Cerca

Vatican News
Թուային աշխարհ Թուային աշխարհ 

Հաղորդակցութեան համաշխարհային 53րդ օրուայ պատգամի թարգմանութիւնը:

«Որովհետեւ միմեանց անդամներ ենք» (Եփս 4, 25) - Սոցիալական ցանցերի համայնքներից դէպի մարդկային համայնքներ

ՍՈՒՐԲ ԱԹՈՌ

 

ՆՈՐԻՆ ՍՐԲՈՒԹԻՒՆ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՍՐԲԱԶԱՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԻ

ՊԱՏԳԱՄԸ

ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ 53-ՐԴ ՕՐՈԻԱՅ ԿԱՊԱԿՑՈՒԹԵԱՄԲ

 

«Որով­հե­տեւ մի­մեանց ան­դամ­ներ ենք» (Եփս 4, 25)

Սոցիալական ցանցերի համայնքներից դէպի մարդկային համայնքներ

 

Սիրելի եղբայրներ եւ քոյրեր,

այն ժամանակուանից ի վեր, ինչ առաջին անգամ համացանցը դարձաւ հասանելի, Եկեղեցին միշտ փորձել է դրա գործածումն ի սպաս դնել մարդկանց շփմանը եւ բոլորի միջեւ համերաշխութեան հաստատմանը: Այս Պատգամով կը ցանկանայի կոչ անել ձեզ եւս մէկ անգամ խորհրդածելու մարդկանց հետ յարաբերութիւններ կառուցելու եւ դրանց կարեւորութեան շուրջ, ինչպէս նաեւ արդի հաղորդակցութեան համատեքստի մարտահրաւէրների բազմազանութեան մէջ վերստին բացայայտելու մարդ էակի այն ցանկութիւնը, ով չի ուզում մեկուսացած լինել եւ միայնակ մնալ:

Ցանց եւ համայնք եզրոյթների փոխաբերական իմաստները

Այսօրուայ լրատուական դաշտն այնքան լայն տարածում ունի, որ անհնար է այն տարանջատել առօրեայ կեանքից: Համացանցը մեր ժամանակի ներուժն է: Սա գիտելիքի եւ փոխյարաբերութիւնների այնպիսի մի աղբիւր է, որը նախկինում աներեւակայելի էր: Չնայած այն արմատական փոփոխութիւններին, որ նորագոյն տեխնոլոգիաները ներմուծել են արտադրական պրոցեսի, տեղաբաշխման եւ տեղեկատւութեան օգտագործման մէջ, այնուամենայնիւ, բազմաթիւ փորձագէտներ ընդգծում են նաեւ այն վտանգները, որոնք սպառնում են համաշխարհային չափերով ստոյգ տեղեկատւութիւն փնտռելուն եւ դրանով կիսուելուն: Եթէ համացանցը հանդիսանում է գիտելիք ձեռքբերելու բացառիկ հնարաւորութիւն, ապա փորձը ցոյց է տալիս, թէ ճշմարիտ է նաեւ, որ սա այն տիրոյթներից մէկն է, որն ամէնից շատն է ենթարկւում ապատեղեկատուութեանը եւ փաստերի գիտակցուած ու նպատակային խեղաթիւրմանը, ինչպէս նաեւ միջանձնային փոխյարաբերութիւններին, որոնք յաճախ օգտագործւում են մարդկանց վարկաբեկելու համար:

Անհրաժեշտ է հասկանալ, թէ ինչպէս են սոցիալական ցանցերը մի կողմից օգնում մեզ աւելի լաւ հաղորդակցուել, վերագտնել եւ աջակցել միմեանց, իսկ միւս կողմից՝ լիովին կարող են ենթարկուել անձնական տուեալների կեղծման, հիմնուած քաղաքական կամ տնտեսական շահերի վրայ, առանց անձի կամ նրա իրաւունքների նկատմամբ պատշաճ յարգանքի: Վիճակագրութիւնը ցոյց է տալիս, որ երիտասարդների շրջանում չորսից մէկը ներգրաւուած է կիբեռահաբեկչութեան միջադէպերում: [[1]]

