«Սովի դէմ պայքարը պահանջում է յաղթահարել շուկայական տրամաբանութիւնը» Ֆրանչիսկոս Պապ
Վատիկան Նիոուզ
Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը 2021թ․ Պարենի համաշխարհային օրուայ կապակցութեամբ ուղերձ է յղել ՖԱՕ-ի Գլխաւոր Քարտուղար Քու Տոնկիուին։
Պապը նշել է, որ ամէն տարի նշուող այս օրը յաւակնոտ նպատակ է դնում մեր առջև՝ ուղղուած սովը վերջնականապէս յաղթահարելուն։
Կայուն շրջակայ միջավայրի առկայութեան պայմաններում բոլորին հասանելի՝ համարժէք և մատչելի սննդակարգ
Ֆրանչիսկոսը յիշատակելով այս տարուայ թեման՝ «Մեր գործողութիւնները մեր ապագան են: Աւելի լաւ արտադրութիւն, աւելի լաւ սնուցում, աւելի լաւ միջավայր և աւելի լաւ կեանք», ասել է, որ այդ նպատակի իրականացումը պահանջում է համատեղ գործողութիւնների անհրաժեշտութիւն` ապահովելու համար կայուն շրջակայ միջավայրի առկայութեան պայմաններում բոլորին հասանելի՝ համարժէք և մատչելի սննդակարգ․ «մենք բոլորս կարող ենք համագործակցել [...] արարչագործութեան խնամքի համար, իւրաքանչիւրն իր մշակոյթով և սեփական փորձով, նախաձեռնութիւններով և կարողութիւններով» (Laudato sì կոնդակ, n.14):
Սրբազան Քահանայապետը նշել է, որ մի իւրատեսակ յարակարծիքի առջև ենք գտնւում՝ մի կողմից 3 հազար միլիոն մարդ սննդարար ուտելիքի հնարաւորութիւն չունի, միւս կողմից 2 հազար միլիոն մարդ տառապում է գիրութեամբ վատ սննդակարգի և անշարժ ապրելակերպի հետևանքով․ «Եթէ չենք ցանկանում վտանգել մեր մոլորակի և մեր ամբողջ բնակչութեան առողջութիւնը, ապա պէտք է խրախուսենք բոլոր մակարդակներում փոփոխութիւնների նպատակով գործունեայ մասնակցութիւնը և վերակազմակերպենք սննդի համակարգերն ամբողջութեամբ:»
Յաղթահարել զուտ տնտեսական օգուտի վրայ կենտրոնացած շուկայական սառը տրամաբանութիւնը
Ֆրանչիսկոսը նշել է 4 բնագաւառ, ուր հրատապ անհրաժեշտութիւն կայ գործելու՝ հողատարածքներում, ծովում, սեղանին և սննդի վատնման և կորուստի կրճատման մէջ։
Պապը յորդորել է արտադրողներին և սպառողներին բարոյագիտական և կայուն որոշումներ կայացնել և բարձրացնել երիտասարդ սերունդների իրազեկութիւնը՝ առանց սովի աշխարհ կառուցելու նրանց կատարած քայլերի հետ կապուած: Նա ասում է նաև, որ․ «Մեզանից իւրաքանչիւրը կարող է իր ներդրումն ունենալ այս վեհ գործում՝ սկսած մեր առօրեայ կեանքից մինչև ամենապարզ արարքները:»
Սովի դէմ պայքարը պահանջում է յաղթահարել զուտ տնտեսական օգուտի վրայ կենտրոնացած շուկայական սառը տրամաբանութիւնը և ամրապնդել համերաշխութեան տրամաբանութիւնը:
Սրբազան Քահանայապետն աւարտել է նամակն ասելով, որ Սուրբ Աթոռը և Կաթողիկէ եկեղեցին քայլում են ՖԱՕ-ի և բոլոր այն կառոյցների և մարդկանց հետ, ովքեր լաւագոյնս են գործում, որպէսզի ոչ ոքի իրաւունքները չվնասուեն կամ անտեսուեն։ Պապը Ամենակարող Աստծոյ օրհնութիւնն է հայցել բոլոր նրանց համար, ովքեր նուիրուածութեամբ և առատաձեռնութեամբ պայքարում են աշխարհում թշուառութեան և սովի դէմ: