Որոնել

Հանդիպում Լեզվոս կղզիի գաղթականներունն հետ Հանդիպում Լեզվոս կղզիի գաղթականներունն հետ

Եկէք թոյլ չտանք, որ մեր ծովը վերածուի ամայացած մահուան ծովի. Ֆրանչիսկոս Պապ

Սրբազան Քահանայապետը հինգ տարի անց կրկին այցելում է Լեզվոս կղզի՝ ապաստանեալներին հանդիպելու և միջազգային հասարակութեան ուշադրութիւնը նորից գաղթականութեան երևոյթի վրայ կենտրոնացնելու նպատակով. «Քոյրեր և եղբայրներ, ձեր դէմքերը, ձեր աչքերը խնդրում են մեզ երես չթեքել, չուրանալ մեզ միաւորող մարդկութիւնը, ձեր պատմութիւնները դարձնել մերը և չմոռանալ ձեր ողբերգութիւնները»: Քահանայապետին ուղեկցում էր Յունաստանի Նախագահ Կատերինա Սակելարոպուլուն:
Ունկնդրէ լուրը

Վատիկան նիուզ – Հայկական բաժին

«Քոյրեր և եղբայրներ, կրկին այստեղ եմ ձեզ հանդիպելու համար: Այստեղ եմ ասելու, որ մօտ եմ ձեզ: Այստեղ եմ ձեր դէմքերը տեսնելու, ձեր աչքերի մէջ նայելու: Վախով ու սպասումներով լի աչքերի, բռնութիւն ու աղքատութիւն տեսած աչքերի, անչափ արցունքներից ակօսուած աչքերի»: Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետն այս արտայայտութիւններով է դիմել Լեզվոս կղզում գտնուող գաղթականներին՝ ազդուած հինգ տարի առաջ 2016 թուականի ապրիլի16-ին Տիեզերական Պատրիարք և «իր սիրելի եղբայր» Բարթողոմէոսի այդ նոյն վայրում արտասանած խօսքերից, ով ասել էր. «Նրանք, ովքեր վախենում են ձեզանից, ձեր դէմքերը չեն տեսել։ Նրանք, ովքեր վախենում են ձեզանից, չեն տեսնում ձեր երեխաներին։ Մոռանում են, որ արժանապատուութիւնն ու ազատութիւնը յաղթահարում են վախն ու պառակտումը: Մոռանում են, որ գաղթականութիւնը Մերձաւոր Արևելքի և Հիւսիսային Աֆրիկայի, Եւրոպայի և Յունաստանի խնդիրը չի։ Դա աշխարհի խնդիրն է»:

Գաղթականութեան հարցը դեռևս սարսափելիօրէն բաց է մնում

Դա իսկապէս համաշխարհային խնդիր է, շարունակել է Պապը մարդասիրական ճգնաժամ, որը բոլորին է վերաբերում։ Համավարակը, որը ստիպել է բոլորին նոյն նաւի մէջ զգալ, ստիպել է հասկանալ մեզ, թէ ինչ է նշանակում ունենալ նոյն վախերը: Ու մինչ դժուարութիւններով քայլեր են արւում, օրինակ, պատուաստումները կամ կլիմայական փոփոխութիւնների դէմ պայքարը իրականացնելու ուղղութեամբ, գաղթականութեան հարցը դեռևս սարսափելիօրէն բաց է մնում: Ֆրանչիսկոսը նշել է, որ պատրանք է կարծել, որ ամենաթոյլներից պաշտպանուելով՝ կպաշտպանես ինքդ քեզ։ Ապագան աւելի լաւը դարձնելու համար մեզ ոչ թէ միակողմանի գործողութիւններ են պէտք, այլ հեռուն գնացող քաղաքականութիւն։ Պատմութիւնը, կրկնել է Քահանայապետը, սովորեցնում է, բայց մենք դեռ չենք սովորել։ Մի շրջէք մէջքն իրականութիւնից, դադարեցրէք պատասխանատուութիւնը շարունակաբար միմեանց վրայ ձգելը։

Արդեօք պէտք չէ՞ պաշտպանել մարդկանց և մարդու իրաւունքների նկատմամբ յարգանքը, մի մայրցամաքում, որը միշտ խթանում է դրանք աշխարհում

