Որոնել

Vatican News

Մանկութիւն. կեանքի ամենագունեղ տարիներ եւ անմոռաց յուշեր: Մեկնարկեց Հայ Կաթողիկէ Աղաճանեան ճամբարը

Երկուշաբթի, 5 յուլիս, 2021 թուական. Հայաստանի Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ «Աղաճանեան» կենդրոնը, հերթական անգամ, իր հիւրընկալ յարկի տակ ընդունեց ամարային ճամբարի առաջին հերթափոխի մասնակից երեխաներին:
Ունկնդրէ լուրը

«Եւ ով իմ անունով մի այսպիսի մանուկ ընդունի, ի՛նձ կընդունի» (Մատթ. 18:5):

Հայաստանի Հայ Կաթողիկէ Առաջնորդարանը՝ Շիրակի մարզի Թորոսգիւղում տեղակայուած «Աղաճանեան» կենդրոնում կազմակերպում եւ իրականացնում է ամէնամեայ ամառային ճամբարներ՝ հայ կաթողիկէ համայնքների 10-15 տարեկան երեխաների համար:  

Ամէն տարի, մինչ ճամբարային օրերի մեկնարկը, իրականացւում են մի շարք նախապատրաստական աշխատանքներ, մասնաւորապէս՝ վերապատրաստման դասընթացներ աշխատակազմի եւ ջոկատավարների համար:

2021 թուականի յունիս 24-ին և 25-ին՝ Թորոսգիւղի «Աղաճանեան» կենդրոնում տեղի ունեցաւ ջոկատավարների վերապատրաստման դասընթաց:

Դասընթացին բացման խօսքով հանդէս եկաւ «Աղաճանեան» կենդրոնի պատասխանատու Տէր Գրիգոր Աւագ Քհնյ. Մկրտչեանը:

Օրակարգում ընդգրկուած էին հետեւեալ թեմաները.

📣 Ես որպէս թիմի անդամ (դասընթացավար՝ Սիրանուշ Մինասեան)

📣 Ինչպէս լինել ներառող առաջնորդ (դասընթացավար՝ Անուշ Յարութիւնեան)

📣 Առաջնորդութիւն (դասընթացավար` Հայկարամ Դրմէեան)

📣 Երեխաների տարիքային առանձնայատկութիւնները (հոգեբան-հոգեթերապեւտ Ելենա Յովհաննիսեան)

📣 Վատ վերաբերմունք: Բռնութեան տեսակները եւ կանխարգելումը (հոգեբան-հոգեթերապեւտ Ելենա Յովհաննիսեան):

Ճամբարի կազմակերպիչները նախորդ տարիների ջոկատավարների հետ միասին ներկայացրեցին երեխաների հետ վարուեցողութեան եւ անվտանգ միջավայրի ապահովման կանոնները: Մշակուեցին ճամբարային փուլերի թեմաները եւ օրակարգը:

Երեխաների ամառային հանգստի կազմակերպումը մեծ փորձառութիւն է ոչ միայն աշխատակազմի, այլեւ այն բոլոր մասնագէտների եւ ջոկատավարների համար, ովքեր այս օրերին աշխատելու են ճամբարականների հետ:

Իւրաքանչիւր երեխայ Աստուծոյ պարգեւն է, Եկեղեցւոյ եւ հասարակութեան դէմքը եւ ապագան, իսկ երեխայի կրթութիւնն ու դաստիարակութիւնը՝ ամենակարեւոր առաքելութիւններից մէկն է, որ մեզ է վստահուած: Այս տարիների ընթացքում մեր անձնակազմը յանձնառութիւն է ստանձնել ապահովելու երեխաների հոգեւոր, բարոյական, մշակութային եւ սոցիալական զարգացումը՝ նրանց մէջ սերմանելով քրիստոնէական եւ համամարդկային արժէքներ: Մեր գլխաւոր առաքելութիւնն է երեխաների համար ստեղծել ապահով եւ սիրով լեցուն միջավայր՝ նպաստելով նրանց հոգեւոր եւ զգացմունքային աճին, ինչպէս նաեւ ամրապնդելով նրանց փոխյարաբերութիւնները իրենց հասակակիցների հետ:

Մանկութեան տարիները կեանքի ամենագունեղ տարիներն են, իսկ ամառային ճամբարները հնարաւորութիւն են ընձեռում երեխաներին ներկայ գտնուելու Սուրբ Պատարագի, մասնակցելու տարբեր ուսուցողական դասընթացների եւ քննարկումների, ինտելեկտուալ եւ սպորտային խաղերի, ձեռք բերելու նոր ընկերներ, գիտելիքներ եւ հմտութիւններ, ինչպէս նաեւ ինքնավստահութիւն: Իւրաքանչիւր տարիքային խմբի առանձնայատկութիւնները եւ հետաքրքրութիւնները հաշուի առնելով՝ կազմակերպւում են նաեւ մշակութային երեկոներ, ֆիլմի դիտումներ եւ տարբեր թեմաների շուրջ զրոյցներ:

Մեր ճամբարային օրերը լեցուն են հետաքրքիր իրադարձութիւններով, վառ գոյներով եւ երեխաների անկեղծ ժպիտներով: Եկէ՛ք աշխարհին նայենք երեխաների աչքերով, քանզի միայն այսպէս կարող ենք տեսնել կեանքի իրական գոյները: Եկէ՛ք աշխարհին եւ մեզ շրջապատող մարդկանց մօտենանք երեխաների նման մաքուր սրտով, եւ աշխարհը մեզ անպայման բարութեամբ կը պատասխանի:

 

Դիւան Առաջնորդութեան

Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրանիայի

եւ Արեւելեան Եւրոպայի Կաթողիկէ Հայոց

06/07/2021, 16:26