Այս բարդ իրադրութիւնում նպատակայարմար կը լինի եւս մէկ անգամ անդրադարձ կատարել ի սկզբանէ համացանցի հիմքը հանդիսացող ցանց եզրոյթի փոխաբերական իմաստին, դրա դրական ներուժը վերստին բացայայտելու նպատակով: Համացանցի մասին պատկերացումը թոյլ է տալիս մտածել ուղղութիւնների եւ փոխադարձ կապի բազմազանութեան մասին, որոնք կենտրոնի, նուիրապետական կառուցուածքի եւ ուղղահայեաց կառավարման ձեւի բացակայութեան պայմաններում ապահովում են դրա կայունութիւնը: Համացանցը գործում է, քանի որ դրա ստորաբաժանումներից իւրաքանչիւրն իր բաժին պատասխանատուութիւնն է կրում:

Մարդաբանութեան տեսանկիւնից ելնելով, համացանցը փոխաբերական իմաստով մէկ ա՛յլ կառուցողական պատկեր է յիշեցնում. համայնք: Համայնքն անհամեմատ ուժեղ է, եթէ համախմբուած է եւ սատարում է իր անդամներին, եթէ վստահութեան զգացումով է ներշնչուած եւ համընդհանուր նպատակներ է հետապնդում: Համայնքը որպէս համերաշխութեան ցանց պահանջում է միմեանց լսելու եւ երկխօս ելու ունակութիւն, որը հիմնուած է լեզուի պատասխանատու գործածման վրայ:

Այս իրավիճակում իւրաքանչիւր ոք կարող է տեսնել, որ սոցիալական ցանցերի հասարակութիւնը ինքնաբերաբար չի զուգորդւում համայնքի հետ: Լաւագոյն դէպքում այս վիրտուալ հասարակութիւնները կարող են համախմբում եւ միասնութիւն ցուցաբերել, սակայն, յաճախ, նրանք մնում են որպէս անձանց խմբեր, ովքեր ճանաչում են միմեանց ընդհանուր հետաքրքրութիւնների կամ հոգսերի շրջանակներում, որոնց բնորոշ են թոյլ կապերը: Աւելին, սոցիալական ցանցերում ինքնութիւնը շատ յաճախ հիմնուած է մէկ ա՛յլ ինքնութեան հակադրութեան վրայ. մարդ, ով դուրս է խմբի շրջանակներից: Մենք ինքներս մեզ բնորոշում ենք աւելի շուտ սկսելով այն բանից, թէ ի՛նչն է մեզ բաժանում, քան նրանից, թէ ի՛նչն է մեզ միաւորում, ի՛նչն էլ հանգեցնում է կասկածների եւ ամէն տեսակ նախապաշարումների արտայայտմանը (էթնիկ, սեռական, կրօնական, եւ այլն): Այս միտումը խմբերին խրախուսում է բացառել բազմազանութիւնը եւ նոյնիսկ թուային միջավայրում սնում է անսանձ անհատապաշտութիւնը, որը երբեմն աւարտւում է ատելութեան կրակը բորբոքելով: Այսպիսով, այն, ինչը պէտք է հանդիսանար պատուհան դէպի աշխարհ, վերածւում է անձնական նարցիսիզմն ի ցոյց դնելու միջոցի:

