Որոնել

Vatican News

«Համայնքային Երիտասարդական Օրեր» 5-ի յոբելենական պաշտօնական բացումը «Աղաճանեան» կենդրոնում

Այս տարի, հանդիպման բնաբան է վերցուած Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի կողմից ներկայացուած աւետարանական հետեւեալ մէջբերումը. «Վե՛ր կաց. ես քեզ նշանակում եմ վկայ այն բոլորի համար, որոնց մէջ ինձ տեսար» (հմմտ. Գործք Առաքելոց, 26:16):
Ունկնդրէ լուրը

2021 թուականի Օգոստոսի 1-ին Թորոսգիւղի «Աղաճանեան» կենդրոնում մեկնարկեց «Համայնքային Երիտասարդական Օրեր Ե»-ի յոբելենական հաւաքը:

Երիտասարդական օրերը ազդարարուեց հանդիսաւոր Սուրբ Պատարագով, ձեռամբ Արհի. Տէր Ռափայէլ Արքեպիսկոպոս Մինասեանի, առընթերակայութեամբ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի եւ Գերպ. Հայր Նարեկ Վրդ. Մնոյեանի, ինչպէս նաեւ մասնակցութեամբ հայ կաթողիկէ հոգևորականների եւ երիտասարդների:

Հանդիսաւոր բացման արարողութեանը ներկայ էին նաեւ Լիբանանի Այնճար գիւղի «Սուրբ Վարդարանի Տիրամայր» Հայ Կաթողիկէ ժողովրդապետութեան հոգեւոր հովիւ Գերյ. Հայր Մեսրոպ Ծ. Վրդ. Թոփալեանը, Շվեդիայի Հայ Կաթողիկէ համայնքի հոգեւոր հովիւ Գերյ. Հայր Հովսէփ Ծ. Վրդ. Պահէեանը, Հայաստանում SOS Արեւելքի Քրիստոնեաներ կազմակերպութեան անդամները:

Այս տարի, հանդիպման բնաբան է վերցուած Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի կողմից ներկայացուած աւետարանական հետեւեալ մէջբերումը. «Վե՛ր կաց. ես քեզ նշանակում եմ վկայ այն բոլորի համար, որոնց մէջ ինձ տեսար» (հմմտ. Գործք Առաքելոց, 26:16):

Հայրական խօսքով հանդէս եկաւ Առաջնորդ Հայր Արհի. Տէր Ռափայէլ Արքեպիսկոպոս Մինասեանը:

Սրբազան Հայրը իր գոհունակութիւնը յայտնեց, որ կրկին Աղաճանեան կենդրոնում տեսնում է այսքան երիտասարդների մէկտեղ հաւաքուած՝ Հայաստանի տարբեր Հայ Կաթողիկէ համայնքներից:

Իր խօսքում Առաջնորդ Հայրն ասաց.

«Սիրելի՛ երիտասարդներ,

Ինձ համար մեծ մխիթարութիւն է ձեզ ունենալ եւ զգալ, որ մենք մի ընտանիք ենք կազմում եւ այդ ընտանիքի ապագան հէնց դուք էք»:

Երիտասարդներին իր խօսքն ուղղեց Հայ կաթողիկէ երիտասարդաց խմբի նախագահ Գերյ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը.

Սիրելի ներկաներ.

«Թոյլ տուէք իմ անունից ջերմօրէն ողջունել ձեզ՝ «Համայնքային երիտասարդական օրեր» 5-րդ յոբելենական միջոցառման բացման կապակցութեամբ: Ուրախ եմ ձեզ հետ միասին կրկին ներկայ գտնուելու Թորոսգիւղի «Աղաճանեան» կենդրոնում տեղի ունեցող այս կարևոր ու նշանակալի իրադարձութեանը:

Երիտասարդներին իր խօսքն ուղղեց նաեւ Լիբանանի Այնճար գիւղի «Սուրբ Վարդարանի Տիրամայր» Հայ Կաթողիկէ ժողովրդապետութեան հոգեւոր հովիւ Գերյ. Հայր Մեսրոպ Ծ. Վրդ. Թոփալեանը:

Խօսքով հանդէս եկաւ Աղաճանեան կենդրոնի տնօրէն Արժ. Տէր Գրիգոր Աւագ Քհնյ. Մկրտչեանը՝ երիտասարդներին խնդրելով ուշադրութիւն դարձնել կարգապահական հարցերին, լինել կանոնապահ եւ յարգել օրակարգը:

Օրուայ աւարտին երիտասարդները միասին դիտեցին մինչ այս յոբելենական, «Համայնքային երիտասարդական օրեր»-ը կազմակերպուած նախորդ չորս հաւաքների մասին պատմող ամփոփ տեսանիւթ, որը նաեւ ներառում էր Համայնքային երիտասարդաց օրեր միջոցառման ստեղծման նախապատմութիւնը, եւ հաւաստում այն բանի, որ «Համաշխարհային Երիտասարդաց օրեր»-ը՝ շարունակութիւնն է ու մոդելը տեղական մակարդակով:

Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ,

Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութեան նախագահ

02/08/2021, 12:12