«Քոյրեր և եղբայրներ, ձեր դէմքերը, ձեր աչքերը խնդրում են մեզ երես չթեքել, չուրանալ մեզ միաւորող մարդկութիւնը, ձեր պատմութիւնները դարձնել մերը և չմոռանալ ձեր ողբերգութիւնները: Այս կիրակի օրը ես աղօթում եմ առ Աստուած, որպէսզի մեզ արթնացնի մոռացութիւնից հանդէպ տառապողներին, ցնցի մեզ անհատականացումից, արթնացնի խուլ սրտերը ուրիշների կարիքների համար», հաւաստիացրել է Ֆրանչիսկոս Պապը, ապա շարունակել. «նաև խնդրում եմ իւրաքանչիւր մարդու. եկէք յաղթահարենք վախի կաթուածը, սպանիչ անտարբերութիւնը, անպարկեշտ անհոգութիւնը, որը թաւշեայ ձեռնոցներով դատապարտում է անտեսուածներին: Մենք ի սկզբանէ հակադրւում ենք գերիշխող մտքին, որը պտտւում է սեփական ես-ի, անձնական ու ազգային եսասիրութիւնների շուրջ, որոնք դառնում են ամեն ինչի չափանիշը»։

«Բարթողոմէոս և Հիերոնիմոս եղբայրների հետ այստեղ կատարած այցելութիւնից հինգ տարի անց մենք տեսնում ենք, որ Եւրոպայում կան մարդիկ, որ գաղթականութեան խնդրին յամառօրէն վերաբերւում են որպէս իրենց չվերաբերող գործարքի։ Քանի՞ թեժ կէտեր, որտեղ գաղթականներն ու փախստականներն ապրում են սահմանային գօտիներում՝ առանց հորիզոնում ակնառու լուծումների», կրկին իր ձայնն է բարձրացրել Սրբազան Քահանայապետը և տարակուսել, որ արդեօք պէտք չէ՞ պաշտպանել մարդկանց և մարդու իրաւունքների նկատմամբ յարգանքը, մի մայրցամաքում, որը միշտ խթանում է դրանք աշխարհում: Ցաւալի է լսել, որպէս լուծումներ, համայնքային միջոցների հաշուին պատեր կառուցելու առաջարկը։

Այս ենթատեքստում, Պապը շնորհակալութիւն է յայտնել բազմաթիւ կամաւորներին, տեղի բնակչութեանը ովքեր մեծ ջանքեր են գործադրում բազմաթիւ զոհողութիւնների գնով հոգալու գաղթականների կարիքները:

Ֆրանչիսկոսը մէջբերել է անցեալ դարի մեծագոյն ողբերգութեան ականատես Էլի Վէյզելի խօսքերը. «Երբ մարդկային կեանքերը վտանգի տակ են, երբ վտանգուած է մարդկային արժանապատուութիւնը՝ ազգային սահմանները դառնում են անէական» (Խաղաղութեան Նոպէլեան մրցանակն ընդունելու ելոյթ, 10 դեկտեմբերի 1986թ.):

Գաղափարներին կողմնակալ մօտեցում ցուցաբերելու փոխարէն օգտակար կլինի մօտեցումը հիմնել իրականութեան վրայ:

Սրբազան Քահանայապետը ընդգծել է, որ անվտանգութիւնն ու համերաշխութիւնը, տեղականն ու համընդհանուրը, աւանդոյթն ու բաց լինելը գաղափարապէս հակադրելու փոխարէն հարկաւոր է կանգ առնել, ընդլայնել մեր հայեացքը, խորացնել այն մարդկութեան մեծամասնութեան, մարդասիրական արտակարգ իրավիճակներից տուժած բազմաքանակ բնակչութեան խնդիրների մէջ, որոնց առաջացման պատասխանատուները նրանք չեն, այլ դրանց հետևանքների ուղղակի կրողներն են:

«Գաղափարներին կողմնակալ մօտեցում ցուցաբերելու փոխարէն օգտակար կլինի մօտեցումը հիմնել իրականութեան վրայ», ընդգծել է Պապը:

