Որոնել

ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարը Ֆրանչիսկոս Պապին հետ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարը Ֆրանչիսկոս Պապին հետ 

Համաշխարհային սպառնալիքները ենթադրում են նոր պատասխանատուութիւն:

Այս համաճարակի աւարտից յետոյ աշխարհը այլեւս նոյնը չի լինելու: Այսօր համաշխարհային առողջապահական իրավիճակը հնարաւորութիւն է ընձեռում աշխարհն ուղղորդել աւելի անվտանգ ճանապարհով, մշակել հեռահար ծրագրեր, կերտել աւելի առողջ եւ ներառական հասարակութիւն:

«Համաճարակը պէտք է տագնապի ազդանշան լինի մեզ համար: Համաշխարհային մահաբեր սպառնալիքները մի նոր կոչ են միասնութեան եւ համերաշխութեան», - իր խօսքում ընդգծում է Միացեալ Ազգերի Կազմակերպութեան (ՄԱԿ) գլխաւոր քարտուղար Անթոնիօ Կութիերեսը՝ Վատիկանի լրատուամիջոցներին տուած բացառիկ հարցազրոյցի ժամանակ: Հարցազրոյցի ընթացքում Կութիերեսն իր խորին երախտագիտութիւնն է յայտնում Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետին, ով աջակցում է աշխարհում ռազմական գործողութիւնների դադարեցման կոչին:

Բոլորովին վերջերս, ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարը խաղաղութեան կոչ ուղղեց համաճարակով համակուած աշխարհին եւ համայն մարդկութեանը: Անցեալ տարի Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոսի հետ համատեղ տեսաուղերձ հրապարակուեց՝ բոլոր պատերազմների եւ հակամարտութիւնների դադարեցման կոչով:

Անթոնիօ Կութիերեսն ասել է. «Այս մոլեգին ժահրը եւս մէկ անգամ վկայում է պատերազմի հրէշաւոր բնոյթը»:

Կութիերեսը վերստին շնորհակալութիւն յայտնելով Նորին Սրբութեանը՝ աշխարհում ռազմական գործողութիւնների դադարեցման իր կոչին, ինչպէս նաեւ Միացեալ Ազգերի Կազմակերպութեան աշխատանքներին աջակցելու եւ անմիջապէս արձագանգելու համար, ընդգծում է, որ Համայն մարդկութեան հանդէպ Սրբազան Քահանայապետի ստանձնած յանձնառութիւնը, կարեկցութիւնը եւ միասնութեան նրա կոչերը վերահաստատում են այն կարեւոր արժէքները, որոնք բնորոշում են ՄԱԿ-ի աշխատանքը եւ միտուած են մարդկանց տառապանքները մեղմելուն ու մարդկային արժանապատուութեան ապահովմանը:

«Աշխարհի հակամարտութեան գօտիներին ուղղուած իմ հաղորդագրութիւնը շատ պարզ էր. մարտական գործողութիւնները պէտք է կասեցուեն, որպէսզի կարողանանք կեդրոնանալ մեր ընդհանուր թշնամու՝ COVID-19-ի դէմ», - ասում է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարը:

Մինչ օրս հակամարտութեան դադարեցման կոչը հաւանութեան է արժանացել 115 կառավարութիւնների եւ տարածաշրջանային կազմակերպութիւնների, քաղաքացիական հասարակութեան աւելի քան 200 խմբաւորումների, ինչպէս նաեւ այլ կրօնական առաջնորդների կողմից: Տասնվեց զինուած խմբաւորումներ բռնութեանը վերջ դնելու յանձնառութիւն են ստանձնել: Միլիոնաւոր մարդիկ առցանց ստորագրել են օգնութեան կոչը: Սակայն մարդիկ շարունակում են թերահաւատօրէն մօտենալ այս ամէնին, եւ դժուար է կեանքի կոչել մեր ստանձնած պարտաւորութիւնները, որոնք կարող են բարելաւել հակամարտութեան զոհերի վիճակը:

ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի ներկայացուցիչները եւ յատուկ յանձնակատարները շարունակական աշխատանքներ են իրականացնում աշխարհի տարբեր երկրներում՝ առաջնահերթութիւնը տալով մարդու առողջութեանն ու անվտանգութեանը:

Կութիերեսը նկատում է, որ վերջին շրջանում շատ կարեւոր է համարւում ընտանիքներում խաղաղութեան պահպանումը: Աշխարհում ամէնուր, համաճարակի բռնկմանը եւ տարածմանը զուգընթաց, կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնութեան դէպքերի անհանգստացնող աճ է արձանագրուել: Ուստի, գլխաւոր քարտուղարն իր ուղերձում կոչ է անում կառավարութիւններին, քաղաքացիական խմբաւորումներին, տարբեր կրօնների առաջնորդներին եւ հետեւորդներին, ինչպէս նաեւ բոլոր նրանց, ովքեր կարող են աջակցել այս հարցում՝ դատապարտել կանանց եւ աղջիկների դէմ ամէն տեսակ բռնութիւն եւ պաշտպանել հաւասարութեան հիմնական սկզբունքները:

«Վախը ամենաշատ վաճառուող ապրանքանիշն է», - ասել է Անթոնիօ Կութիերեսը հրապարակուած հարցազրոյցներից մէկի ժամանակ: COVID-19 համաճարակը սոսկ համաշխարհային առողջապահական արտակարգ իրավիճակ չէ: Վերջին շաբաթների ընթացքում նկատւում է, որ նոր թափ է ստացել դաւադրութեան տեսութիւնը: Որոշ դէպքերում լրագրողներ, առողջապահական մարզի մասնագէտներ կամ մարդու իրաւունքների պաշտպաններ թիրախում են յայտնուել պարզապէս այն բանի համար, որ իրենց գործն են կատարում:

«Այս ճգնաժամի սկսուելուց յետոյ կազմակերպութիւնների եւ երկրների միջեւ համերաշխութեան կոչ եմ ուղղում: Խնդրանքով դիմել եմ ոչ միայն կրթական հաստատութիւններին, որպէսզի ուշադրութիւն դարձնեն թուային մշակոյթի ձեւաւորմանը, այլեւ՝ լրատուական միջոցներին, մասնաւորապէս՝ սոցիալական ցանցերի միջոցով գործող կազմակերպութիւններին անել աւելին՝ թոյլ չտալու ազգայնական, կնատեաց եւ կործանարար այլ հետեւանքներ բովանդակող նիւթերի հաղորդումը՝ համաձայն մարդու իրաւունքների միջազգային օրէնսդրութեան», - ասում է գլխաւոր քարտուղարը:

Վճռորոշ է կրօնական առաջնորդների դերը իրենց համայնքներում եւ դրանց սահմաններից դուրս փոխադարձ յարգանք զարգացնելու գործում: Նրանք կարող են կասկածի տակ առնել իրականութեանը չհամապատասխանող եւ խեղաթիւրուած տեղեկութիւնները: Բոլոր համայնքներում խրախուսում են զերծ մնալ բռնութիւն գործադրելուց, մերժել օտարատեացութիւնը, ազգայնամոլութիւնը եւ ամէն տեսակ անհանդուրժողութիւն:

ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարն իր խօսքում նշում է, որ այսօր մարդիկ ստիպուած են առերեսուել ապատեղեկատուութեան համաճարակին՝ ինչը, վատագոյն դէպքում, կարող է վտանգել մարդկային կեանքեր:

«Բարձր եմ գնահատում լրագրողներին եւ այն բոլոր մարդկանց, ովքեր ներգրաւուած են սոցիալական ցանցերում հաղորդուող տեղեկատուութեան եւ հրապարակումների իսկութիւնը պարզելու գործում», - նշում է Կութիերեսը:

Այս ջանքերը պահպանելու համար Միացեալ Ազգերի Կազմակերպութեան գլխաւոր քարտուղարը հանդէս է եկել նոր նախաձեռնութեամբ, որը կրում է «Verified» անունը: Նախաձեռնութեան նպատակն է իրականութեանը համապատասխանող եւ փաստերի վրայ հիմնուած տեղեկատուութիւն փոխանցել մարդկանց:

Կարեւոր է կրօնական առաջնորդների դերը հաղորդակցման հարցում Կառավարութիւններին աջակցելու գործում: Անհրաժեշտ է հետեւել հանրային առողջութեան պահպանութեանն ուղղուած Համաշխարհային Առողջապահական Կազմակերպութեան յորդորներին՝ պահպանել սոցիալական հեռաւորութիւն եւ հիգիենայի կանոնները, այսպիսով՝ հերքելով ստայօդ տեղեկութիւնները եւ ասեկօսէները:

Հասարակութեան շրջանում բազմաթիւ քննադատութիւններ են հնչում Առողջապահութեան Համաշխարհային Կազմակերպութեան (ԱՀԿ) հասցէին: Սակայն պէտք է նշել, որ ԱՀԿ-ն եւ ՄԱԿ-ի ողջ համակարգը պայքարի մէջ են մտել ժամանակի հետ, որպէսզի փրկեն կեանքեր, խուսափեն աշխարհում սովի տարածումից, մեղմեն ցաւը եւ ծրագրեն վերականգնման աշխատանքները:

«7,6 միլիառ տոլար արժողութեամբ համաշխարհային մարդասիրական գործողութիւնների ծրագիր ենք մշակել բնակչութեան ամենախոցելի խաւի՝ այդ թւում իրենց սեփական երկրներում գաղթականներ եւ տեղահանուածներ դարձած մարդկանց համար: Մինչ օրս նուիրատուները մօտաւորապէս մէկ միլիառ տոլարի առատաձեռն խոստումներ են տուել: Ես շարունակում եմ իմ քարոզչական գործունէութիւնը, որպէսզի այս ծրագիրը ամբողջովին ֆինանսաւորուի»:

ՄԱԿ-ի մատակարարման ցանցը յանձնուել է զարգացող երկրների տնօրինութեանը: Թեստերի, շնչառական սարքերի եւ բժշկական դիմակների միլիոնաւոր փաթեթներ են առաքուել աւելի քան 100 երկրներ: Համերաշխութեան թռիչքներ են իրականացուել Ափրիկէի, Ասիայի եւ Լատին Ամերիկայի տասնեակ երկրներ՝ նրանց հասցնելով ինչպէս բժշկական պարագաներ եւ դեղորայք, այնպէս էլ բժիշկների անմիջական օգնութիւնը: 

Ի սկզբանէ ՄԱԿ-ում ձեւաւորուել է փորձագիտական յանձնախումբ՝ զեկոյցների եւ հակիրճ տեղեկագրերի շարք պատրաստելու, որպէսզի միջազգային հանրութեանը արդիւնաւէտ եւ համակարգուած վերլուծութիւններ եւ խորհուրդներ տրամադրուեն (https://www.un.org/en/coronavirus/un-secretary-general):

Բոլոր երկրների՝ ներառեալ ամենահզօր տէրութիւնների համագործակցութիւնը եւ ներդրումը շատ կարեւոր են ոչ միայն COVID-19-ի դէմ պայքարի, այլեւ՝ համաշխարհայնացման եւ անվտանգութեան մարտահրաւէրները վեր հանելու գործում:

Համաճարակը ցոյց տուեց, թէ որքան խոցելի է աշխարհը, եւ այս խոցելիութիւնը չի սահմանափակւում մեր առողջապահական համակարգերով, այն հարուածում է աշխարհի բոլոր երկրներին եւ դրանցում գործող բոլոր հաստատութիւններին:

Փոխկապակցուած աշխարհում մեզանից ոչ ոք ապահովագրուած չէ, եթէ ապահովագրուած չէ ողջ աշխարհը:

Անթոնիօ Կութիերեսը հեղինակն է “ACT Accelerator” նախաձեռնութեան, որը ենթադրում է համաշխարհային համագործակցութիւն եւ նպատակ է հետապնդում արագացնել նոր գիտական ուսումնասիրութիւնների իրականացումը, ապահովել COVID-19-ի դէմ պատուաստանիւթի մշակումը, ինչպէս նաեւ հիւանդութեան ախտորոշման եւ բուժման հասանելիութիւնը բոլորին:

Մշակուող պատուաստանիւթը եւ բուժումը պէտք է հասանելի լինեն ոչ թէ որոշ երկրների կամ տարածաշրջանների համար, այլ՝ համայն մարդկութեան:

Համաճարակն ամենուրէք ի ցոյց է դնում անհաւասարութիւնները՝ տնտեսական, առողջապահական ծառայութիւնների հասանելիութեան եւ շատ այլ հարցերում:

Վերջին երեք տասնամեակների ընթացքում առաջին անգամ աղքատութեան ցուցանիշը կարող է աճ գրանցել եւ, 500 միլիոն մարդ աղքատութեան շեմին յայտնուի: Այդ իսկ պատճառով ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարը հանդէս է գալիս ի պաշտպանութիւն համաշխարհային օգնութեան ծրագրի, որը կազմում է համաշխարհային տնտեսութեան 10%-ը:

Եթէ զարգացած երկրները կարող են եւ արդէն իսկ ձեռնամուխ են եղել նման միջոցառումների իրականացմանը՝ ի հաշիւ սեփական պաշարների եւ դրամական միջոցների, ապա՝ զարգացող երկրները կարիքն ունեն մեծածաւալ եւ հրատապ օգնութեան:

Միջազգային դրամական ֆոնտը հաստատել է զարգացող երկրների առաջին խումբին յատկացուող ֆինանսական օգնութիւնը: Համաշխարհային դրամատունը առկայ եւ նոր դրամական միջոցների հաշուին, գալիք 15 ամիսների ընթացքում, կարող է տրամադրել 160 միլիառ տոլարի ֆինանսաւորում: G20-ը հաստատել է վճարումների կասեցումը՝ ի հաշիւ ամենաաղքատ երկրների պարտքի մարման:

Այս համաճարակի աւարտից յետոյ աշխարհը այլեւս նոյնը չի լինելու: Այսօր համաշխարհային առողջապահական իրավիճակը հնարաւորութիւն է ընձեռում աշխարհն ուղղորդել աւելի անվտանգ ճանապարհով, մշակել հեռահար ծրագրեր, կերտել աւելի առողջ եւ ներառական հասարակութիւն:

Անհրաժեշտ է, որպէսզի կառավարութիւնները վերահսկողութիւն իրականացնեն եւ տնտեսութիւնների վերականգնմանն ուղղուած դրամական միջոցները ներդրուեն ապագայի եւ ոչ թէ անցեալի մէջ:

Պահն է եկել վճռականութիւն դրսեւորելու COVID-19-ի յաղթահարման եւ ստեղծուած ճգնաժամից դուրս գալու գործում՝ կառուցելով աւելի լաւ աշխարհ բոլորի համար:

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

27/05/2020, 20:48