Համացանցը հնարաւորութիւն է ընձեռում ուրիշների հետ կապ հաստատելու, սակայն այն կարող է նաեւ բարձրացնել մեր ինքնամեկուսացումը, նման մի որոգայթի, որը կարող է իր թակարդը գցել մեզ: Բոլորից շատ երիտասարդներն են գտնւում այն պատրանքի ազդեցութեան տակ, թէ միջանձնային յարաբերութիւնների հարթութեան վրայ սոցիալական ցանցերը կարող են լիովին բաւարարել իրենց: Գոյութիւն ունի մի վտանգաւոր երեւոյթ, «սոցիալական մեկուսացածների» վերածուելը, երբ երիտասարդներն իրենք իրենց լիովին օտարացնում են հասարակութիւնից: Այս աղէտալի իրավիճակը երեւան է բերում հասարակութեան փոխյարաբերութիւնների կառուցուածքում առկայ այն լուրջ անջրպետը, ինչը չենք կարող անտեսել:

Այս բազմադիմի եւ վտանգաւոր իրականութիւնը բարձրացնում է բարոյական, սոցիալական, իրաւական, քաղաքական եւ տնտեսական բնոյթի բազմաթիւ հարցեր, որոնք մարտահրաւէր են նաեւ Եկեղեցու համար: Մինչ կառավարութիւնները համացանցը կանոնակարգելու եւ ազատ, բաց ու ապահով ցանց ունենալու սկզբնական գաղափարը պաշտպանելու օրինական ճանապարհներ են որոնում, մենք բոլորս հնարաւորութիւն ունենք եւ պատասխանատուութիւն ենք կրում դրա դրական գործածմանը նպաստելու համար:

Ակնյայտ է, որ փոխ ըմբռնումը բարձրացնելու համար բաւարար չէ կապերը բազմապատկելը: Հետեւաբար, ինչպէ՞ս կարող ենք գտնել մեր իրական համայնական ինքնութիւնը՝ գիտակցելով այն պատասխանատուութիւնը, որ միմեանց նկատմամբ ունենք առցանց համակարգում:

Որով­հե­տեւ մի­մեանց ան­դամ­ներ ենք

Մի հնարաւոր պատասխան կարելի է ստանալ մարմնի եւ անդամների վերաբերեալ այն երրորդ փոխաբերութիւնից, որի միջոցով Սուրբ Պօղոսը բնութագրում է մարդկանց միջեւ փոխյարաբերութիւնները, հիմնուած՝ նրանց միաւորող կենդանի մարմնի վրայ: «Ուս­տի դէ՛ն գցե­ցէք ստա­խօ­սու­թիւ­նը. իւ­րա­քան­չիւրը թող իր ըն­կե­րո­ջն ասի ճշ­մար­տու­թիւ­նը, որով­հե­տեւ մի­մեանց ան­դամ­ներ ենք» (Եփս 4, 25): Միմեանց անդամները լինելու փաստն այն էական շարժառիթն է, որի միջոցով Պօղոս Առաքեալը մեզ յորդորում է մի կողմ դնել ստախօսութիւնը եւ ասել ճշմարտութիւնը: Ճշմարտութիւնը պաշտպանելու պարտաւորութիւնը բխում է հաղորդուելու փոխյարաբերութիւնները չխեղաթիւրելու անհրաժեշտութիւնից: Իրականում, ճշմարտութիւնը բացայայտւում է հաղորդութեան մէջ: Միւս կողմից, սուտը միեւնոյն մարմնի անդամները լինելու գաղափարի եսասիրական մերժումն է: Սա ուրիշներին նուիրուելուց հրաժարումն է, այդպիսով կորցնելով սեփական եսը վերագտնելու միակ ուղին:

Մարմնի եւ անդամների վերաբերեալ փոխաբերութիւնը թոյլ է տալիս խորհրդածել սեփական ինքնութեան շուրջ, որը հիմնուած է հաղորդութեան եւ տարբերութեան վրայ: Մենք բոլորս, որպէս քրիստոնեաներ, ընդունում ենք, որ անդամներն ենք միեւնոյն մարմնի, որի գլուխը Քրիստոսն է: Սա մեզ օգնում է մարդկանց չդիտարկել որպէս հնարաւոր մրցակիցների, այլ՝ նոյնիսկ թշնամիներին ընդունել որպէս անհատականութիւնների: Մենք այլեւս կարիքը չունենք որեւէ ախոյեանի, որպէսզի բնութագրենք սեփական անձը, քանի որ ամէն ինչ ընդգրկող հայեացքը, որ մեզ է փոխանցուել Քրիստոսից, թոյլ է տալիս տարբերութիւնը նորովի բացայայտելու որպէս փոխյարաբերութիւնների ու մերձաւորութեան անբաժանելի մաս եւ պայման:

