Որոնել

Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ 

Այսօր կը նշուի «Մուտն ի վիրապ»ը

Այս տօնը հայոց առաջին հայրապետ Ս. Գրիգոր Լուսաւորիչի յիշատակութեան երեք տօներից առաջինն է տարուայ ընթացքում: Ըստ Հայաստանեաց Առաքելական եկեղեցու տօնացոյցի՝ նշւում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը: Տօնը կատարւում է ի յիշատակութիւն Խոր Վիրապում Ս. Գրիգոր Լուսաւորչի կրած չարչարանքների:

Ըստ պատմական աղբիւրների` Ս. Գրիգոր Լուսաւորիչն Անակ Պարթև իշխանի որդին էր: Սպանելով հայոց Արշակունի Խոսրով թագաւորին, Անակ Պարթևը սպանւում է հայ իշխանների կողմից: Որդին՝ Գրիգորը, մեծանում և կրթութիւն է ստանում Կեսարիայում՝ դաստիարակուելով իբրև բարեպաշտ քրիստոնեայ: Հետագայում դառնում է Խոսրով արքայի որդու՝ Տրդատ թագաւորի արքունի դիւանապետը: Սակայն տեղեկանալով, որ Գրիգորը քրիստոնեայ է, ինչպէս նաև արքայասպան Անակի որդին, Տրդատ արքան նրան չարչարանքների է ենթարկում և նետում Խոր Վիրապի ստորգետնեայ զնդանը: 4-րդ դարի Ընդհանրական Եկեղեցու սուրբ Յովհան Ոսկեբերան հայրապետը Ս. Գրիգոր Լուսաւորչին նուիրած իր ներբողում գրել է. «Յիշէք և նրա համբերութիւնը խոր վիրապի մէջ, որքան էր նեղութիւններով դառնացած… Իսկ ո՞վ կարող է խօսքով պատմել երանելու անսահման ճգնութեան մասին, կամ օրինակով ցոյց տալ նրա անտանելի նեղութիւնը, որ ապրում էր իժերի և քարբերի մէջ, որտեղ ոչ զրուցակից կար, ոչ վշտակցող բարեկամ, ոչ օգնական, ոչ մխիթարող և ոչ ծառայող: Նա համբերում էր մեծ ժուժկալութեամբ, իբրև կենդանի դրուած գերեզմանի մէջ, անտուն, մերկ, գիշեր-ցերեկ, ամռան շոգին և ձմռան սառնամանիքին, քանզի մօտ էր Աստծուն»:

Խոր վիրապում կրած 13 տարիների չարչարանքներից յետոյ Ս. Գրիգոր Լուսաւորիչը, դուրս գալով ստորգետնեա զնդանից, Քրիստոսի լոյսն է տարածում հայոց աշխարհում՝ դառնալով պետականօրէն ճանաչուած Հայ եկեղեցու առաջին հովուապետը: Ս. Գրիգոր Լուսաւորչի յիշատակը, իբրև հակաքրիստոնէական սուրբ, տօնում են նաև քրիստոնեայ միւս եկեղեցիները:

Արարատեան թեմից մանրամասնում են, որ մարտի 16-ին Արարատեան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում մատուցւում է բաց Խորանով Ս. Պատարագ:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

16/03/2024, 08:10