Եկէ՛ք հաւատով ընդառաջ գնանք Յիսուսին
«Եւ նրանք, երբ թագաւորից լսեցին այս, գնացին: Եւ ահա այն աստղը, որ տեսել էին արեւելքում, առաջնորդեց նրանց, մինչեւ որ եկաւ կանգնեց այն տեղի վրայ, ուր Մանուկն էր: Աստղը տեսնելուն պէս չափազանց ուրախացան» (Մատթ. 2, 9-10):
Սիրելի՛ եղբայրներ եւ քոյրեր ի Քրիստոս,
Սրտանց շնորհաւորում եմ ձեզ Մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան մեծ տօնի կապակցութեամբ:
Այսօր Հայ Կաթողիկէ Եկեղեցին տօնում է մեր Տէր Յիսուս Քրիստոսի Աստուածայայտնութեան եւ Մկրտութեան Սուրբ Խորհուրդը, որը նշում են աշխարհի բոլոր քրիստոնեայ ժողովուրդները։ Ջրօրհնէքի մեծախորհուրդ այս արարողութիւնը խորհրդանշում է Յիսուս Քրիստոսի Մկրտութիւնը Յորդանան գետում՝ ձեռամբ Յովհաննէս Մկրտչի. «Այն ժամանակ Յիսուս Գալիլիայից Յորդանան եկաւ, Յովհաննէսի մօտ՝ նրանից մկրտուելու: Իսկ Յովհաննէսն ընդդիմացաւ նրան ու ասաց. «Ի՛նձ պէտք է, որ քեզնից մկրտուեմ, եւ դու ինձ մօ՞տ ես գալիս»: Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Թոյլ տուր հիմա, որովհետեւ այսպէս վայել է, որ մենք կատարենք Աստծոյ ամէն արդարութիւն»: Եւ ապա նրան թոյլ տուեց: Եւ երբ Յիսուս մկրտուեց, իսկոյն ջրից դուրս ելաւ. եւ ահա երկինքը բացուեց նրան, եւ նա տեսաւ Աստծոյ Հոգին, որն իջնում էր ինչպէս աղաւնի եւ գալիս էր իր վրայ: Եւ ահա՝ մի ձայն երկնքից, որ ասում էր. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճութիւնը»» (Մատթ. 3, 13-17):
Իր մկրտութեան օրինակով Յիսուս ցոյց է տալիս այն ճշմարիտ ճանապարհը, որի միջոցով մարդուն շնորհւում է յաւիտենական քրիստոնեայի կոչումը: Իւրաքանչիւր քրիստոնեայ սիրով ու խաղաղութեամբ լցուած պէտք է հաւատարիմ մնայ իր դաւանանքին, հաւատքին եւ աւետարանական առաքելութեանը: Ուստի, եկէ՛ք հաւատով ընդառաջ գնանք Յիսուսին, եկէ՛ք մօտենանք Նրան եւ զգանք Նրա անսահման սէրն ու խոնարհութիւնը:
Սիրելինե՛ր, Յիսուս ծնուեց մեղքերի մէջ թաթախուած այս աշխարհում որպէս ապացոյցը աստուածային այն ճշմարտութեան, որ Փրկիչը մեզանից մէկն է: Տէրը՝ ընդունելով մարդկային կերպարանք, միաւորեց երկինքն ու երկիրը, եւ հնազանդուելով Հօր կամքին՝ իր արեամբ մաքրագործեց մարդկանց հոգիները եւ առաջնորդեց դէպի յաւիտենական կեանք:
Ամանորի եւ Աստուածայայտնութեան այս լուսաւոր տօնին մաղթում եմ, որ Աստուծոյ ամենազօր սուրբ աջը յաւիտեան հովանի լինի ձեզ եւ ձեր ընտանիքներին, ապրէ՛ք ջերմութեամբ, սիրով եւ երջանկութեամբ լի օրեր: Թո՛ղ որ Աստուծոյ լոյսն ու օրհնութիւնը միշտ ուղեկից լինեն ձեզ, որպէսզի կարողանաք լիարժէք ապրել Քրիստոսի Աստուածայայտնութեան խորհուրդը:
Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ,
Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