Մարդկային անձերի շրջանում ըմբռնման եւ հաղորդակցման նման կարողութեան հիմքը Աստուածային Անձերի սիրոյ հաղորդութիւնն է: Աստուած Մենութիւն չէ, այլ՝ Հաղորդութիւն, Աստուած Սէր է, եւ հետեւաբար՝ հաղորդակցութիւն, քանի որ սէրը միշտ կապ է ստեղծում մարդկանց միջեւ, աւելին՝ այն փոխանցւում է, որպէսզի մէկ ուրիշի հետ հանդիպում տեղի ունենայ: Մեզ հետ հաղորդուելու եւ Իրեն մեզ հաղորդակից դարձնելու համար Աստուած յարմարւում է մեր լեզուին՝ պատմութեան միջոցով իրական երկխօսութիւն հաստատելով մարդկութեան հետ (հմմտ. Վատիկանի Երկրորդ Համամիութենական Ժողով, Դաւանաբանական Սահմանադրութիւն «Աստծոյ Խօսքը», 2):

Աստծոյ (Ով Ինքնին հաղորդութիւն եւ նուիրում է) պատկերով եւ նմանութեամբ ստեղծուած լինելու շնորհիւ մեր հոգին միշտ ձգտում է հաղորդութեան մէջ ապրելուն, քանզի իւրաքանչիւրս համայնքի մաս ենք կազմում: «Իրականում, ոչինչ այնքան չի համապատասխանում մեր բնութեանը, որքան միմեանց հետ փոխյարաբերութիւններ ստեղծելը եւ միմեանց կարիքը զգալը», - ասում է Սբ. Բարսեղ Կեսարացին: [[2]]

Այս համատեքստը բոլորիս կոչ է անում նուիրուել փոխյարաբերութիւններին եւ այսպիսով հաստատել մեր մարդասիրութեան միջանձնային բնոյթը ինչպէս համացանցում, այնպէս էլ համացանցի միջոցով: Առաւել եւս մենք՝ քրիստոնեաներս, կոչուած ենք վկայելու այդ հաղորդութիւնը, որը որպէս հաւատացեալներ մեր ինքնութեան դրոշմն է: Իրականում, հաւատքն ինքնին յարաբերութիւն է, հանդիպում, եւ Աստծոյ սէրը խթան է հանդիսանում, որպէսզի կարողանանք հաղորդակցուել, ողջունել եւ ընդունել դիմացինի նուիրումն ու պատասխանել դրան:

Սուրբ Երրորդութեան նմանութեամբ հաղորդութիւնը հէնց այն է, որով անձը զատորոշւում է անհատից: Հաւատքից, որ Աստուած Երրորդութիւն է, բխում է այն հանգամանքը, որ լինելու համար այնպիսին, ինչպիսին որ կամ, կարիքն ունեմ ուրիշների: Ես իսկապէս մարդ և անձ եմ միայն այն ժամանակ, երբ յարաբերութիւններ եմ հաստատում ուրիշների հետ: Արդարեւ, «անձ» եզրոյթը մարդկային էակին բնորոշում է որպէս մի «դէմք», որի հայեացքն ուղղուած է ուրիշների, եւ ով նրանց հետ սերտ փոխյարաբերութիւններ է կառուցում: Մեր կեանքն աւելի մարդկային է դառնում այն դէպքում, երբ դրա բնոյթը պակաս անհատական եւ աւելի անձնաւորուած է: Մարդկայնացման իսկական ուղին կայանում է նրանում, որ միւսին իբրեւ մրցակից ընկալող անհատից անցում կատարենք միւսին իբրեւ ճամփորդութեան ընկեր ընկալող անձի։

