Որոնել

Vatican News
Ափրիկէի մէջ բուժարան մը Ափրիկէի մէջ բուժարան մը  (AFP or licensors)

Քահանայապետական համալսարանը հարցաքննութիւն է անցկացնում. հաւատքը համաճարակի օրերին:

Մինչ օգոստոսի 15-ը համալսարանն ուսումնասիրութիւն է անցկացնում՝ վերլուծելով Ափրիկէի, Ասիայի եւ Ովկիանիայի կաթողիկէների հաւատքի պահպանման վրայ Քորոնա ժահրի ունեցած հնարաւոր հետեւանքները:

Վատիկան Նիուզ

Քահանայապետական Ուրբանեան Համալսարանը «Ապրել հաւատքի մէջ՝ Քովիտ-19-ի համաճարակի օրերին» խորագրով առցանց հարցաքննութիւն է անցկացնում Ափրիկէում, Ասիայում եւ Ովկիանիայում: Երեք ցամաքամասեր, որոնք Ժողովուրդների Աւետարանացման Միաբանութեան իրաւասութեան տակ են գտնւում: Այս նախաձեռնութիւնը սկսուել է յունիս 29-ին եւ կ’աւարտուի օգոստոս 15-ին՝ փորձելով պատասխաններ գտնել այնպիսի հարցերի, ինչպիսիք են. «Ինչպէ՞ս դիմակայեցին հաւատքի այս փորձութեանը աշխարհիկ հաւատացեալները, երբ զրկուած էին եկեղեցական խորհուրդներին հաղորդակից լինելու հնարաւորութիւնից: Ինչպէ՞ս էին քահանաներն իրականացնում իրենց առաքելութիւնը, երբ ֆիզիքապէս հնարաւոր չէր մօտ լինել հաւատաւոր ժողովուրդին: Ինչպէ՞ս կարողացան կրօնաւորներն ու միանձնուհիները ապրել մեկուսացման պայմաններում»:

Ունկնդրէ լուրը

«Մենք՝ կաթողիկէներս, սովորութիւն ունենք մասնակցելու կիրակնօրեայ պատարագին, խոստովանանքի խորհուրդին եւ եկեղեցական այլ արարողութիւններին, սակայն Քովիտ-19-ի համաճարակը բոլոր երկրներում լիովին տակնուվրայ արեց հաւատքի մէջ ապրող մարդկանց կեանքը», - ասում է Համալսարանի կանոնական իրաւունքի բաժնի « Ius Missionale » ամսագրի տնօրէն՝ փրոֆէսոր Էլիաս Ֆրանկը: Աշխարհի գրեթէ բոլոր երկրներում գործող կառավարութիւնների հրահանգով փակուել են պաշտամունքի վայրերը եւ արգելուել է պատարագ մատուցել հաւատացեալների ներկայութեամբ:

«Եկեղեցին Քրիստոսի բաբախող սիրտն է»՝ կառուցուած ժայռի վրայ, ուստի, ո՛չ պաշտամունքի վայրերը փակելը, եւ ո՛չ իսկ Քովիտ-19-ի համաճարակը չեն կարող սասանել հիմը Եկեղեցւոյ, որի գլուխն է Քրիստոս: Աւելի քան վստահ ենք, որ Եկեղեցին կարող է դիմակայել ամէն տեսակ փոթորիկի», - միտքը շարունակում է փրոֆէսորը եւ ուշադրութիւն հրաւիրում այն փաստի վրայ, որ համաճարակը ստիպում է աւելի խորը մտածել. «Արդեօ՞ք Կաթողիկէ հաւատքը աւելին է, քան սոսկ կրօնական արարողութիւնների շարքը»: Այս հարցումը, որ իրականացւում է՝ միտուած է պարզելու, թէ. «Մարդիկ ինչպէ՞ս կարողացան դիմանալ հաւատքի այս փորձութեանը եւ համակերպուել այն իրողութեան հետ, որ չեն կարող Եկեղեցի այցելել: Յոյս ունենք, որ հարցման մասնակիցների պատասխաններից կարող ենք եզրակացնել, թէ հաւատացեալ ժողովուրդի համար ինչ նշանակութիւն ունի Եկեղեցին», - խօսքը եզրափակում է « Ius Missionale »-ի տնօրէնը:

Նրանք, ովքեր կը ցանկանան, կարող են անցնել հետեւեալ յղումով՝ https://forms.gle/F7Ri5WuoEvJyM3597 եւ մասնակցել հարցմանը՝ լրացնելով այս ուսումնասիրութեան համար յատուկ կազմուած հարցաթերթը:

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

 

13/08/2020, 07:11