Որոնել

Vatican News

Ընտանիքների միասնական հոգեւոր ապրումի օրեր՝ «Աղաճանեան» ճամբարում

«Մարդկային ընտանիքը մի ճանապարհ է, որով անցնում է Եկեղեցին». «Լոյս հեթանոսաց», Վատիկանի Բ ժողով

2021թ. օգոստոսի 29-30-ին Աղաճանեան ամարային ճամբարում Արժ. Տ. Գրիգոր Աւագ Քահանայ Մկրտչեանի նախաձեռնութեամբ կազմակերպուեցին «Ընտանիքի օրեր»: Մասնակցեցին 20 ընտանիքներ՝ տարբեր համայնքներից: Ընտանիքների համար հոգևոր կրթութեան այս օրերը Աղաճանեան ճամբարում երկրորդ անգամն է և կարևոր մի փորձառութիւն է, որ կոչուած է աջակցելու ընտանիքներին ընկալելու իրենք իրենց՝ որպէս քրիստոնեայ ընտանիքներ, որպէս Տիրոջ Եկեղեցու մաս կազմող և հաւատքը իրենց ընտանիքներում ապրող առաջնային և հիմնական համայնքային միաւորներ:

Առաջին օրը ընտանիքներին ճամբարում ողջունեց Տ. Գրիգորը և իր ուրախութիւնն յայտնեց առ այն, որ Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի օրհնութեամբ հնարաւորութիւն եղաւ կազմակերպելու հոգևոր կրթութեան այս օրերը: Եկեղեցու առաջընթացը հնարաւոր չէ պատկերացնել առանց հոգևորապէս և բարոյապէս սատարելու քրիստոնեայ ընտանիքներին՝ ինքնազարգացման ճանապարհին: Եկեղեցին հիմնուած է ընտանիքների վրայ և Եկեղեցին՝ որպէս Քրիստոսի հոգևոր ընտանիք, պէտք է առաջ ընթանայ ընտանիքների սրբութեան և եկեղեցասիրութեան ճանապարհով, շեշտեց Տ. Գրիգորը:

Ընտանիքի օրերը բացուեցին միասնական Սուրբ Պատարագով, որ մատուցեց Արժ. Տ. Միքայէլ Քհն. Դումբուրյանը:

Որպէս առաջին բանախօսութիւն՝ Տ. Գրիգոր Աւագ Քհն. Մկրտչեանը ընտանիքներին հրաւիրեց խորհրդածել «Եկեղեցին և ընտանիքը» խորագրով մի թեմայի շուրջ:

«Աստուած սէր է, և քանի որ մենք այդ սիրոյ մասնիկն ենք կազմում եւ կիսում ենք դա, մենք կոչուած ենք համընդհանուր եղբայրութեան, որը նշանակում է բաց լինել: Չկան «ուրիշներ», չկայ «նրանք», կա միայն «մենք»: Մարդկային էակները կարող են ապրել, զարգանալ եւ գտնել իրականացում, միայն իրենց ես-ի ազնիւ պարգեւը տալով ուրիշներին, նրանք ամբողջովին չեն կարող իմանալ իրենք իրենց՝ առանց այլ անձանց հետ հանդիպման: Ոչ ոք չի կարող ունենալ կեանքի արժէքի փորձառութիւնը՝ առանց ունենալու իրական դէմքեր՝ սիրելու համար». բացատրեց Տ. Գրիգորը:

Նրա հրաւէրով Ընտանիքի օրերին ներկայ էր նաև «Կարիտաս Արեգակ» հիմնադրամի աշխատակից հոգեբան Կարինե Միրզոյանը, ով հարուստ փորձառութիւն ունի աշխատելու ոչ միայն ընտանիքների, անհատների, այլեւ՝ յատուկ կարիքներով երեխաների հետ: Նա խօսեց նախ ընտանիքի հոգեբանութեան, ընտանիքում միջանձնային յարաբերութիւնների նրբութիւնների, հոգեբանական խնդիրների, դրանց լուծման ուղիների մասին: Իսկ յաջորդ բանախօսութիւնները Միրզոյանը նուիրեց դրական ծնողավարման սկզբունքներին և մեթոդներին, երեխաների փուլային զարգացմանը բնորոշ իւրայատկութիւններին, կազմակերպեց քննարկումներ՝ ծնողներին յուզող խնդիրների շուրջ՝ առաջարկելով լուծման տարբերակներ՝ հոգեբանական տեսանկիւնից: Մասնակիցները նաև հոգեբանական մի խաղի մասնակցեցին:

Առաջին օրուայ աւարտին մասնակիցները Հոգշն. Հ. Եղիա Վրդ. Դերձակեանի առաջնորդութեամբ քահանաների հետ միասին աղօթեցին Տիրամօր Վարդարանի աղօթքը:

Երկրորդ օրը սկսուեց Սուրբ Պատարագով, որը մատուցեց Արժ. Տ. Նարեկ Քհն. Թադևոսյանը:

Արժ. Տ. Յովսէփ Քհն. Գալստեանը խօսեց Սուրբ Ընտանիքի մասին՝ որպէս քրիստոնէական ընտանիքի կատարեալ մի սրբապատկեր, որին պէտք է ձգտի նմանուել իւրաքանչիւր ընտանիք, որ ինքն իրեն համարում է Քրիստոսի աշակերտ և սրբութեան պահապան: Տ. Յովսէփը ընտանիքների ուշադրութիւնը հրաւիրեց այն պատմական ճշմարտութեան վրայ, որ Աստուած ընտրեց հենց Նազարէթի այդ խոնարհ ընտանիքը՝ իր փրկութեան ծրագիրն իրագործելու համար, որպէս մի ճանապարհ՝ դէպի մարդկութեան փրկութիւն: Այդ մեծ պատուին Սուրբ Ընտանիքն արժանացաւ՝ Աստծոյ կամքի առջև անվերապահօրէն, ի սրտէ բաց լինելու, Տիրոջը նուիրուած լինելու շնորհիւ: Ապա բանախօսը կանգ առաւ Սուրբ Ընտանիքի իւրաքանչիւր կերպարի վրայ՝ որպէս օրինակներ՝ հոր, մոր և զաւակի: Եւ, ի վերջոյ, հրաւիրեց սովորել Նազարէթի Սուրբ Ընտանիքից, թէ ինչպէս պէտք է փայփայել ու պաշտպանել աստուածային սրբութիւնը՝ սեփական ընտանիքում, և ըստ այդմ, միասնաբար գնալ դէպի սրբութիւն:

Հոգշն. Հ. Մերսես Վրդ. Գալստեանը խօսեց «Ընտանիքը՝ որպէս եկեղեցի» թեմայով՝ մասնակիցների ուշադրութիւնը հրաւիրելով մի կարևոր աւանդական ճշմարտութեան վրայ, որ իւրաքանչիւր քրիստոնեայ ընտանիք կոչուած է ինքն իր մէջ լինելու մի փոքրիկ եկեղեցի և միաժամանակ բաց՝ ուրիշների առջև՝ որպէս Ընդհանրական Եկեղեցու մի վէմ: Հ. Ներսէսը բերեց հաւատացեալ, նուիրեալ մի քանի ընտանիքների օրինակներ, որոնց հետ առիթ է ունեցել շփուելու իր հովուական ծառայութեան ընթացքում: Նա խօսեց հայկական աւանդական բարոյական արժէքների մասին, որ ժառանգաբար փոխանցւում են հայ ընտանիքներում՝ որպէս հիմք հաւատքի զարգացման և փոխանցման համար. սա մեր հայ քրիստոնէութեան կարևոր առանձնայատկութիւններից է՝ մի աստուածատուր պարգև, որ պէտք է օգնի մեզ յաղթահարելու սովետական «դաստիարակութեան» հետևանքները, վստահ է Հ. Ներսէսը:

Երկօրեայ հանդիպումն ամփոփեց Տ. Նարեկ Քհն. Թադևոսյանը՝ խնդրելով մասնակիցներին հանդէս գալ առաջարկներով՝ ընտանիքի օրերը աւելի լաւ կազմակերպելու համար: Մասնակիցներն առաջարկեցին անպայման շարունակել ամէնամեայ այս օրերը և աւելի երկար ձևաչափով: Նկատելի է, որ նրանց համար կարևոր է նման հանդիպումները, թէև դժուար համատեղելի գիւղատնտեսական առօրեայի հետ. շատ ընտանիքների համար գրեթէ անհնարին է մասնակցել այսօրինակ հոգևոր կրթութեան օրերի: Աստծոյ կամօք, տարեց տարի նրանց թիւը, յուսանք, կաւելանայ։ Աստծոյ առաջ հոգևոր կեանքում աւելին լինելու համար հարկաւոր է զոհողութիւններ կատարել:

Տ. Յովսէփ Քհն. Գալստեան

04/09/2021, 08:00