«Հաւանելուց» դէպի ասելը «Ամէն»

Մարմնի եւ անդամների մասին պատկերացումը մեզ յիշեցնում է, որ սոցիալական ցանցի գործածութիւնը փոխլրացնում է այն կենդանի շփմանը, որը կեանքի է կոչւում մէկ ուրիշի մարմնի, սրտի, աչքերի, հայեացքի եւ շնչառութեան միջոցով: Եթէ Համացանցն օգտագործւում է որպէս նման շփման ընդլայնում կամ ակնկալիք, ապա՝ համացանցի գաղափարը խեղաթիւրուած չէ եւ շարունակում է մնալ հաղորդակցման գործիք: Եթէ ընտանիքը համացանցից օգտւում է ընտանիքի անդամների միջեւ կապը է՛լ աւելի ամրապնդելու նպատակով եւ որպէսզի յետոյ հաւաքուեն սեղանի շուրջ ու նայեն միմեանց աչքերի մէջ, ապա սա գործիք է: Եթէ եկեղեցական համայնքն իր գործունէութիւնը համակարգում է համացանցի միջոցով, յետոյ Սուրբ Պատարագը միասին ծիսակատար ելու համար, ապա սա գործիք է: Եթէ Համացանցը մեզնից ֆիզիկապէս հեռու գտնուող մարդկանց մասին պատմութիւններ եւ գեղեցիկի կամ տառապանքի վերաբերեալ փորձառութիւններ կիսելու հնարաւորութիւն է ընձեռում, որպէսզի կարողանանք միասին աղօթել ու միասին փնտռել այն լաւը, որը թոյլ կը տայ բացայայտել, թէ ի՛նչն է մեզ միաւորում, ապա սա գործիք է:

Այսպիսով, մենք կարող ենք ախտորոշումից անցում կատարել բուժմանը՝ ուղի հարթելով երկխօսութեան, հանդիպման, ժպիտների, քնքշանքի եւ ա՛յլ նմանատիպ բաների արտայայտման համար։ Սա այն ցանցն է, որը ցանկանում ենք ունենալ, համացանց, որը ստեղծուած է ո՛չ թէ ծուղակի մէջ գցելու, այլ՝ ազատագրելու եւ ազատ մարդկանց սերտ կապը պահպանելու համար: Եկեղեցին ինքնին ցանց է, միահիւսուած՝ Սուրբ Հաղորդութեան միջոցով, որտեղ միութիւնը հիմնուած է ո՛չ թէ «հաւանելու» («լայքելու»), այլ՝ «Ամէն»ի՝ ճշմարտութեան վրայ, որի միջոցով իւրաքանչիւր ոք յարում է Քրիստոսի Մարմնին՝ ընդունելով ուրիշներին:

Վատիկան, 24 Յունուար 2019, Սբ. Ֆրանցիսկոս Սալեզացու տօնի օրը

 

ՖՐԱՆՑԻՍԿՈՍ

 

Հայացուց՝ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

Փանիկի Սուրբ Աստուածածնի Եկեղեցւոյ Ժողովրդապետ

 

[1] Այս երեւոյթն արմատախիլ անելու համար Կիբեռահաբեկչութեան կանխման միջազգային վերահսկողական կենտրոն կը ստեղծուի, որի գլխաւոր վարչութիւնը տեղակայուած կը լինի Վատիկանում:

[2] Մանրամասն կանոններ վանականների համար, III, 1: PG (Patrologia Graeca – Եկեղեցու Հայրերի հրատարակուած գրուածքների ժողովածու) 31, 917: Հմմտ. Բենեդիկտոս Տասնվեցերորդ, Հաղորդակցութեան համաշխարհային 43-րդ օրուան նուիրուած ուղերձ (2009 թ.):

10/04/2019, 08:14