Որոնել

Vatican News
Սուրբ Պետրոսի դատարկ հրապարակը Սուրբ Պետրոսի դատարկ հրապարակը 

Վատիկանի ենթադրեալ գործարքները Աւստրալիայում. թուային սխալ:

Աւստրալիայի Ֆինանսական Տեսչութիւնը, որը յայտնում էր, թէ վերջին վեց տարիների ընթացքում 1,4 միլիառ եւրոյի փոխանցում է կատարուել՝ ընդունում է, որ հաշուարկների մէջ սխալ է տեղի ունեցել: Իրականում, խօսքը 6 միլիոն եւրոյի մասին է. «գումար, որը յատկացուած է եղել որոշ պայմանագրային պարտաւորութիւնների եւ սեփական ռեսուրսների կառավարման համար», - մեկնաբանում է Սուրբ Աթոռը:
Ունկնդրէ լուրը

Վատիկան Նիուզ

Սուրբ Աթոռից Աւստրալիա կատարուած հսկայական ֆինանսական փոխանցումների գործը պարզաբանուած է: Վերջին վեց տարիների ընթացքում իրականացուել է ոչ թէ 1,4 միլիառ եւրօ գումարի 47.000 ֆինանսական փոխանցումներ, այլ՝ 6 միլիոն եւրոյի 362 փոխանցում: Աւստրալիայի Բանկային Փոխանցումների Հաշուետուութիւնների եւ Վերլուծութիւնների Կենդրոնը (ԱԲՓՀՎԿ), այսինքն՝ Աւստրալիայի Ֆինանսական Տեսչութիւնը «The Australian» պարբերաթերթի պաշտօնական կայքէջում յայտարարութիւն հրապարակեց, որով ընդունում էր, որ գերագնահատել է բանկային այս փոխանցումների հոսքը. «Սխալ հաշուարկի պատճառը տեղեկատուութեան համակարգչային ծածկագրման սխալմունքը կարող էր լինել», - գրում է ԱԲՓՀՎԿ-ն: Իրականում, Տեսչութիւնն այս հաշուարկի մէջ ներառել էր նաեւ Իտալիայի հետ իրականացուած դրամական գործարքները:

Շաբաթներ առաջ, աւստրալիացի սենատոր Քոնչետտա Ֆիէրրաւանթի-Ուէլսի հարցին ի պատասխան ԱԲՓՀՎԿ-ն յայտարարել էր, թէ 2014-ից 2020 թուականներին Վատիկանից Աւստրալիա է փոխանցուել շուրջ 1,4 միլիառ եւրօ գումար (համարժէք 2,3 միլիառ աւստրալիական տոլարի), ընդհանուր առմամբ՝ 47.000 դրամային փոխանցում: Այսպիսի հսկայական գումարի փոխանցման անիրական լինելը անմիջապէս յայտնի դարձաւ, քանի որ ինչպէս ընդհանուր գումարի չափը, այնպէս էլ գործարքների թիւը բոլորովին չէին համապատասխանում Սուրբ Աթոռի դրամական հոսքերի հետ:

Սուրբ Աթոռի խնդրանքով՝ Աւստրալիայի Բանկային Փոխանցումների Հաշուետուութիւնների եւ Վերլուծութիւնների Կենդրոնը եւ Վատիկանի Ֆինանսական Տեղեկատուութեան Վերահսկողութեան Վարչութիւնը (ՎՖՏՎՎ) համատեղ ստուգումներ իրականացրեցին, որի արդիւնքում վերոյիշեալ գումարը զգալի նուազեց: Վերջին վեց տարիների ընթացքում Վատիկանի հետ որեւէ կապ ունեցող իրաւաբանական անձանց կողմից իրականացուած դրամական փոխանցումները կազմում են 9,5 միլիոն աւստրալիական տոլար, որ մօտաւորապէս համարժէք է 6 միլիոն եւրոյի: Նշուած ժամանակահատուածում, ընդհանուր առմամբ, իրականացուել է 362 դրամական փոխանցում:

«Սուրբ Աթոռը ի գիտութիւն է ընդունում Վատիկանի Ֆինանսական Տեղեկատուութեան Վերահսկողութեան Վարչութեան եւ Աւստրալիայի Բանկային Փոխանցումների Հաշուետուութիւնների եւ Վերլուծութիւնների Կենդրոնի կողմից համատեղ իրականացուած վերահսկողական ստուգումների արդիւնքները: Այսօր, աւստրալիական թերթերից մէկը յայտնեց, որ զգալի տարբերութիւն կայ 2014-ից 2020 թուականների ընթացքում Վատիկանի կողմից Աւստրալիայում կատարուած ֆինանսական գործարքների վերաբերեալ աւելի վաղ հրապարակուած տուեալների միջեւ. 2,3 միլիառ աւստրալիական տոլարի փոխարէն՝ 9,5 միլիոն», - նշուած է յունուարի 13-ին Սուրբ Աթոռի մամլոյ գրասենեակի հրապարակած հաղորդագրութեան մէջ»:

«Նշուած գումարի չափը պայմանաւորուած է որոշ պայմանագրային պարտաւորութիւններով եւ սեփական ռեսուրսների կառավարմամբ: Ուստի, Սուրբ Աթոռը վերահաստատում է իր յարգանքը Աւստրալիայի համապատասխան հաստատութիւնների նկատմամբ եւ իր գոհունակութիւնը յայտնում այս հարցի քննութեամբ զբաղուող վարչութիւնների համագործակցութեան վերաբերեալ», - ասւում է հաղորդագրութեան մէջ:

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

14/01/2021, 07:33