Որոնել

Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքները Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքները 

«Տառապող եկեղեցուն օգնութիւն» հիմնադրամը Լեռնային Ղարաբաղի գաղթականների կողքին է․ «Պայքարում ենք գոյատեւելու համար»

Շուրջ 90 հազար գաղթականներ է առաջացրել անցեալ տարի Լեռնային Ղարաբաղում հակամարտութեան հետեւանքով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առճակատումը։ Պատերազմ, որը կարծես մոռացուած է, բայց լուրջ հետևանքներ է թողել բնակչութեան շրջանում, որի կողքին է «Տառապող եկեղեցուն օգնութիւն» հիմնադրամը

Վատիկան նիուզ – Հայկական բաժին

«Մեր ողջ ունեցածը մէկ ճամպրուկում էր». իր հայրենիքից՝ Լեռնային Ղարաբաղից իր փախուստն է պատմում Լիդան 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի վրայ յարձակումից յետոյ։ Պատերազմը, որին զոհ է գնացել աւելի քան 4000 հայ զինուոր՝ երիտասարդների գրեթէ մի ամբողջ սերունդ, ուղեկցուել է անհամար ռազմական յանցագործութիւններով, աննախադէպ դաժանութիւններով և առաջացրել մարդասիրական աղէտ:

Բանակցութիւնները հրադադարի են հանգեցրել 2020թ. նոյեմբերի 9-ին, բայց այդ պատերազմի թողած հետքերը դեռեւս շատ երկար են. հայ գաղթականների թիւն ընդհանուր առմամբ շուրջ 90 հազար է, որոնցից միայն 25 հազարին է յաջողուել վերադառնալ իրենց տներ։ Մնացածը Հայաստանում պայքարում են գոյատեւելու համար: Լիդան նրանցից մէկն է՝ապրում է Արտաշատում։

Նրա վկայութիւնը հաւաքել է «Տառապող եկեղեցուն օգնութիւն» (ACS - Aiuto alla Chiesa che soffre) քահանայապետական հիմնադրամը, որը հոկտեմբերին այցելել էր Հայաստան ՝ հասկանալու, թէ ինչպէս արդիւնաւէտ կերպով օգնել փախստականներին:

Առանց էլեկտրականութեան և ջրի

Բնակարանը, որտեղ ապրում է Լիդան, կահաւորուած է միայն առաջին անհրաժեշտութեան պարագաներով, ուր չկայ ջուր և էլեկտրականութիւն, մինչդեռ վերին յարկը տեսանելի է առաստաղի հսկայական անցքից։ Նրա մեծ որդիները, - ասում է Լիդան, - կռուել են պատերազմում, ողջ են մնացել, բայց դեռևս ընկճուած և խռովուած են և դժուարութիւն ունեն աշխատանք գտնելու: Նրա աչքերից արցունքներ են հոսում, երբ խօսում է Լեռնային Ղարաբաղի իր տան մասին՝ Facebook-ից պարզել է, որ այն պատերազմի ժամանակ անցել է ադրբեջանցիների ձեռքը։

Օգնութիւն Գորիսեցի 150 ընտանիքի

Հայաստանում միայն առաջին չորս ամիսներին է Լիդան օգնութիւն ստացել Պետութիւնից։ Ներկայումս, բարեբախտաբար, նա կարող է յոյսը դնել «Տառապող եկեղեցուն օգնութեան» վրայ, որն իրեն և միւս փախստականներին տրամադրում է նիւթական և հոգևոր ու հոգեբանական աջակցութիւն: Մասնաւորապէս, Հիմնադրամն աջակցում է կարիքաւորներին մատչելի բնակարան փնտռելու, նրանց աշխատանք գտնելու հարցում և Լեռնային Ղարաբաղի հետ սահմանամերձ Գորիս քաղաքի 150 ընտանիքի համար շտապ օգնութեան պարագաների ապահովման գործում:

Պապի կոչը

Հարկ է յիշել, որ 2020 թուականի Ամենայն Սրբոց տօնի օրը՝ նոյեմբերի 1-ի Մարեմեան աղօթքի ժամանակ, Ֆրանչիսկոս Պապը տարածաշրջանում խաղաղութեան կոչ էր արել. «Եկէք չմոռանանք, թէ ինչ է կատարւում Լեռնային Ղարաբաղում, - ասել էր Նա, - որտեղ զինուած բախումները յաջորդում են միմեանց փխրուն զինադադարներով, զոհերի ողբերգական աճով, տների, ենթակառուցուածքների և աղօթատեղիների աւերմամբ, քաղաքացիական բնակչութեան աճող զանգուածային ներգրաւմամբ», որին հետևել էր Նրա սրտաբուխ կոչն ուղղուած ներգրաւած կողմերին՝ դադարեցնելու «անմեղ արեան հեղումը»։ Բռնութիւնը բռնութեամբ չի լուծւում, եզրափակել է Ֆրանչիսկոսը, այլ միայն «անկեղծ բանակցութիւններով»։ Վերջում Պապը իր մօտիկութիւնն էր արտայայտել պատերազմից բոլոր տուժածներին։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

21/12/2021, 11:27