Որոնել

Vatican News
Ամերիկացի զինծառայողներ Ամերիկացի զինծառայողներ 

Ծոցի ճգնաժամից 30 տարի անց Սուրբ Աթոռի խաղաղութեան դիւանագիտութիւնը դեռեւս շարունակում է արձագանգ գտնել

1990 թուականի օգոստոս 2-ին Իրաքի զինուած ուժերը ներխուժում են հարեւան Քուէյթ՝ պատերազմ սանձազերծելով ընդդէմ Միացեալ Նահանգների գլխաւորած միջազգային դաշինքի: Ծոցի առաջին ճգնաժամը շարունակուեց մինչեւ 1991 թուականի փետրուար 28-ը՝ ինչը Սուրբ Աթոռի եւ Յովհաննէս Պօղոս Բ Սրբազան Քահանայապետի համար պատճառ հանդիսացաւ վերահաստատելու ռազմական գործողութիւնների անյապաղ դադարեցման կոչը:
Ունկնդրէ լուրը

Օլիվիէ Բոննէլ – Վատիկան

Ծոցի առաջին ճգնաժամի եօթ ամիսների ընթացքում Յովհաննէս Պօղոս Բ Քահանայապետը իր հրապարակային ելոյթների, նամակների եւ ուղերձների միջոցով բազմիցս անդրադարձել է այս հիմնախնդրին: Այնուամենայնիւ, այս դիրքորոշումները միջազգային մամուլի կողմից քիչ լուսաբանուեցին, շատ յաճախ դառնալով «այս կամ այն ճամբարի» արձագանգը: Երբ տարածաշրջանում մարտական բախումներ էին ընթանում՝ հնչեց Նորին Սրբութեան ամենաուշագրաւ ուղերձներից մէկը՝ 1990 թուականի Սուրբ Ծննդեան « Urbi et Orbi » առաքելական պատգամը. «Ակնկալում ենք, որ անյապաղ կը կասեցուի զէնքի գործադրումը, եւ պատասխանատուները կը համոզուեն, որ պատերազմը անդառնալի մի աղէտ է: Բանականութեան, համբերութեան եւ երկխօսութեան շնորհիւ, ինչպէս նաեւ ժողովուրդների եւ մարդկանց անօտարելի իրաւունքների պաշտպանութեամբ հնարաւոր է բացայայտել եւ անցնել համաձայնութեան ու խաղաղութեան ուղիներով»: Միացեալ Նահանգների հետ դաշինք կազմած արաբական երկրների եւ Պաղտատի միջեւ հակամարտութեան ամիսները եւս մէկ առիթ էր, որպէսզի Սուրբ Աթոռը կրկնապատկէր ջանքերը՝ յորդորելով տարածաշրջանում խաղաղութիւն պահպանել եւ վերականգնել կայունութիւնը: 1990 թուականի օգոստոս ամսուայ ընթացքում « L’Osservatore Romano »-ն ամէն օր հրապարակում էր հատուածներ Պօղոս Զ եւ Յովհաննէս Պօղոս Բ Քահանայապետերի 1968 թուականից ի վեր Խաղաղութեան համաշխարհային օրուան նուիրուած ուղերձներից:  1990 թուականի նոյեմբերին Սուրբ Աթոռի Պետական Քարտուղար Կարդինալ Կասարոլին Ուաշինկթընում հանդիպում ունեցաւ Ճորճ Պուշի հետ: Վատիկանեան դիւանագիտութեան ղեկավար Գերպծ. Ժան-Լուիս Թորան մեկնեց Պաղտատ:

Սատտամ Հուսէյնին եւ Ճորճ Պուշին ուղղուած նամակները

Մինչ աշխարհը CNN-ի ուղիղ եթերով հետեւում էր «Անապատի վահան», ապա՝ «Փոթորիկ անապատում» գործողութիւններին, ծագումով լեհ Քահանայապետն անձնական նախաձեռնութիւն էր հանդէս բերում: 1991 թուականի յունուար 15-ին Նորին Սրբութիւն Յովհաննէս Պօղոս Բ-ն նամակներ է յղում ԱՄՆ նախագահ Ճորճ Պուշին եւ Իրաքի նախագահ Սատտամ Հուսէյնին: ԱՄՆ նախագահին ուղղուած նամակում մասնաւորապէս ասւում էր. «Իմ պարտքն եմ համարում յորդորով դիմել ձեզ՝ որպէս այն ազգերի առաջնորդների, որոնք ներգրաւուած են այս ռազմական գործողութիւնների մէջ: Իմ խորը համոզումն է, որ պատերազմը չի կարող միջազգային խնդիրների համար ողջամիտ լուծում լինել»: Սրբազան Քահանայապետն իր խօսքում ընդգծում է Քուէյթի ժողովուրդի ինքնիշխանութեան վերահաստատման կարեւորութիւնը. «Իմ ջերմեռանդ աղօթքներում հայցում եմ Տիրոջ ողորմածութիւնը եւ անկեղծօրէն ակնկալում, որ դեռեւս կարող ենք փրկել խաղաղութիւնը»: Իրաքի առաջնորդին յղուած նամակը պատմութեան առջեւ պատասխանատուութիւն ստանձնելու կոչ էր. «Բոլորս շատ լաւ գիտակցում ենք, թէ ինչպիսի ողբերգական հետեւանքների կը յանգեցնի Ծոցի տարածաշրջանում այս զինուած հակամարտութիւնը. ոչ միայն Ձեր միլիոնաւոր քաղաքացիների, երկրի եւ ողջ տարածաշրջանի, այլեւ՝ ամբողջ աշխարհի համար»: Նորին Սրբութիւնը նաեւ յոյս է յայտնում, որ «երկրների առաջնորդները շրջահայեաց կը գտնուեն, այնպիսի որոշումներ կ’ընդունեն եւ վճռական քայլեր կը ձեռնարկեն, որոնք սկիզբ կը դնեն դէպի խաղաղութիւն տանող ճանապարհին»:

Դիւանագիտական արդիւնաւէտ ակտիւութիւն 

1991 թուականի յունուար 17-ին Հռոմի Քուրիայի մէջ ունեցած ելոյթի ժամանակ Նորին Սրբութիւնը, անդրադառնալով տարածաշրջանում տիրող հակամարտութեանը, նշեց. «Ծոցի տարածաշրջանը ծուղակի մէջ է յայտնուել»: Սրբազան Քահանայապետը դատապարտում է «ուժեղների օրէնքները բռնի կերպով թոյլերին պարտադրելու» քաղաքականութիւնը: «Խաղաղութեան իրական ջատագովները գիտեն, որ այսօր, աւելի քան երբեւէ, ժամն է երկխօսութեան, բանակցութիւնների եւ միջազգային օրէնքների գերակայութեան: Այո՛, դեռ հնարաւոր է խաղաղութիւն ունենալ: Պատերազմը համայն մարդկութեան անկումը կը լինի»:

Փա՛ռք Տիրոջը. մարտերը դադարեցուած են

1991 թուականի փետրուար 28-ին Իրաքի զօրքը ետ քաշուեց Քուէյթից եւ Սատտամ Հուսէյնի զինուած ուժերի ձախողումը պաշտօնապէս հաստատեց Ծոցի առաջին պատերազմի աւարտը: Միացեալ Նահանգների գլխաւորած դաշինքը դադարեցնում է ռմբակոծութիւնները, ինչը շատ մեծ սփոփանք էր միջազգային հանրութեան եւ Սուրբ Աթոռի համար:

1991 թուականի մարտ 3-ի Հրեշտակ Տեառն աղօթքի ժամանակ Նորին Սրբութիւնը չի թաքցնում իր ուրախութիւնը, որ վերջապէս զէնքերը լռել են. «Աղօթում ենք եւ մեր երախտագիտութիւնը յայտնում Տիրոջը՝ Ծոցի տարածաշրջանում ռազմական գործողութիւնների դադարեցման համար, հայցում ենք Աստուծոյ ողորմութիւնը պատերազմի զոհերի եւ մխիթարութիւնը բոլոր նրանց համար, ովքեր տառապում են այս հակամարտութեան պատճառով: Մեր համերաշխութիւնը Քուէյթի ժողովուրդին, ով կարողացաւ յաղթահարել այս դժուարին փորձութիւնը եւ վերագտաւ իր անկախութիւնը (…) Մեր մօտիկութիւնն ենք յայտնում նաեւ Իրաքի ժողովուրդին եւ նրա կողքին ենք տագնապի այս օրերին, խնդրում ենք Տիրոջը, որպէսզի կայուն խաղաղութիւն հաստատի եւ այս երկիրը հնարաւորութիւն ունենայ համագործակցելու իր հարեւանների եւ միջազգային հանրութեան անդամ երկրների հետ»:

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

04/08/2020, 12:30