Որոնել

Vatican News
Շրջակայ միջավայրի ապականութիւնը Շրջակայ միջավայրի ապականութիւնը 

Սուրբ Աթոռի ռազմավարութիւնը ջերմոցային կազերի արտանետումները նուազեցնելու վերաբերեալ

Առաջիկայ տարիներին Սուրբ Աթոռը կը պատրաստուի գործել երկու առաջնահերթ ուղղութիւններով. մինչեւ 2050 թուականը նուազեցնել եւ զեռոյի հասցնել զուտ արտանետումները, ինչպէս նաեւ՝ խթանել համապարփակ բնապահպանական կրթութիւնը: Սոյն թուականի դեկտեմբեր 12-ին՝ կլիմայական փոփոխութիւնների վերաբերեալ կազմակերպուած ՄԱԿ-ի վիրթուալ գագաթնաժողովին ներկայացուած տեսաուղերձի մէջ Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը յայտնեց Սուրբ Աթոռի կողմից ձեռնարկուած միջոցառումների մասին:
Ունկնդրէ լուրը

Գաբրիէլլա Չէրազօ – Վատիկան Նիուզ

Կլիմայական փոփոխութիւնների վերաբերեալ ՄԱԿ-ի վիրթուալ գագաթնաժողովի ընթացքում Նորին Սրբութիւնը տեսաուղերձի միջոցով ներկայացրեց բնութեան պահպանութեանն ուղղուած Սուրբ Աթոռի յանձնառութիւնները՝ ունենալով այն խորին համոզումը, որ. «այս օրերի համաճարակը եւ կլիմայական փոփոխութիւնները […] կոչ են պատասխանատուութեան, որպէսզի կարողանանք միասնական եւ համերաշխ կերպով խթանել խնամքի մշակոյթը, որի կեդրոնը մարդկային արժանապատուութիւնը եւ համընդհանուր բարիքն են»:  

Նպատակը. կլիմայական չէզոքութիւն

Որպէս նպատակ կը դիտարկուի 2050 թուականին կլիմայական չէզոքութիւն ձեռք բերելը, ինչը ենթադրում է հաւասարակշռութեան հասնել ջերմոցային կազերի արտանետումների եւ ածխածնի արտանետումների ներծծման միջեւ: Վատիկան Պետութիւնը իրականացնելու է մի շարք ծրագրեր, որոնք ուղղուած են ջերմոցային կազերի արտանետումների նուազեցմանը, ինչպէս նաեւ դրանց ներծծման համար նպաստաւոր պայմանների ստեղծմանը, օրինակ՝ անտառների վերականգնման միջոցով:

Այս նպատակների իրագործման համար Սուրբ Աթոռը աւելի մեծ ջանքեր կը գործադրի ի նպաստ բնապահպանութեան, որպէսզի նպատակայարմար եւ ըստ անհրաժեշտութեան օգտագործուեն բնութեան բարիքները՝ ինչպիսիք են ջուրը եւ էներգիան, որպէսզի բարձրանայ էներգետիկ արդիւնաւէտութիւնը, զարգանայ թեքնոլոգիական ժառանգութիւնը եւ կայունութեան համակարգը, վերականգնուեն անտառները եւ գործող տնտեսութիւնը, յատկապէս՝ արտանետումների կառավարման գործում:

Նախաձեռնութիւններ եւ ծրագրեր, որոնց իրականացումը սկսուել է տարիներ առաջ

Տարիներ շարունակ Վատիկան Պետութիւնը յանձն է առել այնպիսի ռազմավարութիւնների իրականացումը, որոնք ապահովում են կայուն զարգացում՝ ուղղուած Երկիր մոլորակի պահպանութեանը: Իրականում, կառուցելով ֆոտոէլեկտրոնային կայաններ եւ զետեղելով արեւային համակարգեր՝ կարողացել է օգտագործել էներգիայի վերականգնուող աղբիւրները, իրականացրել է ջերմային էլեկտրոկայանների վերականգնում, ջրային պաշարների արդիւնաւէտ օգտագործում, 2019 թուականից սկսած կրճատել մէկանգամեայ օգտագործման պլաստիկէ տարաների վաճառքը, ինչպէս նաեւ՝ հեղուկ վառելանիւթով աշխատող ինքնաշարժները փոխարինել էլեկտրոնային կամ հիպրիտային շարժիչ ունեցող ինքնաշարժներով, նաեւ՝ կատարել թափօնների վերամշակում եւ օգտագործում:

Կրթութեան եւ նոր մշակոյթի կարեւորութիւնը  

Կլիմայական չէզոքութեան հասնելու համար քաղաքական եւ թեքնիքական միջոցները անհրաժեշտ են, բայց ոչ բաւարար: «Խնամքի մշակոյթը» պահանջում է նաեւ «կրթական գործընթաց», որը, մասնաւորապէս երիտասարդների մօտ, «նպաստում է նոր կենսակերպի ձեւաւորմանը, ինչպէս նաեւ՝ հաստատում զարգացման եւ կայունութեան մշակոյթային տիպարը, որը կեդրոնացած է եղբայրութեան եւ մարդկանց ու բնութեան միջեւ դաշինքի վրայ»: Կրթութիւն, որը փոխանցւում է աշխարհում գործող 216.000 կաթողիկէ դպրոցների եւ 1750 կաթողիկէ համալսարանների միջոցով, որոնք մեկնակէտ են հանդիսանում՝ կեանք տալով նոր մարդասիրութեան: 

2019 թուականի սեպտեմբեր 12-ին Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը սկիզբ դրեց Կրթութեան համաշխարհային դաշինքին, որն աւելի խորը իմաստ է ձեռք բերում համաճարակի այս ճգնաժամի համատեքստում: Այս դաշինքի կրթական ծրագիրը «տարածւում է որպէս համընդհանուր հասունութեան մի ճանապարհ, որի կեդրոնում մարդը եւ բնութիւնն են՝ ընդգծելով բնութեան պահպանութեան եւ մարդու զարգացման, ինչպէս նաեւ Երկիր մոլորակի հետ նրա կապի խիստ կարեւորութիւնը»:

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

16/12/2020, 07:33