Որոնել

Vatican News

«Դուք հասնում էք գագաթին միայն, եթէ խորը արմատներ ունէք». Ֆրանչիսկոս Պապ։

Հանդիպում Հունգարիայի Եկեղեցիների Տիեզերական Խորհրդի ներկայացուցիչների և հրէական որոշ համայնքների հետ
Ունկնդրէ լուրը

Վատիկան Նիուզ

Ֆրանչիսկոս Պապը Պուտաբեշտի Գեղարուեստի թանգարանում հանդիպեց Հունգարիայի Եկեղեցիների Տիեզերական Խորհրդի ներկայացուցիչների և հրէական որոշ համայնքների հետ: Այս առթիւ Պապը իր ելոյթը սկսեց շնորհակալութիւն յայտնելով տարբեր կրօնների ներկայացուցիչներին կողք կողքի գտնուելու փափագի համար.

«Ես ձեզ տեսնում եմ, եղբայրներ մեր հայր Աբրահամի հաւատքի մէջ: Շատ բարձր եմ գնահատում այն յանձնառութիւնը, որի վկան էք եղել` անցեալի բաժանարար պատերը քանդելու համար. հրեաներ և քրիստոնեաներ, ովքեր ցանկանում են միւսի մէջ այլևս օտարի չտեսնել, այլ ընկերոջ, այլեւս ոչ հակառակորդի, այլ եղբօր: Սա Աստծոյ կողմից օրհնուած հայեացքի փոփոխութիւն է, դարձ, որը բացում է նոր ելագծեր, մաքրագործում, որը նորացնում է կեանքը»:

Աստուած միշտ խաղաղութեան ծրագրեր ունի և երբեք՝ դժբախտութեան 

Պապը պատահական չի համարում, որ Սուրբ Գրքում Տիրոջ հետևորդները միշտ, ինչպէս Աբրահամը, լքելով տունը, ազգականներին և հայրենիքը երկար ճանապարհ են կտրում անցնում՝ հասնելու նոր հողեր և տարածքներ: Այդ ենթատեքստում Պապը կոչ է անում «լքել անցեալի թիւրըմբռնումները, իրաւացի լինելու յաւակնութիւնները և միւսներին սխալի մէջ մեղադրելը, որպէսզի կանգնենք նրա խոստումի խաղաղութեան ճանապարհին, որովհետև Աստուած միշտ խաղաղութեան ծրագրեր ունի և երբեք՝ դժբախտութեան (հմմտ. Եր.29,11)»:

Խթանել կրթութիւնը առ եղբայրութիւն

Ֆրանչիսկոսը Պուտաբեշտի «Շղթայի Կամրջի» ոգեշնչող պատկերը օրինակ բերելով ասել է, որ կամուրջը կապում, միացնում է քաղաքի երկու հատուածները, այլ ոչ թէ միաձուլում և աւելացրել. «Ամէն անգամ, երբ գայթակղութիւն է եղել կլանել միւսին, չի կառուցուել, այլ աւերուել է. նոյնը վերաբերում է, երբ ցանկութիւնը ոչ թէ ընդելուզել, այլ կղզիացնելն է եղել: Պատմութեան մէջ քանի՞ անգամ է այդպէս պատահել: Մենք պէտք է զգօն լինենք և աղօթենք, որպէսզի դա չկրկնուի: Եւ պարտաւորենք միասին խթանելու կրթութիւնը առ եղբայրութիւն, որպէսզի այն աւերող ատելութեան պոռթկումները չլինեն յաղթող»:

Յանուն եղբայրութեան խթանման աշխատանքը

Եւրոպայում և այլուր թաքնուած հակասեմական սպառնալիքի պատրոյգը վնասազերծելու լաւագոյն միջոցը Պապը համարում է միասնական ուժերով յանուն եղբայրութեան խթանման աշխատանքը: «Կամուրջը մեզ շարունակում է դեռ կրթել. Այն ամրացուած է մեծ շղթաներով, որոնք կազմուած են բազմաթիւ օղակներից: Մենք այդ օղակներն ենք և իւրաքանչիւր օղակ հիմնարար է. հետևաբար, մենք այլևս չենք կարող ապրել կասկածանքով և տգիտութեան մէջ, մէկս միւսից հեռու և տարաձայն»:

Սրբազան Քահանայապետը համարում է, որ նրանք ովքեր ներկայացնում էք մեծամասնութեան կրօնները և ում դերն օրինակելի է բոլորի համար, առաջադրանք ունեն՝ աջակցելու, որպէսզի կրօնական ազատութիւնը յարգուի և խթանուի բոլորի համար:

Կամուրջը  յիշեցնում է անցեալը

Ֆրանչիսկոս Պապը շարունակելով զուգադրութիւնը առանձնացրել է Շղթայի Կամրջի պատկերի մէկ այլ առանձնայատկութիւնը ասելով, որ, բացի ամենայայտնին, քաղաքում նա նաև ամենահին կառոյցն է: Ուստի, կամուրջը հրաւիրում է յիշելու անցեալը, ուր տառապանքի, խաւարի, թիւրիմացութիւնների և հալածանքների կողքին կայ ընդհանուր՝ ու աւելի մեծ, հոգևոր ժառանգութիւն, որն էլ թոյլ է տալիս միասին ապագայ կառուցել:

Սրբազան Քահանայապետը մէջբերելով Հունգարիայի մեծ բանաստեղծ ծագումով հրէա Միկլոշ Ռադնոտիին, ով համակենտրոնացման ճամբարում փակուած՝ մարդկութեան ամենամռայլ ու այլասերուած անդունդում, շարունակել է մինչև իր մահը բանաստեղծութիւններ գրել և շարունակել ընդգծել արմատների կարևորութիւնը, ասել է.

Գագաթին հնարաւոր է հասնել միայն խորը արմատներ ունենալու դէպքում

«Մենք նոյնպէս կոչուած ենք արմատներ դառնալու: Մենք յաճախ փնտրում ենք պտուղները, արդիւնքները, հաստատումը: Բայց Նա, ով ստիպում է իր Խօսքին պտուղ տալ երկրի վրայ անձրևի նոյն քաղցրութեամբ, որը դաշտը ծլեցնում է (տե՛ս 55:10), յիշեցնում է մեզ, որ մեր հաւատի ճանապարհները սերմեր են. Սերմեր, որոնք վերածւում են ստորգետնեայ արմատների, արմատներ, որոնք սնուցում են յիշողութիւնը և ծլեցնում ապագան: Սա այն է, ինչ մեր հայրերի Աստուածն է խնդրում մեզանից, քանի որ, ինչպէս գրել է մէկ այլ բանաստեղծ, Աստուած սպասում է այլուր, նա սպասում է ամէն ինչի ներքևում: Վարը: Որտեղ արմատներն են (Ռ.Մ. Ռիլկե, Ամպերի նկարիչ Վլադիմիրը)»:

«Դուք հասնում էք գագաթին միայն, եթէ խորը արմատներ ունէք», շարունակել է Պապը և աւարտել, որ «Միայն եթէ խաղաղութեան արմատներ և միասնութեան ծիլեր լինենք, մենք արժանահաւատ կլինենք աշխարհի աչքերում, որը մեզ է նայում, յոյսի ծաղկման կարոտով»:

12/09/2021, 10:43