Որոնել

Vatican News
Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան 

Գնացե՛ք եւ աշակերտեցէ՛ք ձեր համայնքներում, եւ ձեր տներում: Դարձէ՛ք Քրիստոսի սիրոյ կենդանի վկաները:

Հայ Կաթողիկէ Երիտասարդաց խմբի նախագահ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի խօսքը «Համայնքային Երիտասարդական Օրեր 5-րդ» փակման առիթով

Սիրե՛լի երիտասարդներ,

Այսօր իր տրամաբանական աւարտին մօտեցաւ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրանիայի եւ Արեւելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէ Առաջնորդարանի կողմից կազմակերպուած Համայնքային երիտասարդական օրեր V յոբելենական հոգեւոր-մշակութային միջոցառումը:

Նախ եւ առաջ, թոյլ տուէք իմ առանձնայատուկ շնորհակալութիւնը յայտնել Արհի. Տէր Ռաֆայէլ արքեպս. Մինասեանին, ում օրհնութեամբ, անմիջական նախաձեռնութեամբ ու ջանքերով կազմակերպուեց այս հաւաքը:

Յատուկ շնորհակալութիւն հոգևոր դասին, բանախօսներին, աշխատակազմին, ձեզ՝ սիրելի՛ երիտասարդներ, իմացե՛ք, որ եկեղեցին ձեզանով է հարուստ: Եկեղեցին այնքա՜ն շատ բան ունի խօսելու երիտասարդութեան հետ, իսկ երիտասարդներն այնքա՜ն շատ բան ունեն կիսելու Եկեղեցու հետ:

Շնորհակալութիւն, որ դուք թողնելով ձեր առօրեայ գործերը, աշխատանքը եւ համայնքային կեանքը, այսօր այստեղ եք՝ մեզ հետ միասին տօնելու յոբելենական 5-րդ հաւաքը, եւ եւս մէկ անգամ վերապրելու մեր հաւատքը ի Տէր Յիսուս Քրիստոս:

Սիրելի՛ երիտասարդներ, դուք էք մեր ապագան, դուք էք կերտելու մեր վաղուայ օրը, վստա՛հ ենք, որ այս հաւաքը եւս մէկ օղակ դարձաւ ձեր եւ Եկեղեցու միջեւ, էլ աւելի սերտ փոխյարաբերութիւններ հաստատելու համար:

Ինչպէս իր խօսքում նշում է Հռոմի Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը. «Կեանքը՝ ամուր, վճռական, յաւերժական ընտրութիւններ կատարելու ժամանակն է: Իւրաքանչիւր մասնագիտական ընտրութիւն իր սրտում պէտք է ունենայ սրբութեան էլ աւելի խորը կոչ: Եկեղեցին, երիտասարդների հետ իր առաքելութիւնը համարում է «դարաշրջանային նշանակութեան հովուական առաջնահերթութիւն, որի մէջ պէտք է ներդնել ժամանակ, էներգիայ եւ ռեսուրսներ»:

Եկեղեցու ներդրած ժամանակի ու ռեսուրսների վառ ապացոյց են ամենամեայ Համայնքային Երիտասարդական օրեր միջոցառումները, որոնց ընթացքում ստացած գիտելիքները, հմտութիւնները եւ միջհամայնքային կապերը պետք է ներդնեք Ընդհանրական Եկեղեցու հզօրացման եւ Քրիստոսի ճշմարիտ լոյսի և սիրոյ տարածման առաքելութեան գործում:

Մեր փորձառութիւնը միմեանց հետ կիսելով եւ միմեանց լսելով՝ մենք կարող ենք միասին անցնել Աստուծոյ նախանշած ճանապարհով՝ վկայութեամբ փառաբանելով Տիրոջը:

Սիրելի՛ ներկաներ, իսկ ի՞նչ է նշանակում լինել երրորդ հազարամեակի արշալոյսի երիտասարդ...

Երիտասարդ լինել նշանակում է ունենալ 4 կարեւոր առանձնայատկութիւն՝ էներգիա, կասկած, վստահութիւն եւ բարութիւն:

1. Էներգիա: Երիտասարդը պէտք է լինի կենսունակ եւ լեցուն էներգիայով, պատրաստ ամէն վայրկեան յաղթահարելու մարտահրաւէրները:

2. Կասկած: Կասկածը երիտասարդութեան էական հիմքն է: Կասկածն ինքնին առողջ բան է, քանի որ այն առաջացնում է դրական արժէքներ. հետաքրքրասիրութիւն, օբյեկտիւութիւն, ձեր միտքը փոխելու պատրաստակամութիւն, գիտակցութիւն այն մասին, որ մենք ապրում ենք անկատար աշխարհում:

3. Վստահութիւն: Վստահութիւնը գալիս է գիտակցութիւնից: Եթէ չէք վստահում ինքներդ ձեզ եւ ուրիշներին, երիտասարդ չէք: Առանց վստահութեան մեր կեանքը դարձնում ենք աւելի բարդ: Վստահութեան հիմքում է ընկած կեանքը:

4. Բարութիւն: Իսկապէս, Աստուած խտրականութիւն չի դնում մարդկանց միջեւ: Աստուած սեր է՝ միմիայն սեր, քանի որ «Նա Իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վրա, անձրեւ է բերում արդարների եւ մեղաւորների վրայ» (Մատթ. 5:45):

Դժուար է Հայաստանում երիտասարդ լինելը, քանզի հայ երիտասարդի ուսերին ծանր պարտաւորութիւն է դրուած, ոչ միայն այս օրերին չլքելու հայրենիքը, այլեւ ամուր կանգնելու հայրենի հողին եւ զարգացնելու զանազան ոլորտներ՝ լինի դա տնտեսութիւն, արդիւնաբերութիւն, բժշկութիւն, մշակոյթ, թէ կրթութիւն: Ուստի՛ սիրելի երիտասարդներ, կապուած մնացէ՛ք թանկ գնով պահուած մեր հայրենի հողին:

Ամփոփելով խօսքս սիրելի՛ երիտասարդներ, կ'ցանկանայի ասել հետեւեալը.

Ինչպէս Հռոմի Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը 2013 թուականի Երիտասարդաց Համաշխարհային օրերին պատգամ տուեց երիտասարդներին՝ գնալու եւ աշակերտելու իրենց երկրներում, այնպէս էլ այսօր մենք, յորդորում ենք ձեզ, դառնալու այդ նոյն օրինակը, սիրելի՛ մասնակիցներ, գնացե՛ք եւ աշակերտեցէ՛ք ձեր համայնքներում, եւ ձեր տներում: Դարձէ՛ք Քրիստոսի սիրոյ կենդանի վկաները:

Այժմ եւ միշտ յաւիտեանս յաւիտենից Ամէն:

Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ,

Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութեան նախագահ

09/08/2021, 19:39