Որոնել

Անարատ Յղութեան տօնին Ամեն. Տ. Ռաֆայէլ Պետրոս ԻԱ Կաթողիկոսը Սբ.

«Թող օրհնի՛ ձեզ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին ամենայն հոգևոր օրհնութեամբ»


2021թ. դեկտեմբերի 9-ին՝ Սուրբ Կոյսի Անարատ Յղութեան շնորհաբեր տօնին Ամեն. և Գերջ. Տ. Տ. Ռաֆայէլ Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքը Սուրբ Պատարագ մատուցեց Անարատ Յղութեան հայ քոյրերի միաբանութեան Գյումրիի տանը: Անարատ Յղութեան տօնը նաև միաբանութեան հիմնադրման տօնն է, ամեն տարի այս տօնին միաբան քոյրերը նորոգում են իրենց ուխտերը՝ ժամանակաւոր կամ մշտնջենական: Քոյրերն այս տօնին միշտ պատրաստւում են մի քանի օր տևող հոգևոր կրթութեամբ: Այս տարի ուխտերի նորոգումը տեղի ունեցաւ Կաթողիկոս Պատրիարքի ներկայութեամբ և նրա հայրական օրհնութեամբ: Սբ. Պատարագին Պատրիարք Հոր առընթերականերն էին Առաջնորդական Տեղապահ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը և Գերպ. Հ. Նարեկ Վրդ. Մնոեանը: Ներկայ էին Տիրամայր Նարեկի հիւանդանոցի տնօրէն Հ. Մարիո Կուկարոլլոն, քոյրերի այս տարուայ հոգևոր կրթութեան կրթիչ Գերպ. Հ. Պերճ Վրդ. Սապեն, Արժ. Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչեանը, Գերպ. Հ. Պետրոս Վրդ. Մարաշլյանը, Արժ. Տ. Նարեկ Քհն. Թադևոսեանը, Արժ. Տ. Միքայել Քհն. Դոմբուրեանը, Հայկական Կարիտասի աշխատակիցներ, քոյրերի ցերեկային հոգածութեան կենտրոնի տարեցներ, քոյրերի սաները և կենտրոնի աշխատակիցները:

Ամեն. Հոգևոր Տէրն իր քարոզում ասաց հետևեալը.

«Սիրելի՜ քոյրեր, այսօր ձեր տօնն է, մեր բոլորի տօնն է, Աստուածամօր Անարատ Յղութեան տօնն է, որի առթիւ ձեզ ի սրտէ շնորհաւորում եմ։ Աստուածամօր Անարատ Յղութիւնը, կարելի է ասել մենք՝ որպէս Հայ Եկեղեցի, առաջին Եկեղեցին ենք, որ հռչակել ենք որպէս տօն, մենք արդեն իսկ մեր շարականներում երգել ենք Աստվածամօր Անարատ Յղութիւնը։ Անարատ Յղութեան խորհրդում տեսէ՛ք, թէ ի՜նչ գեղեցիկ, քա՜ղցր խօսքերով են արտայայտւում Սուրբ Կոյս Մարիամի՝ Եղիսաբեթին այցելութեան մասին։ Նրա մէջ շեշտւում է նախ Աստծոյ կամքը, երբ իր սիրոյ և գուրգուրանքի համար ընտրում է Աստուածամօրը, որպէսզի կարողանայ իր արգանդում կրել Աստծուն, Նրան ընտրեց, որպէս մաքրամաքուր, անարատ Յղացեալ ի ծնէ։ Քանզի շատ անգամ անարատ Յղութիւն ասելիս՝ մենք շփոթում ենք և կարծում, որ Յիսուսի Յղութիւնն է անարատ, որ է՛, և սակայն Աստուածամայրն էլ է ուղղակի Աստծոյ ներշնչումով է եկել այս աշխարհ, որպէսզի ընդունի Քրիստոսին, Փրկչին, բայց ինչպիսի՜ խոնարհութեամբ, պարզութեամբ և Աստուածային ողորմութեամբ։ Այս պատկերը պէտք է հասկանալ որպէս պատգամ, որ Աստուած Աստուծամօր միջոցով մեզ է հաղորդում՝ խոնարհութիւն, պարզութիւն և Աստծոյ շնորհի ընդունում, որ մեզ տալիս է ձրիաբար։ Դու՛ք, սիրելի քոյրեր, ընտրել և ընդունել էք այդ շնորհը, այդ օրհնութիւնը, Աստծոյ և Սուրբ Հոգու այդ ներկայութիւնը, որպէսզի դուք կարողանաք վկայել աշխարհի դիմաց ձեր առաքելութեամբ և ձեր առաքինութեամբ։ Ես վստահ եմ, որ այս միաբանութիւնն իր առաջին օրուանից մինչև այսօր այս հոգին որդեգրած՝ առաջ է գնացել։ Մաղթանքս է, որ Աստծոյ շնորհը առատօրէն ձեր վրայ լինի և միևնոյն ժամանակ բազմանան կոչումները։

Որովհետև այսօր Աստծոյ կոչը պահանջում է մի ազնիվ պատասխան․ ճիշտ է, որ մեզանից յուրաքանչյուրը հատուկ կոչում ունի իր կեանքի ընթացքում, բայց նաև Աստծոյ ժողովրդի և հոգիների փրկութեան ծառայութեան դուռը լայնօրէն բաց է՝ ընդունելու այն բոլոր անձանց, ովքեր ազնուութիւն ունեն համապատասխանելու կամ ականջալուր լինելու Աստծոյ հրաւէրին և ընդունելու այս առաքելութիւնը, այս յատուկ կոչումը, որպէսզի վկայեն աշխարհին այս նուիրումով ծառայութիւնը ձրիաբար․ ծառայել և՛ տարեցներին, և՛ երիտասարդներին, և՛ մանուկներին։ Ինչպիսի՜ վսեմ առաքելություն․ ես ինձ նվիրում եմ համայն աշխարհի ցավերը եւ ձրիաբար․ ծառայել և՛ և փոխանակ այդ նուիրումին, կա ներքին ուրախութիւն, ներքին մխիթարութիւն և միևնոյն ժամանակ հասարակական կեանքի գեղեցկութիւն։ Այսօր յատուկ կերպով ի սրտէ աղօթում եմ ձեզ հետ միասին, որպէսզի Ամենակալ Աստծոյ Որդին Իր Մօր ձեռքով և ներկայութեամբ օրհնի մեզ ամէնքիս, պահի մեզ իր կոչումի մէջ և տա մեզ ուժ, որ կարողանանք մեր կեանքով վկայել և հրաւիրել շատ շատերին շարունակելու մեր առաքելական կեանքը։ Աստծոյ օրհնութիւնը ձեզ։ Ամէն»։

Պատարագի ընթացքում Հոգևոր Տիրոջ առջև միաբան քոյրերն, ըստ միաբանութեան աւանդութեան, ծունկի եկած նորոգեցին իրենց ուխտերը և Հոգևոր Տէրն աղօթեց նրանց համար.

«Թող օրհնի՛ ձեզ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին ամենայն հոգևոր օրհնութեամբ, որպէսզի Յիսուս Քրիստոսի՝ մեր Տիրոջ մոր՝ Սրբուհի Մարիամի զգեստի ներքոյ յաւերժ մնաք անապական, անեղծ և անարատ»:

Քաղուած Հայաստանի Հայ Կաթողիկէ առաջնորդարանի կայքէջէն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

10/12/2021, 07:50