Որոնել

Vatican News
Աստուածային Ողորմութեան առաքեալ՝ Սրբուհի Ֆաուսթինա Աստուածային Ողորմութեան առաքեալ՝ Սրբուհի Ֆաուսթինա 

Հոկտեմբեր 5-ը Աստուածային Ողորմութեան առաքեալ՝ Սրբուհի Ֆաուսթինայի յիշատակութեան օր:

2000 թուականին, Սուրբ Յովհաննէս Պօղոս Բ-ի կողմից սրբադասուելուց յետոյ, Ֆաուսթինայի անունը՝ ում յաճախ անուանում էին նաեւ Աստուածային ողորմութեան առաքեալ, մեծ արագութեամբ տարածուեց եւ յայտնի դարձաւ համայն աշխարհի Աստուծոյ ժողովուրդի շրջանում՝ ինչպէս հոգեւորականների, այնպէս էլ աշխարհիկ հաւատացեալների:

Հրանուշ Սարգսեան - Վատիկան

«Իմ ողորմութեան շնորհների միակ ակունքը վստահութիւնն է: Որքան մեծ է վստահութիւնը, այնքան մեծ շնորհ է ստանում հոգին»:  Խօսքեր, որոնք Քրիստոս փոխանցում է Սրբուհի Ֆաուսթինայի միջոցով

Ունկնդրէ լուրը

2020 թուականի մայիս 18-ին, Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի որոշման հիման վրայ, Աստուածային Պաշտամունքի եւ Խորհուրդների Մատակարարման Ժողովը հրապարակեց հրամանագիր՝ համաձայն որի, Հռոմէական Ծիսական օրացոյցում պէտք է ընդգրկուի Սրբուհի Ֆաուսթինա Քովալսքայի յիշատակութեան օրը: Սոյն հրամանագիրը ստորագրուած է Կառավարիչ Կարդինալ Ռոպեր Սարայի եւ Քարտուղար Արքեպիսկոպոս Արթուր Ռոշէի կողմից:

«Նրա ողոր­մու­թիւ­նը սերն­դից սե­րունդ իր եր­կիւ­ղած­նե­րի վրայ է» (Ղուկ. 1:50): Այս խօսքերով Սուրբ Կոյս Մարիամը փառաբանում է Տիրոջ փրկագործութեան ծրագիրը՝ յանուն մարդկային սերունդների: Աստուածամօր օրհներգութիւնն իր արձագանգը գտաւ Սրբուհի Ֆաուսթինա Քովալսքայի հոգեւոր գործունէութեան մէջ: Սրբուհին՝ իրեն տրուած աստուածային շնորհով, կարողացաւ Քրիստոսի մէջ տեսնել ողորմած Հօր դէմքը՝ դառնալով Նրա աւետաբերը:

Հրամանագրի մէջ ներկայացուած է կենսագրական հակիրճ տեղեկութիւն Ֆաուսթինա Քովալսքայի մասին. «Սրբուհի Ֆաուսթինան ծնուել է 1905 թուականին՝ Լեհաստանի Գլոգովեց գիւղում եւ վախճանուել 1938 թուականին՝ Քրաքովում: Նա իրեն վիճակուած վաղանցիկ կեանքը ապրեց Ողորմութեան Տիրամօր Միաբանութեան քոյրերի մօտ: Ողջ կեանքի ընթացքում Սրբուհին անշեղօրէն հետեւեց իր կոչմանը, որը նախանշուած էր Տիրոջ կողմից եւ ապրեց աստուածային լիառատ շնորհների հոգեւոր ներդաշնակութեան մէջ: Իր հոգու Օրագիրն այն սրբավայրն է, որտեղ տեղի էին ունենում Յիսուսի հետ հանդիպումները: Այս Օրագրի էջերում նա պատմում է իր հոգեւոր ապրումները: Աստուած Սէր եւ Ողորմութիւն է: Լսելով Տիրոջ ձայնը՝ նա հասկացաւ, որ մարդկային խեղճութիւնը չի կարող չափուել այն ողորմութեան հետ, որն առատօրէն յորդում է Քրիստոսի սրտից: Այսպիսով, Սրբուհի Ֆաուսթինան ներշնչանքի աղբիւր դարձաւ մի շարժման համար, որի նպատակը Աստուածային Ողորմութեան ջերմեռանդութեան տարածումն էր ամբողջ աշխարհում:

2000 թուականին, Սուրբ Յովհաննէս Պօղոս Բ-ի կողմից սրբադասուելուց յետոյ, Ֆաուսթինայի անունը՝ ում յաճախ անուանում էին նաեւ Աստուածային ողորմութեան առաքեալ, մեծ արագութեամբ տարածուեց եւ յայտնի դարձաւ համայն աշխարհի Աստուծոյ ժողովուրդի շրջանում՝ ինչպէս հոգեւորականների, այնպէս էլ աշխարհիկ հաւատացեալների:

Հրամանագրի մէջ մասնաւորապէս նշւում է. «Քննութեան առնելով քահանաների, կրօնաւորների եւ Եկեղեցւոյ բարեպաշտ զաւակների միաւորումների խնդրագրերը, ընդառաջելով նրանց փափաքին, նկատի առնելով Սրբուհի Ֆաուսթինայի հոգեւոր ազդեցութիւնը ամբողջ աշխարհում՝ հրապարակուեց Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոսի որոշումը՝ համաձայն որի Կոյս, Սրբուհի Մարիա Ֆաուսթինա (Հելենա) Քովալսքայի անունը պէտք է արձանագրուի Հռոմէական Ծիսական Օրացոյցում՝ յիշատակութեան օր սահմանելով Հոկտեմբեր 5-ը»:

Սուրբ Պատարագ եւ Ժամերգութիւններ մատուցելու համար այս յիշատակութեան օրը պէտք է ընդգրկուի բոլոր օրացոյցների եւ պատարագամատոյցների մէջ՝ հաստատելով հրամանագրին կից գրութիւնները, որոնք պէտք է թարգմանուեն, արտօնուեն եւ Աստուածային Պաշտամունքի եւ Խորհուրդների Մատակարարման Ժողովի վաւերացումից յետոյ՝ հրապարակուեն Եպիսկոպոսական Համաժողովների կողմից:

19/05/2020, 08:26