Որոնել

Vatican News

ՀՐԱՇԱԳՈՐԾ ՍՐԲՈՒՀԻ ՌԻԹԱ. ԲԱՐԵԽՕՍ ԲՈԼՈՐ ԱԶԳԵՐԻ

«Ո՜վ Սրբուհի Ռիթա, Դուն ոչ միայն հաւատքի, աղօթքի եւ զոհաբերութեան մարմնացումն եղար, այլ նաեւ` սիրոյ անձնաւորութիւնն աստուածամերձ»: Մեսրոպ Հայունի

Շաբաթ, 22 մայիս, 2021 թուական. սքանչելագործ Սրբուհի Ռիթա Քաշիացու (1381-1457) տօնի առթիւ Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցուեց Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ մէջ՝ ձեռամբ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի:

Սուրբ գրային ընթերցումներից յետոյ, Գերյ. Հայր Սուրբը իր քարոզի մէջ ընդգծեց Սրբուհի Ռիթայի կեանքի կարեւոր դրուագները, որոնք անկիւնադարձ էին եւ սկիզբ տուին նոր հոգեւոր ապրումների։ Իր խօսքում վարդապետը մասնաւորապէս ասաց.

«Սիրելի՛ Ռիթայասէր Քոյրեր եւ Եղբայրներ,

Ապրելով իր սրբակենցաղ կեանքը՝ 1457 թուականի մայիս 22-ին՝ 76 տարեկան հասակում, Սրբուհի Ռիթան իր մահկանացուն կնքեց եւ Տիրոջ ձեռքերի մէջ յանձնեց իր հոգին: Սրբուհու մահուան բօթը գուժեցին վանքի զանգակները, որոնք ինքնաբերաբար հնչեցին:

1457-ից մինչ 2021 թուականն անցել է աւելի քան հինգ դար՝ 564 տարի, եւ Ս. Ռիթայի մարմինը շարունակում է մնալ անապական եւ անփուտ: Նրա դագաղի եզերքներից նուրբ եւ ազնիւ բոյրեր են տարածւում եւ գրաւում բովանդակ մենաստանը, մանաւանդ՝ մայիս 22-ին, եւ ես անձամբ, տարիներ առաջ, շնորհքը ունեցայ ապրելու այս աննկարագրելի աստուածային հրաշքը, որ կրկնւում է ամէն տարի:  

«Հրաշագործ Սրբուհին» շարունակում է իր սքանչելագործութիւնների շարքը, աշխարհի չորս կողմերում: Այսօր, Հայաստանում՝ մայր հայրենիքի հողի վրայ, Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցուն կից հիմնուեց Սրբուհի Ռիթայի անուան Միութիւնը, որի առաջին խումբը ձեւաւորուեց քսան հոգու անդամակցութեամբ։

Յարգելի՛ Ռիթայասէրներ, չմոռանանք, թէ Աստուծոյ համար անկարելի բան չկայ ու երբեք չի կարող լինել:

Իմացէ՛ք, որ աշխարհին ծանօթ եւ փաստուած են այն բոլոր հրաշագործութիւնները, որ կատարուել են Սրբուհի Ռիթա Քաշիացու միջնորդութեամբ։ Ուստի, հաւատով դիմէ՛ք նրա բարեխօսութեանը եւ ձեր խնդրանքները անպայման պիտի կատարուեն։

Երէկ, այսօր եւ բոլոր ժամանակների համար սրբուհի Ռիթան միշտ մնում է «ԱՆԿԱՐԵԼԻ ԲԱՆԵՐԻ ՍՐԲՈՒՀԻՆ եւ ԿՈՐՍՈՒԱԾ ԴԱՏԵՐԻ ՓԱՍՏԱԲԱՆՈՒՀԻՆ»։

Խորին եւ սրտագին երախտագիտութիւնս սիրեցեալ եղբայրս ի Քրիստոս՝ Հայր Մեսրոպ Ծ․ Վրդ․ Թոփալեանին, Սրբուհի Ռիթայի մասին հոգեւոր գրականութիւն տրամադրելու եւ Փանիկ համայնքում Սրբուհի Ռիթայի անուան այս Միութիւնը ստեղծելու գործում ինձ քաջալերելու համար»:

Սուրբ Պատարագի աւարտին կատարուեց վարդերի եւ սրբուհի Ռիթայի ոսկէփայլ մեդալի օրհնութիւն, ապա՝ հաւատացեալները մօտենալով Սրբուհի Ռիթայի մասունքին՝ խնդրեցին նրա օրհնութիւնը: Նորակազմ Միութեան անդամների հետ յիշատակի խմբային լուսանկար արուեց։   

Սրբուհի Ռիթայի հրաշքները բազմաթիւ են, սակայն ուզում եմ ձեզ ներկայացնել նրա հրաշագործութիւններից մէկը, որն ինձ շատ սրտամօտ է.

«1450 թուականի յունուար ամիսն էր: Չորս տարի էր, ինչ Ռիթան անկողնուն գամուած` մահատար հիւանդութեամբ էր տառապում: Ազգականները շտապում էին մահամերձին տեսութեան, նաեւ՝ փափաքում ունենալ Ռիթայի օրհնութիւնը:

Հրաժեշտի րոպէին` այցելուներից մէկի հարցումին ի պատասխան` Ռիթան խնդրեց նրան գնալ Ռոքքա Բորենա եւ իր պարտէզից բերել մէկ վարդ...

-       Յունուարի մէջ վա՞րդ քաղել եւ ո՞ր բուրաստանից...

Շրջապատող մարդիկ միմեանց նայեցին զարմանքով. արդեօ՞ք հիւանդը զառանցում էր ջերմութիւնից...

Ռիթան կրկնեց իր խնդրանքը: Կենսագրի բառերով. «Ազգականուհին իր խոստումէն ետ չմնալու համար, գնաց, մտաւ վաղուց լքուած այդ պարտէզը. ան տեսաւ անտերեւ, ցուրտէն եւ ձիւնէն ճռզած վարդենիի մը վրայ բացուած սքանչելի վարդ մը, կարմիր յակինթի պէս պսպղուն»:

Ապշահար մայրապետների բարձրահունչ գովերգի ընթացքին` Ռիթան  ժպտերես հոտոտեց հրաշածին վարդը եւ գոհունակ, սեւեռուն ակնարկով յուշաքաղեց իր մանկութեան հողն ու դաշ­տե­րը:

Ամէն տարի, մայիս 22-ին, Օգոստինեան վանքերի մէջ եւ Ս. Ռիթայի խորանների վրայ կը կատարուի վարդերի կամ ծաղիկների օրհնութիւն՝ ի յիշատակ «Ռիթայի Վարդի Հրաշքի»:

 

Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ,

Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութեան նախագահ

 

23/05/2021, 21:14