսելով երկխօսութիւնը եւ եղբայրութիւնը:

Այս սկզբունքներից է բխում Սրբազան Քահանայապետի եւ Սուրբ Աթոռի ներգրաւուածութիւնը միջազգային հանրութեան օրակարգային հարցերի քննարկմանը, այդ թւում գաղթականների, փախստականների եւ տեղահանուածների նկատմամբ ստանձնած պարտաւորութիւնը: Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոսի ձայնը, անկասկած, մեկնակէտ է, որն իր նշանակալի ազդեցութիւնն ունի բազմաթիւ հարցերի վրայ, ինչը, օրինակ, նպաստել է Գաղթականների եւ Փախստականների վերաբերեալ միջազգային պայմանագրերի դրական արդիւնքին: «Laudato si» շրջաբերական նամակը, որտեղ Նորին Սրբութիւնն անդրադառնում է այն հարցերին, որոնք վերաբերում են մեր բոլորի տանը՝ չսահմանափակուելով տեխնիկական եւ գիտական կողմերով, ինչպէս նաեւ բոլորովին վերջերս լոյս տեսած «Fratelli tutti» շրջաբերական նամակը, որտեղ քննարկւում են սոցիալական եղբայրութեան եւ բարեկամութեան հարցերը՝ մեծ արձագանգ ունեցան միջազգային հանրութեան շրջանում: Միջազգային հանրութիւնը ողջունեց նաեւ Քովիտ-19-ի վերաբերեալ Վատիկանեան Յանձնաժողովի ստեղծումը, որի նպատակն էր համաճարակի հետեւանքով առաջացած առողջապահական եւ սոցիալական ճգնաժամը յաղթահարելու լուծումներ գտնելը: Ի վերջոյ, պէտք է նշել նաեւ ներգրաւուածութիւնը խաղաղութեան հաստատման եւ հակամարտութիւնների լուծման գործում, ինչպէս նաեւ այն բոլոր ջանքերը, որոնք ուղղուած են զինաթափմանը, յատկապէս՝ միջուկային: Միայն այն դէպքում կարող ենք ունենալ իրական խաղաղութիւն, եթէ սոցիալական եւ միջազգային կարգը հիմնուած լինի իրաւունքի եւ արդարադատութեան վրայ, այլ ոչ թէ ոչ-պատերազմական մի իրավիճակի, որը սակայն լի է վախով եւ միջուկային զէնքի գործադրման սպառնալիքով:

Քահանայապետական դիւանագիտութեան առաքելութիւնն է ամրապնդել Պետրոսի Աթոռի եւ տեղական Եկեղեցիների միջեւ կապը, ինչպէս նաեւ նպաստել Սուրբ Աթոռի եւ Պետութիւնների միջեւ բարեկամական յարաբերութիւնների զարգացմանը՝ յանուն համընդհանուր բարօրութեան: Այսօր այս յանձնառութիւնը ստանձնել են 128 Պապական Նուիրակութիւններ, որոնք գործում են Սուրբ Աթոռի հետ դիւանագիտական յարաբերութիւններ ունեցող 174 երկրների համար, ինչպէս նաեւ տեղական Եկեղեցիների եւ 17 միջազգային կազմակերպութիւնների մօտ գործող 12 Առաքելական Պատուիրակութիւններ: 2020 թուականի ընթացիկ եւ չնախատեսուած ծախսերը ընդհանուր առմամբ կազմել են 23,8 միլիոն եւրոյ, որից 20,1 միլիոնը կազմում է ընթացիկ, իսկ 3,7 միլիոնը չնախատեսուած ծախսերը: Բաւականին մեծ ծախսեր են պահանջուել Արեւելեան Թիմորում նոր գրասենեակի կառուցման աշխատանքների իրականացման համար: Եթէ 2020 թուականի ծախսերի տուեալները հաստատուեն, ապա, 2019 թուականի համեմատ, ծախսերը կը կրճատուեն մօտաւորապէս 3,8 միլիոն եւրոյով:

Առողջապահական արտակարգ իրավիճակը, որին այսօր բախւում ենք, եւս մէկ անգամ ընդգծում է մարդկանց կեանքի անկայուն պայմանները եւ ժամանակակից մարդու այսպէս կոչուած ինքնաբաւութեան սահմանները: Այսպիսով, այս ճգնաժամը եւս մէկ առիթ է նոր մօտեցում ցուցաբերելու եւ «հնարաւորութիւն՝ աւելի եղբայրական եւ կարեկից հասարակութիւն ստեղծելու» (Ուղերձ Միաւորուած Ազգերի Գլխաւոր Ասամբլեայի ժամանակ, 25 սեպտեմբեր, 2020թ.), ինչը պահանջում է համատեղ ջանքեր, քանի որ, ինչպէս Սրբազան Քահանայապետն է ասում. «մարդը միայնակ չի կարող փրկուել» («Urbi et Orbi», 27 մարտ, 2020թ.): Ուստի, անհրաժեշտ է նպաստել հանրային առողջութեան պահպանմանը եւ իւրաքանչիւր մարդու համար ապահովել առաջնային բժշկական օգնութեան հասանելիութիւն, այդ թւում նաեւ պատուաստանիւթերի հասանելիութիւն ամբողջ աշխարհում: Անհրաժեշտ է գտնել աշխատանքի նոր ձեւեր, որոնք իսկապէս կարող են կենսագործել մարդկային ներուժը, միեւնոյն ժամանակ՝ պահպանելով իւրաքանչիւր մարդու արժանապատուութիւնը: Հետեւաբար, Պետական Քարտուղարութեան պարտքն է շարունակ յիշեցնել միջազգային հանրութեանը եւ տարբեր քաղաքական գործիչներին, թէ ինչ է պահանջում համընդհանուր բարիքը եւ յարգանքը մարդու անձի նկատմամբ:

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

30/09/2021, 15:29