Որոնել

Vatican News

Մարիամ Աստուածածնի Եօթ Վէրք եկեղեցին

Սրբավայր այցելել են նաև Կալկաթայի Մայր Թերեզան և Յովհաննէս Պօղոս II Պապը: Վերջինս 1995 թուականին Սլովաքիա առաքելական այցի ժամանակ պատարագ է մատուցել այնտեղ: Այսօր համալիրը կառավարւում է Սալեզեան միաբանների կողմից:

Վատիկան Նիուզ

Ֆրանչիսկոս Պապը այսօր՝ Մարիամ Աստուածածնի Եօթ Վէրքի տօնի օրը, սեպտեմբերի 15 –ին, պատարագ կմատուցի համանուն եկեղեցում: Այն կլինի Սրբազան Քահանայապետի Սլովաքիա առաքելական այցի վերջին արարողութիւնը:

Մարիամ Աստուածածնի Եօթ Վէրք կաթողիկէ եկեղեցին գտնւում է Շաշտին քաղաքում, Սլովաքիայի ամենակարևոր սրբավայրերից է և տասնեակ հազարաւոր ուխտաւորների նպատակատեղի՝ յատկապէս Հոգեգալուստի և Տիրամօր Եօթ Վէրքի (15 սեպտեմբերի) տօնի ժամանակ:

Սուրբ Մարիամի բարեպաշտութիւնը 

Սուրբ Մարիամի բարեպաշտութիւնը Շաշտինում սկիզբ է առել 16-րդ դարից, երբ 1564 թուականին մի փոքրիկ մատուռում տեղադրուել է Տիրամօր Եօթ Վէրքի արձանը: Թուրքական մշտական արշաւանքների վտանգի պատճառով այն 1654 թուականին տեղափոխուել է մօտակայ ամրոց, մատուռ վերադարձուել 1710 թուականին: Սրբին են վերագրւում բազմաթիւ հրաշագործ բուժումներ: Ամենայայտնին Անգելիկա Բակիչովային վերագրուած պատմութիւնն է, որի հիմքում ընտանիքը բուժելու շնորհն է:

Հրաշագործ բուժումներ

Այսպէս. Անգելիկա Բակիչովան ՝ կոմս Իմրիխ Չոբորի կինը, Շաշտինից, յուսահատուած խնդրում է Մարիամ Աստուածածնի բարեխօսութիւնը, որպէսզի նրա դիւրաբորբոք ամուսինը հոգով փոխուի: Նրա աղօթքը լսւում է, ցանկութիւնը բաւարարւում, և կինը պատուիրում է տանձի փայտից պատրաստուած մի քանդակ, որը պատկերում է մահացած Յիսուսի մարմինը գոգին սգացող Աստուածածնին: Հաւատացեալները սկսում են այցելել աղօթելու փոքրիկ մատուռում տեղադրուած արձանի առջև:

Հրաշագործ բուժումները շարունակուել են, ինչը 1710 թուականին դարձել է հետազօտութեան առարկայ յատուկ յանձնաժողովի կողմից: 1732 թուականին Ստրիգոնիոյի արքեպիսկոպոս Իմրե Էստերհազիի կողմից ճանաչուել է արձանի հրաշագործ լինելը:

Եօթ Վէրք Եկեղեցին

1736 թուականին դրուել է Եօթ Վէրք Եկեղեցու շինարարութեան սկիզբը՝ նաև Աւստրիայի կայսրուհի Մարիա Թերեզայի առաջարկով, ով, իր ամուսնու՝ Ֆրանցիսկ I-ի հետ ներկայ է գտնուել սրբավայրի օծմանը 1762 թուականին:

1927 թուականի սեպտեմբերի 15-ից Պիոս XI պապի հրամանագրով, Եօթ Վէրքի Տիրամայրը Սլովաքիայի Սուրբ Հովանաւորն է: 1966 թուականից տօնը նշւում է Կաթողիկէ Եկեղեցու կողմից: 1994 թուականից այդ օրը յայտարարուել է ազգային տօն Սլովաքիայում:

Սրբավայր այցելել են նաև Կալկաթայի Մայր Թերեզան և Յովհաննէս Պօղոս II Պապը: Վերջինս 1995 թուականին Սլովաքիա առաքելական այցի ժամանակ պատարագ է մատուցել այնտեղ: Այսօր համալիրը կառավարւում է Սալեզեան միաբանների կողմից:

15/09/2021, 09:00