Որոնել

Vatican News
Սուրբ Աթոռի Պետքարտուղար Փիեթրօ Փարոլին Սուրբ Աթոռի Պետքարտուղար Փիեթրօ Փարոլին 

Սուրբ Աթոռի Պետքարտուղար Փիեթրօ Փարոլինը պաշտօնական այցով Վրաստանում է:

Կարդինալի այցի նպատակը Վրաստանի կառավարութեան, Վրաց Ուղղափառ Եկեղեցու հետ երկկողմ յարաբերութիւնների առաւել սերտացմանը նպաստելն է, ինչպէս նաև տօնելը՝ Վրաստանում Կաթողիկէ Եկեղեցու ներկայութեան մի քանի պատմական իրադարձութիւնների յոբելեանները:

2019թ. դեկտեմբերի 27-ին պաշտօնական այցով Վրաստան ժամանեց Սուրբ Աթոռի Պետքարտուղար Կարդինալ Փիեթրօ Փարոլինը: Բարձրաստիճան եկեղեցականին Թիֆլիսի օդակայանում դիմաւորեցին Հայաստանում և Վրաստանում Պապական Նուիրակ Խոսէ Արքեպիսկոպոս Բեթենկուրը, Կովկասի լատինածէս կաթողիկէների Առաջնորդ Եպս. Ջուզեպպե Բազոտտոն, Հայաստանի, Վրաստանի Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէների Առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայէլ Արքերս. Մինասեանը, ում ուղեկցում էին Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը, Հոգշ. Հ. Միքայէլ Վրդ. Խաչկալյանը և Արժ. Տ. Գրիգոր Աւագ Քահանայ Մկրտչեանը: Կարդինալ Փարոլինը Վրաստանում կշարունակի իր այցը մինչև դեկտեմբերի 30-ը: Կարդինալի այցի նպատակը Վրաստանի կառավարութեան, Վրաց Ուղղափառ Եկեղեցու հետ երկկողմ յարաբերութիւնների առաւել սերտացմանը նպաստելն է, ինչպէս նաև տօնելը՝ Վրաստանում Կաթողիկէ Եկեղեցու ներկայութեան մի քանի պատմական իրադարձութիւնների յոբելեանները, որոնցից են Հարաւային Կովկասում լատինածէս կաթողիկէների առաքելական վարչութեան հիմնադրման 25-ամեակը, Ջաւախքում հայ կաթողիկէ համայնքների վերահաստատման և վերակազմակերպման 30-ամեակը, Վրաստանի Կարիտասի հիմնադրման 25-ամեակը, Վրաստանում Սբ. Մայր Թերեզայի Գթութեան քոյրերի առաքելութեան 30-ամեակը, Ստիգմատի հայրերի միաբանութեան Վրաստանում առաքելութեան հիմնադրման 25-ամեակը, Ժան Վանիեյի «Հաւատ ու լոյս» միութեան հիմնադրման 25-ամեակը, Սբ. Յովհաննէս Պօղոս Բ Քահանայապետի Վրաստան այցելութեան 20-ամեակը:

Սուրբ Պատարագ Վրաստանի մէջ
Սուրբ Պատարագ Վրաստանի մէջ

 Այս յոբելեանները տօնելու դիտաւորութեամբ յաջորդ օրը՝ ժամը 16:00-ին, Թիֆլիսի Սուրբ Կոյսի Վերափոխման Կաթողիկէ Մայր Տաճարում Վսեմաշուք Կարդինալ Փարոլինը մատուցեց Սուրբ Պատարագ՝ առընթերակայութեամբ Պապական Նուիրակ Արքեպիսկոպոս Բեթենկուրի, Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի, Եպս. Բազոտտոյի, Ադրբեջանի Առաքելական Պրեֆեկտ Եպս. Վլադիմիր Ֆեքեթի, Վրաց Քաղդէական Կաթողիկէ Եկեղեցու Առաջնորդ Բենյամին Բեթ Յադեգարի և ներկայութեամբ հայ կաթողիկէ, լատինածէս կաթողիկէ հոգևորականների, միաբան հայրերի և քոյրերի, համայնքների հաւատացեալների:

Կարդինալ Փարոլին
Կարդինալ Փարոլին

Կարդինալ Փարոլինն իր քարոզում խօսեց Տիրոջ Սուրբ Ծննդեանը յաջորդող Բեթղեհէմի մանուկների կոտորածի մասին և արեց մի հարցադրում՝ ինչու՞ էր Հերովդէսը վախենում Աստծոյ Արքայութեան գալուստից: Պատասխանելով այդ հարցին՝ Կարդինալն ասաց, որ ի զուր էր Հերովդէսի վախը, որովհետև Յիսուսը չէր գալիս՝ տիրելու աշխարհի թագաւորութիւններին, այլ գալիս էր հաստատելու մի նոր թագաւորութիւն, որը հիմնուած էր սիրոյ վրայ, այն սիրոյ, որ Յիսուս ցոյց տուեց՝ մորթուելով որպէս Գառ: Բայց Աստծոյ թագաւորութիւնը, որ եկաւ հաստատելու Յիսուսը, մշտապէս մերժուել է պատմութեան ընթացքում, բացատրեց Կարդինալը.

 «Նահատակների վկայութիւնը ցոյց է տալիս, որ Աւետարանի հռչակումը երբեք խաղաղ, անցաւ իրականութիւն չի եղել… Երբ քրիստոնէական համայնքը բացէ ի բաց հռչակում է Բարի լուրը և վկայում է այդ մասին կեանքով, երբ սատար է կանգնում իւրաքանչիւր մարդ անհատի արժանապատւութեանը և դառնում ամենաթոյլերի, ամենաաղքատների ձայնը, երբ փնտրում է ճշմարտութիւն և արդարութիւն, ապա գրեթէ անհրաժեշտաբար քրիստոնէական համայնքը կարող է անյարմար լինել իշխանութեան, տիրապետման և ստրկացման տրամաբանութեան համար: Յիսուսի աշակերտները գիտեն դա, բայց Աստծոյ շնորհով նրանք չեն կարող թողնել իրենց առաքելութիւնը»:

 Կարդինալ Փարոլինն անդրադարձ կատարեց Վրաստանում Կաթողիկէ Եկեղեցու անցած ճանապարհին, վերջին 25 տարիների հսկայական վերազարթօնքին և ասաց.

«Յոբելենական այս տարին թող լինի խորհրդածութեան մի պահ՝ ամփոփելու ճամփորդութիւնը՝ նորացուած խանդավառութեամբ՝ դէպի Աստծոյ ապագան: Ես հրաւիրում եմ բոլոր հաւատացեալներին քայլել միասին՝ Սուրբ Կոյս Մարիամի՝ Եկեղեցու Մօր հայեացքի ներքոյ, և սովորել Նրանից ունենալ մեծ սիրտ ու հոգի, որ գիտի ինչպէս ներել սխալները և հետ հայեացք գցել՝ Աստծոյ տեսանկիւնից»:

Այս օրերին Կարդինալ Փարոլինը հանդիպել է Վրաստանի երեք ծէսերի՝ Հայ, Լատին և Քաղդէական կաթողիկէների համայնքների ներկայացուցիչների հետ, ինչպէս նաև պաշտօնական հանդիպումներ ունեցել Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Իլիա Բ-ի և այլ բարձրաստիճան հոգևորականների հետ:

Կարդինալը դեկտեմբերի 28-ին այցելել է նաև Վրաստանի այն տարածքների սահմանագիծ, որոնց իրաւական կարգավիճակի շուրջ տարաձայնութիւններ կան Վրաստանի և Ռուսաստանի, ինչպէս նաև այլ երկրների և միջազգային կառոյցների միջև՝ ռուս-վրացական 2008թ. հինգօրեայ պատերազմից հետևանքով:

 Կարդինալ Փարոլինը հանդիպումներ է ունեցել նաև Վրաստանի Վարչապետի, Խորհրդարանի նախագահի և այլ պաշտօնեաների հետ, ինչպէս նաև այցելել «Ներքին տեղահանուած անձանց ճամբարը»՝ Ցերովանիում, որտեղ կան տեղահանուած 6500 անձինք:

Տ. Հովսեփ Գալստյան

Թղթակցությամբ՝ Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանի

30/12/2020, 08:53