Որոնել

Vatican News
Աշոցքի երիտասարդները ուխտագնացութիւն կատարեցին դէպի Մայր Թերեզայի քոյրերի տուն Աշոցքի երիտասարդները ուխտագնացութիւն կատարեցին դէպի Մայր Թերեզայի քոյրերի տուն 

Աշոցքի երիտասարդները ուխտագնացութիւն կատարեցին դէպի Մայր Թերեզայի քոյրերի տուն

«Խոնարհ Սիրտ Յիսուսի, լցրու՛ իմ սիրտը, Մաքուր Սիրտ Յիսուսի, մաքրի՛ր իմ սիրտը, Սիրակէզ Սիրտ Յիսուսի, լցրու՛ իմ սիրտը, Յիսուս, ահա՛ ես, սիրի՛ր ինձ». Սրբուհի Մայր Թերեզա

2021-ի յունիսի 5-ին Տէր Յիսուս Քրիստոսի Ամենասուրբ Սրտին նուիրուած մի հոգեշահ ուխտագնացութիւն կատարեցինք Աշոցքի հայ կաթողիկէ հինգ համայնքների 34 երիտասարդների հետ միասին: Ուխտագնացութեան վայրը Մայր Թերեզային Գթութեան միսիոներների՝ Սպիտակի տունն էր, որտեղ քոյրերի հետ միասին ապրում են յատուկ կարիքներով մօտ երեք տասնեակ երեխաներ և չափահասներ: Քոյրերի տան մատուռում միասին մատուցեցինք Սուրբ Պատարագ՝ մեզ հիւրընկալող տան քոյրերի և յատուկ կարիքներով անձանց դիտաւորութեամբ: Պատարագի ընթացքում Աշոցքի երիտասարդներին պատմեցի Սրբուհի Մայր Թերեզայի կեանքի և նրա հիմնած Գթութեան քոյրերի միաբանութեան պատմութիւնը: Պատարագի աւարտին կատարեցինք Յիսուսի Սուրբ Սրտին նուիրման ջերմեռանդական աղօթքը և երգեցինք Լիթանիան: Երիտասարդներն օրհնութիւն ստացան Սրբուհի Մայր Թերեզայի մասունքով, խնդրեցինք Սրբուհու բարեխօսութիւնը՝ մեր երիտասարդների համար:

Աղօթքներից յետոյ մի գեղեցիկ հանդիպում կազմակերպեցինք քոյրերի տան սաների հետ: Մեր երիտասարդները մուլտերի հերոսների կերպարներով ուրախացրեցին երեխաներին, երգեցին և պարեցին նրանց հետ միասին: Հաշմանդամութիւն ունեցող երեխաներն ու երիտասարդները ևս երգեցին, բարեմաղթանքներ ասացին, աղօթեցինք միասին և հրաժեշտ տուեցինք քոյրերին ու սաներին՝ նորից նրանց այցելելու դիտաւորութիւն:

20-րդ դարում սկիզբ առած քրիստոնէական բարեսիրութեան ամենա ակնառու օրինակներից մէկը Մայր Թերեզայի հիմնած Գթութեան միսիոներների միաբանութեան գործունութիւնն է: Այն սկսուեց 1950թ. Հնդկաստանի Կալկաթա քաղաքից ու կարճ ժամանակում տարածուեց ամբողջ աշխարհում: Միաբանութիւնն այսօր ունի մօտ 5167 քոյր, ովքեր բարեգործական տարբեր ծրագրեր են իրականացնում 133 երկրներում: Միաբանութեան առաքելութիւնը, ինչպէս իրենք են ձևակերպել, «ամբողջ սրտով և ձրիաբար ծառայելն է ամենաաղքատներին»: Նրանք խնամում են հասարակութեան լուսանցքներում յայտնուած, լքուած, արհամարհուած անդամներին` հիւանդներին, հաշմանդամութիւն ունեցող անձանց, անտուններին, ալկոհոլամոլներին, ծնողազուրկ երեխաներին, տարեցներին և այլն:

Գթութեան քոյրերը ցոյց են տալիս մերձաւորին անձնուէր ծառայութեան, նրա հանդէպ սիրոյ գեղեցիկ նմուշներ, որոնց առաջին օրինակը նրանց համար եղաւ Մայր Թերեզան:

Մայր Թերեզայի և Գթութեան միսիոներների մասին առաւել մանրամասն պատմելու համար շուտով կպատրաստեմ մի գրքոյկ:

Տ. Յովսէփ Քհն. Գալստեան

07/06/2021, 15:50