Որոնել

Հայաստան. Նահատակաց եկեղեցի Հայաստան. Նահատակաց եկեղեցի 

Հայաստան. Նահատակաց եկեղեցի

Գիրա վոն Պոգ-Իվանիւգը հարցազրոյց է վերցրել Հայաստանում Տառապող Եկեղեցուն օգնութեան ծրագրերի պատասխանատու Մարքօ Մենքալիայից նրա՝ Հայաստանից վերադարձից յետոյ:

Վատիկան Նիուզ – Հայկական բաժին

Մէկուկէս տարի է, ինչ Մարքօ Մենքալիան «Տառապող Եկեղեցուն օգնութիւն» (Aiuto alla Chiesa che soffre - ACN) բարեսիրական կազմակերպութեան կողմից իրականացուող ծրագրերի պատասխանատուն է՝ մասնաւորապէս Հայաստանում: Համավարակի հետ կապուած պայմանների թոյլ տալուն պէս, նա առաջին անգամ այցելել է Վրաստան և Հայաստան՝ տեղերում իրավիճակին անձամբ ծանօթանալու և Կազմակերպութեան և տեղի Եկեղեցու համագործակցութեան հնարաւորութիւնները գնահատելու նպատակով։ Ստորև ներկայացնում ենք Գիրա վոն Պոգ-Իվանիւգի հարցազրոյցը Մենքալիայի նրա՝ Հայաստանից վերադարձից յետոյ : 

Հայաստանը վաղ քրիստոնեայ երկիր է, որն այսօր քրիստոնէական «միջնագետին» է մահմետական աւելի ու աւելի թշնամական միջավայրում: Դուք կարողացա՞ք մեծ ընդհանրութիւններ տեսնել Վրաստանի և Հայաստանի միջև: Թէ՞ բոլորովին այլ իրավիճակ է երկու երկրներում։

Վրաստանն ու Հայաստանը սահմանակից են, բայց իրենց պատմութեամբ, մշակոյթով, լեզուով ու այբուբենով բոլորովին տարբեր երկրներ են։ Այնուամենայնիւ, հոգևորական մակարդակում գոյութիւն ունեն մի քանի ընդհանուր կէտեր. Կաթողիկէ Եկեղեցին փոքրամասնութիւն է, որի ներկայութիւնը որպէս հաստատութիւն համեմատաբար երիտասարդ է, բայց բացառիկ աշխատանք է կատարում հասարակական ոլորտում՝ Կարիտաս կազմակերպութեան և կրօնական համայնքների միջոցով: Երկու երկրներն էլ ունեն քրիստոնէական բացառիկ հարուստ ժառանգութիւն։ Համաձայն  Pew Research-ի 2018 թուականի վիճակագրութեան, երկու երկրները եւրոպական 34 երկրների շարքում դեռևս զբաղեցնում են առաջին տեղը՝ ընդհանուր բնակչութեան համեմատ չափահաս հաւատացեալների թուով՝ չնայած աշխարհիկացման առաջընթացին։

Իրականում, երկու երկրներն էլ գտնւում են մշտական ճնշման տակ, Վրաստանը՝ Աբխազիայում և Հարաւային Օսիայում, Հայաստանը՝ վերջերս Արցախում տեղի ունեցած լուրջ զինուած հակամարտութիւններից յետոյ։ Մարդկային կեանքերի հսկայական կորուստը և փախստականների հսկայական հոսքերի կառավարումը լուրջ դժուարութիւններ են առաջացրել համապատասխան կառավարութիւնների համար։

Կարո՞ղ էք ասել, թէ որն է Հայ եկեղեցու առջեւ ծառացած ամենամեծ մարտահրաւէրը:

Հայաստանում Կաթողիկէ Եկեղեցին գրեթէ բացառապէս առկայ է Երկրի հիւսիս արևմտեան շրջաններում, ինչպէս նաև սահմանից այն կողմ Վրաստանի հարաւարևմտեան որոշ համայնքներում: Աղքատ և անհիւրընկալ շրջաններ, որոնք գտնւում են ծովի մակարդակից աւելի քան 2000 մետր բարձրութեան վրայ, ուր ձմեռները շատ դաժան են և տևում են մինչև վեց ամիս։ Բացի այդ, բարձր է գործազրկութեան մակարդակը և շատերի համար մշտական կամ եղանակաւոր արտագաղթը հարևան երկրներ՝ ապրելու միակ տարբերակն է։ Նման համատեքստում հասկանալի է, որ Եկեղեցին իրեն նուիրում է հասարակական եռանդուն գործունէութեանը՝ յօգուտ ամենաթոյլերի, նրանց մէջ յոյս արթնացնելու, հայրենիքը լքելուն այլընտրանք առաջարկելու համար:  

Եկեղեցին նաև աշխատում է նոր կոչումները խրախուսելու ուղղութեամբ, քանի որ հաւատացեալների իրական կարիքների հետ համեմատած՝ քահանաների և կրօնաւորների թիւը բաւականին սահմանափակ է։ Ինչպէս վրաց, այնպէս էլ Հայաստանի Կաթողիկէ Եկեղեցիները չունեն սեփական ճեմարանները, ուստի ուսանողները սփռուած են Արևմտեան Եւրոպայի տարբեր ճեմարաններում: Գիւմրիում ճեմարան ստեղծելու նախագիծը ժամանակաւորապէս կանգ է առել՝ միջոցների սղութեան պատճառով:

Հայաստանը ոչ միայն ցեղասպանութիւն է ապրել, այլեւ կրել է աղէտներ՝ 1988-ի սարսափելի երկրաշարժը և վերջերս տակն ու վրայ է եղել Արցախից հայերի արտաքսմամբ՝ մարդկային ևս մէկ աղէտ։ Ի՞նչ է անում Եկեղեցին տառապանքը մեղմելու համար: Կարո՞ղ է արդեօք Տառապող Եկեղեցուն օգնութիւնը այստեղ աջակցութիւն տրամադրել:

1988-ի երկրաշարժից տուժեցին երկրի ճիշտ հիւսիս արևմտեան շրջանները, որտեղ ապրում էին կաթողիկէները։ Ինչպէս նշեցի, Եկեղեցու արձագանքը հասարակական ոլորտում շատ կարևոր է եղել։ Վերջին ճգնաժամը բնականաբար կապուած էր Արցախից փախստական ընտանիքների ընդունելութեան հետ։ 2020 թուականի աշնան արտակարգ իրավիճակի պայմաններում նրանց թիւը կազմում էր աւելի քան 90 հազար։ Հակամարտութիւնից յետոյ առաջին տարուայ ընթացքում միջազգային աջակցութեան ցանցը կարողացաւ հոգալ ամենահրատապ կարիքները։ Խնդիրները հիմա են, երբ աշխարհի հայեացքն այլևս Հայաստանի վրայ չէ, և օգնութեան հոսքը կտրուկ նուազել է։ Շատ քրիստոնեայ ընտանիքներ կորցրել են ամեն ինչ։ Նրանց ճնշող մեծամասնութիւնը երեխաներին միայնակ մեծացնող մայրեր են, որոնք դեռ ապրում են անապահով պայմաններում։ Այցի ընթացքում ACN-ը հրատապ օգնութիւն է տրամադրել այս ընտանիքներին աջակցելու համար:

Բացի այդ, ACN-ը տարիներ շարունակ աջակցել է Արևելեան Եւրոպայում Հայ Կաթողիկէ Եկեղեցու թեմի հովուական նախաձեռնութիւններին, մասնաւորապէս դեռահասների ամարային ճամբարներին: Այս թեմի գործունէութիւնը, որի նստավայրը Հայաստանում է և որը պատասխանատու է նաև Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրանիայի և տարածաշրջանի այլ երկրների հայ կաթողիկէ հաւատացեալների համար, միջազգային բնոյթ է կրում: Աւելի քան 200,000 հաւատացեալներով այն հանդիսանում է Հայ Կաթողիկէ Եկեղեցու ամենամեծ թեմը՝ հաւատացեալների թուով:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

22/01/2022, 09:33