Որոնել

Vatican News

Սրբազան Քահանայապետի հանդիպումը Սլովաքիայի հրեայ համայնքին հետ։

«Սիրելի եղբայրներ և քոյրեր, ձեր պատմութիւնը մեր պատմութիւնն է, ձեր ցաւերը` մեր ցաւերը: … Մենք միասնական ենք, - կրկնում եմ, - դատապարտելով բոլոր բռնութիւնները, հակասեմականի բոլոր ձևերը և աշխատելով ապահովել, որ մարդ արարածի մէջ Աստծոյ կերպարը չպղծուի»

Վատիկան Նիուզ

Սրբազան Քահանայապետի Սլովաքիա առաքելական այցելութեան հերթական կայանատեղին «Ձկան» հրապարակն էր՝ «Ռիբնե Նամեստիեն», ուր Ֆրանչիսկոսը հանդիպել է հրէա համայնքի հետ:

Խորհրդանշական յատուկ իմաստ ունեցող Ռիբնե Նամեստիեում Սան Մարթինոյի կամ, ինչպէս ընդունուած է անուանել Թագադրման Տաճարի, կողքին ժամանակին վեր է խոյացել մի Սինակոկ: Երկու համայնքների խաղաղ համակեցութեան այդ պատկերով ազդուած՝ Պապը, ներկաներին ողջունելուց յետոյ ասել է. «Այստեղ ես նոյնպէս «սանդալներս հանելու» կարիք եմ զգում, քանի որ յայտնւում եմ մի վայրում, որը օրհնուած է մարդկանց եղբայրութեան կողմից՝ Բարձրեալի անունով»:

Յիշողութիւնը չի կարող և չպէտք է զիջի մոռացութեանը

Ֆրանչիսկոսը յատկապէս յիշատակել է հարուստ անցեալ պարփակող հրապարակի ցաւոտ էջերը, մարդկային այն խելացնորութիւնն ու ատելութիւնը, որոնց զոհ են դարձել աւելի քան հարիւր հազար հրէա, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Իսկ պատերազմին յաջորդած կոմունիստական կառավարման տարիները աւարտել են կիսատ թողածը՝ աւերելով նաև Սինակոկը:

«Սիրելի եղբայրներ և քոյրեր, ձեր պատմութիւնը մեր պատմութիւնն է, ձեր ցաւերը` մեր ցաւերը: … Մենք միասնական ենք, - կրկնում եմ, - դատապարտելով բոլոր բռնութիւնները, հակասեմականի բոլոր ձևերը և աշխատելով ապահովել, որ մարդ արարածի մէջ Աստծոյ կերպարը չպղծուի», ասել է Սրբազան Քահանայապետը:

Շոահի հուշահամալիրի վրայ եփրայերէն «Zachor» («Յիշի՛ր») գրութիւնը ազդակ է բոլորի համար առ այն, որ. «Յիշողութիւնը չի կարող և չպէտք է տեղի տայ մոռացութեանը, քանի որ եղբայրութեան տևական արշալոյս չի լինի, եթէ նախապէս չկիսուի և չփարատուի գիշերի խաւարը»:

Պապը շեշտել է նաև, որ հրապարակը այնուամենայնիւ այն վայրն է, ուր յոյսի լոյսն է փայլում, որ «Chanukia» մոմակալի առաջին լոյսը, որ ամէն տարի վառւում է այնտեղ, ցրիւ անում է խաւարը, որ նորացմանն ու կեանքինն են վերջին խօսքերը, որ նոյնիսկ եթէ Սինակոկը քանդուել է, համայնքը դեռ ներկայ է, ապրում է և բաց է երկխօսութեան. «Այստեղ մեր պատմութիւնները կրկին հանդիպում են: Այստեղ մենք միասին հաստատում ենք Աստծոյ առաջ մերձեցման և բարեկամութեան ճանապարհը շարունակելու կամքը», ասել է Ֆրանչիսկոսը:

Աշխարհին բաց դռներ են պէտք: Դրանք մարդկութեան համար օրհնութեան նշաններ են:

Պապը վկայակոչել է 2017 թուականին հրէա և քրիստոնեայ համայնքների ներկայացուցիչների հանդիպումը, որի արդիւնքում ստեղծուել է երկխօսութեան համատեղ յանձնաժողով Կաթողիկէ Եկեղեցու հետ, ասելով. «Լաւ է կիսել և հաղորդել այն, ինչ միաւորում է: Եւ լաւ է շարունակել, ճշմարտութեամբ և անկեղծութեամբ, յիշողութեան մաքրման եղբայրական ճանապարհով»:

Ֆրանչիսկոսը շնորհակալութիւն է յայտնել հրէա համայնքին դռները երկու կողմից բացելու համար և մաղթել, որպէսզի Ամենակարողը օրհնի նրանց, որպէսզի աշխարհն աղտոտող այսքան տարաձայնութիւնների մէջ լինեն խաղաղութեան վկաները: Շալոմ։

13/09/2021, 17:19