Որոնել

Սպասում եւ յոյս. դէպի Գալստեան (Յիսնակաց) շրջան Սպասում եւ յոյս. դէպի Գալստեան (Յիսնակաց) շրջան 

Սպասում եւ յոյս. դէպի Գալստեան (Յիսնակաց) շրջան տանող ճանապարհն անցնենք Սրբազան Քահանայապետերի հետ

Վերջին երեք Քահանայապետերից իւրաքանչիւրը առանձնայատուկ կերպով անդրադարձել է Ծիսական Տարուայ մեկնարկին: Ստորեւ ձեզ ենք ներկայացնում Սուրբ Պետրոսի գահին իրար յաջորդած վերջին երեք Սրբազան Քահանայապետերի որոշ խորհրդածութիւններ, որպէսզի լիովին ընկղմուենք այն հոգեւոր խորհուրդի մէջ, որը մեզ նախապատրաստում է Սուրբ Ծննդեան տօնին:
Ունկնդրէ լուրը

Տէլֆին Ալլէր – Վատիկան

Հռոմը նոր հազարամեակի արշալոյսին. Գալստեան առաջին կիրակի, նոյեմբեր 28, 1999 թուական: Սուրբ Պետրոսի հրապարակի վրայ «Հրեշտակ Տեառն»-ի ժամանակ Նորին Սրբութիւն Յովհաննէս-Պօղոս Բ Սրբազան Քահանայապետը կատարեց «Արտասովոր Գալստեան» շրջանի հանդիսաւոր բացումը. «Խօսքը վերաբերում է մեծ յոբելեանի Գալստեան շրջանին, որի ընթացքում՝ մեր մարդկային բնութեան խոնարհութեան մէջ նշում ենք Փրկչի գալստեան երկու հազար ամեակը»:

Մարիամը՝ որպէս Գալստեան խորհրդանիշ

Ազգութեամբ լեհ Սրբազան Քահանայապետի կարծիքով՝ «Գալստեան այս շրջանը, որ բնորոշւում է աչալուրջ եւ գործուն սպասումով եւ սնուցւում սիրով եւ յոյսով, մարեմեան ժամանակաշրջան է իր կատարելութեան մէջ»: «Մարիամը հնազանդութեամբ եւ սպասումով ընդունեց Աստուծոյ Որդուն, ով մարդացաւ: Իր այս օրինակով՝ Սուրբ Կոյսը սովորեցնում է մեզ լինել խոնարհ», - ասում է Յովհաննէս Պօղոս Բ Պապը՝ յիշեցնելով, որ «Աստուծոյ հայեացքը ուղղուած է նրանց, ովքեր խոնարհ են»: Չորս շաբաթ խոնարհութեան գալստեան սպասումով, բայց նաեւ աղօթքի եւ ներքին լռութեան արժէքի խորը գիտակցութեամբ:

Աներկբայ վստահութիւն

Երրորդ հազարամեակի սկիզբն էր, երբ Քրաքովիայից ժամանած Սրբազան Քահանայապետը Գալստեան իմաստը նոյնացրեց յոյսի եւ աչալրջութեան հետ: 2001 թուականի Գալստեան շրջանի առաջին կիրակի օրը՝ «Հրեշտակ Տեառն»-ի ժամանակ, Յովհաննէս Պօղոս Բ Սրբազան Քահանայապետը իր խօսքի մէջ յիշեց, որ «սա անդէմ Աստուծոյ զուր սպասում չէ, այլ՝ աներկբայ վստահութիւն, որ վերստին գալու է Նա, ով արդէն իսկ այցելել է մեզ»:

«Այս յոյսը կոչ է աչալրջութեան, որը ծիսական առանձնայատուկ այս ժամանակաշրջանին բնորոշ առաքինութիւն է: Աչալրջութիւն աղօթքի մէջ, որը ուղեկցւում է սպասումով, որը լի է սիրով, աչալրջութիւն ողորմածութեան եռանդուն գործերի մէջ՝ գիտակցելով, որ Տիրոջ Արքայութիւնը մօտ է այնտեղ, որտեղ մարդիկ սովորում են ապրել որպէս եղբայրներ», - ընդգծում է Նորին Սրբութիւն Յովհաննէս Պօղոս Բ Սրբազան Քահանայապետը:

Փառահեղ վերադարձ եւ Սուրբ Ծննդեան մսուրը  

Յովհաննէս Պօղոս Բ Պապին յաջորդած Պենետիկտոս ԺԶ Քահանայապետի խոհերը ժամանակի կշռի վերաբերեալ էին:

2005 թուականի Գալստեան շրջանի առաջին կիրակի. Պենետիկտոս ԺԶ Սրբազան Քահանայապետի մտքում Քրիստոնէութեան պատմութեան երկու զուգահեռ ընթացող իրադարձութիւններ են. «Նախ, նա հայեացքն ուղղում է դէպի պատմութեան մէջ իր ուխտագնացութեան վերջնական նպատակը, որ Տէր Յիսուսի փառահեղ վերադարձն է, ապա՝ մեծ յուզմունքով վերյիշելով Բեթղեհէմի մէջ Նրա ծնունդը՝ խոնարհւում մսուրի առջեւ»:

Մարդը ապրում է, քանի դեռ սպասում է

«Քրիստոնեաների յոյսը ուղղուած է դէպի ապագայ, սակայն արմատներով ամուր կառչած է մնում անցեալի իրադարձութիւններին», - ընդգծում է Պապը: Երեք տարի անց՝ 2008 թուականի Գալստեան շրջանի առաջին կիրակի. «Նախ եւ առաջ, Գալստեան շրջանը յարատեւ կոչ է, որպէսզի արթուն պահենք Քրիստոսի փառահեղ վերադարձի սպասումը, իսկ գալիք Սուրբ Ծննդեան տօնը կոչ է ընդունելու Բանը, որ մարդացաւ յանուն մեր փրկութեան», - մեկնաբանում է Պենետիկտոս ԺԶ Պապը:

2010 թուական, Գալստեան շրջանի առաջին կիրակի. «Մարդը ապրում է, քանի դեռ սպասում է, քանի դեռ նրա սրտում ապրում է յոյսը», - ասում է Նորին Սրբութիւն Պենետիկտոս ԺԶ Սրբազան Քահանայապետը:

Պատրաստ ամէն տեսակ անակնկալի

Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը այս շրջանի վերաբերեալ իր խորհրդածութիւններում անդրադառնում է Աստուծոյ խոստացած անակնկալներին. «Գալստեան շրջանը ապրել նշանակում է ընտրել բացառիկը»:

Դեկտեմբեր 1, 2018 թուական. «Մարդիկ միշտ նոր բաների կարիքն ունեն, քանի որ մենք ծնուել ենք մեծ գործերի համար»: Նորին Սրբութիւնը յորդորում է «պատրաստ լինել մեր ծրագրերը փոխելու»:

«Չպէտք է ապրել սպասումով, որը հնարաւոր չէ լեցնել, այլ, պէտք է ապրել սպասման մէջ՝ այն փափաքով, որ Տէրը մեզ համար մի նոր բան է պատրաստել: Պէտք է կարողանալ սպասել: Սպասումը շատ գեղեցիկ եւ ուրախ զգացում է», - վստահեցնում է Ֆրանցիսկոս Պապը, - «սա մի ուրախութիւն է, որ պէտք է վկայեն քրիստոնեաները ոչ թէ իրենց անգործութեամբ, այլ՝ իրական սիրով: Այսպէս, կեանքը կը դառնայ «մի մեծ նշանադրութիւն»:

Խաղաղութիւն գտնել եւ հիանալ  

4 դեկտեմբեր, 2018 թուական: Սանթա Մարթայի մէջ պատարագ մատուցելիս Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը նշում է, որ Գալստեան շրջանը նաեւ ներքին խաղաղութիւն գտնելու ժամանակաշրջան է. «Շատ յաճախ, մեր հոգին խաղաղ չէ, մենք տագնապի մէջ ենք, անհանգիստ, յուսահատ եւ, Տէրը հարցնում է մեզ. «Այսօր խաղաղ է արդեօ՞ք հոգիդ»: Եթէ տակաւին խաղաղութիւն չեն գտել մեր հոգիները, ապա՝ Սրբազան Քահանայապետը յորդորում է խնդրել, որպէսզի Քրիստոս՝ Խաղաղութեան Իշխանը, գայ եւ խաղաղութիւն պարգեւի մեր հոգիներին, որ պատրաստ լինենք Նրա հետ հանդիպմանը»:

Միեւնոյն ժամանակ, պէտք է կարողանանք հիանալ Աստուծոյ իւրաքանչիւր անակնկալի համար՝ նրան տալով «բարձրագոյն իշխանութիւնը», իսկ իրականութեան մէջ, պէտք է իմանանք մեր մերձաւորների բոլոր կարիքները՝ առանց սպասելու, որ նրանք մեր օգնութիւնը կը խնդրեն: Անհրաժեշտ է սովորել «կանխատեսել, այնպէս՝ ինչպէս Տէրն է կանխատեսում մեզ հետ կապուած ամէն բան», - ընդգծում է Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոսը՝ 2019 թուականի Գալստեան շրջանի առաջին կիրակի օրուայ «Հրեշտակ Տեառն» աղօթքի ժամանակ:

Ուստի, ապաւինե՛նք Աստուծոյ բարձրագոյն իշխանութեանը՝ յատկապէս այս տարի՝ 2020 թուականին, որը նշանաւորուեց նախադէպը չունեցող բազմաթիւ տագնապալի իրավիճակներով եւ աղէտալի դիպուածներով:

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

03/12/2020, 07:37