Դիւրին է հասարակական կարծիքը ուղղորդել՝ ուրիշի հանդէպ վախ սերմանելով: Այդ նոյն ջանքը պէտք է ուղղորդել, սակայն, խօսելով աղքատների նկատմամբ շահագործումից, մոռացուած և յաճախ շռայլօրէն ֆինանսաւորող պատերազմներից, մարդկանց հաշուին կնքուած տնտեսական պայմանագրերից, զէնքի մաքսանենգութեան և դրանց առևտուրը ընդլայնելու գաղտնի հնարքներից, ազդարարել է Սրբազան Պապը և յորդորել, որ պէտք է հակազդել այդ իրականութիւններին՝ համաձայնեցուած գործողութիւնների միջոցով: Միաժամանակ անհրաժեշտ է խրախուսել դանդաղ ու անփոխարինելի ընդելուզումը, եղբայրական և պատասխանատու կերպով այլոց մշակոյթներն ու աւանդոյթները ընդունելը և հիւրընկալելը:

Միջերկրականը առանց տապանաքարերի սառը գերեզմանատուն

Վերսկսելու համար Պապը հրաւիրել է նայել անմեղ և մեր ապագան հանդիսացող երեխաների դէմքերին և քաջութիւն գտնել ամաչելու նրանցից։ Նրանք դիմում են մեր խղճին և հարց ուղղում. «Ի՞նչ աշխարհ էք ուզում մեզ տալ»: Միջերկրականը, որը հազարամեակներ շարունակ միաւորել է տարբեր ժողովուրդների ու երկրների, այսօր ներկայանում է, որպէս առանց տապանաքարերի սառը գերեզմանատուն։ Շատ քաղաքակրթութիւնների օրրան հանդիսացող այդ մեծ աւազանը այժմ մահուան հայելու է նման: Եկէք թոյլ չտանք, որ «mare nostrum»-ը վերածուի ամայացած «mare mortuum»-ի: Թոյլ չտանք, որ այս «յիշողութիւնների ծովը» վերածուի «մոռացութեան ծովի». Խնդրում եմ, եկէք դադարեցնենք քաղաքակրթութեան խորտակումը։

Ֆրանչիսկոս Պապը ընդգծել է, որ հաւատքը պահանջում է կարեկցանք և ողորմութիւն: Այն իր վերջնական դրսևորումը գտնում է Յիսուսի մէջ, յատկապէս Բարի Սամարացու առակում (հմմտ. Ղուկաս 10:29-37) և Աւետարանի 25-րդ գլխի Մատթէոսի խօսքերով (հմմտ. հ. 31-46): Դա կրօնական գաղափարախօսութիւն չէ, դրանք քրիստոնէական առարկայական արմատներն են։ Յիսուսը հանդիսաւոր կերպով հաստատում է, որ ինքը այնտեղ է՝ օտարի, փախստականի մէջ, նրանում, ով մերկ է, ով քաղցածի է: Եւ քրիստոնէական ծրագիրը պէտք է լինի այնտեղ, որտեղ Յիսուսն է:

Աւարտին Պապը հրաւիրել է աղօթել Տիրամօրը. «որպէսզի մեր աչքերը բացի եղբայրների տառապանքների վրայ։ Աստուածամայրը, որ մարդկանց մէջ տեսնում է Աստծոյ զաւակներին, քոյրերին և եղբայրներին, որոնց պէտք է ընդունել, պաշտպանել, խթանել և ընդելուզել, թող օգնի մեզ մայրական հայեացք ունենալ: Եւ սիրել քնքշօրէն: Թող Բոլոր Սրբերը մեզ սովորեցնեն գաղափարներից ու գաղափարախօսութիւններից առաջ դասել մարդկային իրականութիւնը և արագ քայլեր ձեռնարկել տառապողների նկատմամբ»:

Յիշեցնենք, որ Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը՝ Կ. Պոլսոյ Տիեզերական Պատրիարք Բարթողոմէոսի եւ Աթէնքի ու Համայն Յունաստանի Առաջնորդ Հիերոնիմոս Արքեպիսկոպոսի ընկերակցութեամբ, Լեզվոս կղզի էր այցելել 2016 թուականի ապրիլի16 –ին:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

05/12/2021, 10:53