Որոնել

Vatican News
Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան 

Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի բացման խօսքը «Համայնքային Երիտասարդական Օրեր 5-րդ» բացման առիթով

Համոզուած եմ, որ այս օրերի ընթացքում կայանալիք բանախօսութիւններն ու քննարկումները կլինեն բազմաբովանդակ, հետաքրքիր եւ օգտակար, իսկ հանդիպման մթնոլորտը` նպաստաւոր նոր գաղափարների առաջացման եւ իրականացման համար:
Ունկնդրէ լուրը

Արհի. Տէր Ռաֆայէլ Արքեպս. Մինասեան, հոգեշնորհ վարդապետներ, արժանապատիւ տէր հայրեր, առաքինազարդ քոյրեր, սարկաւագներ, Հայաստանի Հայ Կաթողիկէ տարբեր համայնքներից հաւաքուած երիտասարդներ,

Թոյլ տուէք իմ անունից ջերմօրէն ողջունել ձեզ՝ «Համայնքային երիտասարդական օրեր» 5-րդ յոբելենական միջոցառման բացման կապակցութեամբ: Ուրախ եմ ձեզ հետ միասին կրկին ներկայ գտնուելու Թորոսգիւղի «Աղաճանեան» կենդրոնում տեղի ունեցող այս կարևոր ու նշանակալի իրադարձութեանը:

Սիրելիներս, երբ դեռ ամբողջ աշխարհը եւ Հայաստանը պայքարում էր Քովիդ 19-ը համավարակի դէմ, համայն հայութեանը վրայ հասաւ պատերազմի սարսափելի արհաւիրքը՝ խլելով հազարաւոր մարդկային կեանքեր, թողնելով բազում խեղուած ճակատագրեր:

Խոնարհուելով պատերազմում նահատակուած մեր հայրենակիցների յիշատակի առջեւ՝ մեր վշտակցութիւնն ենք յայտնում նրանց ընտանիքներին, թող Աստուած լուսաւորի անմահ հերոսների հոգիները եւ նրանց դասաւորի արդարների շարքում:

Այս տարի, Երիտասարդական հաւաքի բնաբանն է՝ Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի կողմից ներկայացուած աւետարանական հետեւեալ մէջբերումը. «Վե՛ր կաց. ես քեզ նշանակում եմ վկայ այն բոլորի համար, որոնց մէջ ինձ տեսար» (հմմտ. Գործք Առաքելոց, 26:16):

Սիրելիներս, եկե՛ք, միասին մի քանի խօսքով ուսումնասիրենք այն գլխաւոր հիմնասիւների մասին, որի հիմքում ընկած է Համայնքային երիտասարդական օրերը: Այդ հաւաքն իր մէջ ներառում է հոգեւոր, յստակ եւ բովանդակալից ծրագրային նշանակութիւն Հայ Կաթողիկէ երիտասարդների համար:

1.Երիտասարդութեան օրը որպէս «հաւատքի փառատօն».

Համայնքային երիտասարդական օրերը մասնակիցներին առաջարկում է հաւատի եւ հաղորդակցութեան մեծ ներուժ, միջավայր ապրելու համար Աստծոյ ներկայութիւնը:

Հաւատքի հիմքում ընկած է Յիսուս Քրիստոսի հետ մեր հանդիպումը: Եւ սա մեծ հնարաւորութիւն է, որպէսզի իւրաքանչիւր երիտասարդ կարողանայ դարձեալ երկխօսութեան մէջ մտնել Նրա հետ:

2.Համայնքային Երիտասարդական օրերը որպէս «Եկեղեցու փորձառութիւն».

Այնքան կարեւոր է, որ Համայնքային երիտասարդական օրերը դառնան առիթ մասնակիցների համար եկեղեցական հաղորդակցութիւն ունենալու եւ Նրա անբաժանելի մասը կազմելու: Երիտասարդներին ներգրաւելու առաջին միջոցը նրանց լսելն է: Եկէ՛ք չմոռանանք, որ երիտասարդները Եկեղեցու դէմքն են:

3. Համայնքային Երիտասարդական օրերը որպէս «առաքելութիւն».

Սիրելիներս, այս օրերը երիտասարդների համար հրաշալի հնարաւորութիւն է առաքելութիւն իրականացնելու համար: Խրախուսելի են այն գործողութիւնները, որոնցում երիտասարդներն ունեն կամաւոր աշխատանքի փորձառութիւն:

4.Համայնքային Երիտասարդական օրերը որպէս «կոչումի ընկալման հնարաւորութիւն» եւ «սրբութեան կոչ».

Աստուած երիտասարդներին նախ եւ առաջ կանչել է դէպի երջանկութիւն: Նրանք կոչուած են ճանաչելու Աստծուն եւ լսելու նրա ձայնը, եւ առաջին հերթին ընդունելու նրա Որդուն՝ Յիսուս Քրիստոսին, որպէս Փրկիչ, ուսուցիչ եւ ընկեր:

Երիտասարդական օրերը մասնակիցների մէջ պէտք է հնչեղութիւն ունենայ դէպի սրբութեան կանչը` որպէս երջանկութեան եւ ինքնալրացման իրական ուղի:

5.Երիտասարդական օրերը ՝ որպէս «ուխտագնացութեան փորձառութիւն».

Երիտասարդական օրերը հէնց սկզբից մեծ ուխտագնացութիւն է: Ուխտագնացութեան միջոցով շատ հաճախ մենք նոր ընկերներ ենք ձեռք բերում, կիսում միմեանց հոյզերը, միասին նայում դէպի ընդհանուր մի նոր նպատակ:

Սիրելի ներկաներ,

Համոզուած եմ, որ այս օրերի ընթացքում կայանալիք բանախօսութիւններն ու քննարկումները կլինեն բազմաբովանդակ, հետաքրքիր եւ օգտակար, իսկ հանդիպման մթնոլորտը` նպաստաւոր նոր գաղափարների առաջացման եւ իրականացման համար:

Թոյլ տուէք պաշտօնապէս բացուած համարել «Համայնքային երիտասարդական օրեր-5»-րդ յոբելենական հաւաքը:

Ցանկանում եմ ձեզ բեղմնաւոր աշխատանք և նորանոր հաջողութիւններ:

Շնորհակալութիւն:

Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ,

Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութեան նախագահ

02/08/2021, 12:10