Որոնել

Vatican News
Հայ ժողովուրդի եռատօնը Փանիկում Հայ ժողովուրդի եռատօնը Փանիկում 

Հայ ժողովուրդի եռատօնը Փանիկում

Վառ է յիշողութիւնը եւ թարմ են վէրքերը, սակայն վստահ քայլերով պէտք է ընթանանք դէպի ապագայ:

Կիրակի, 09 մայիս, 2021 թուական. Զ Կիրակի Յինանց: Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցուեց Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ մէջ՝ ձեռամբ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի: Սուրբ Պատարագի աւարտին՝ Փանիկի կենդրոնական հրապարակում տեղակայուած Երկրորդ Համաշխարհային Պատերազմի (1941-1945) զոհերի յիշատակին նուիրուած յուշակոթողի մօտ տեղի ունեցաւ պաշտօն հանգստեան՝ ինչպէս Հայրենական, այնպէս էլ Արցախեան պատերազմում զոհուած զինուորների հոգիների հանգստութեան համար:

Միջոցառմանը ներկայ գտնուեցին՝ համայնքի ղեկավար պարոն Վարդան Մակեյեանը, Փանիկի Միջնակարգ դպրոցի տնօրէն պարոն Արսէն Մամիկոնեանը, Մանկապարտէզի տնօրէն Անուշ Մելքոնեանը, Արուեստի դպրոցի տնօրէն Իրինա Մխիթարեանը, ինչպէս նաեւ հաւատաւոր ժողովուրդի մի հոծ բազմութիւն:

Գերյարգելի վարդապետը խօսք առնելով՝ դիմեց ներկաներին.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր նշում ենք Շուշիի ազատագրման 29-րդ ամեակը: Թէեւ բոլորս քաջ տեղեակ ենք, որ կորցրել ենք արեամբ ձեռք բերուած եւ արցունքներով սրբուած այս տարածքը, սակայն մեր սրտերում վառ է յիշողութիւնը հայկական այս բնակավայրի մասին: Մեծ է վստահութիւնս Հայոց Բանակի նկատմամբ, լիայոյս եմ, որ դեռ վերադարձնելու ենք Շուշին, քանզի Շուշին երբեք Շուշա չի դառնայ: Այն եղել է եւ միշտ կը մնայ հայկական: Պատմութեան անցեալ եւ ներկայ բոլոր դէպքերը պէտք է կարողանանք ճշգրտութեամբ փոխանցել մեր ապագայ սերունդներին, որպէսզի նրանք նոյն հայրենասիրութեամբ շարունակեն պայքարել, վերահաստատել արդարութիւնը եւ հայկական ներկայութիւնը այս տարածաշրջանում:

Մեր զինուորների թանկագին արեան թափուած իւրաքանչիւր կաթիլ՝ այսօր մէկ նոր կեանք է ծնում հայոց սրբազան հողի վրայ: Յաւէրժ փա՛ռք մեր բոլոր զինուորներին»:

Հայ ժողովուրդի եռատօնը Փանիկում
Հայ ժողովուրդի եռատօնը Փանիկում

Ներկաներին խօսք ուղղեց նաեւ Փանիկ համայնքի ղեկավար պարոն Մակեյեանը՝ շնորհակալութիւն յայտնելով ժողովրդապետ Գերյ. Հայր Գառնիկին եւ միջոցառման բոլոր կազմակերպիչներին: Պարոն Մակեյեանն ընդգծեց նմանատիպ միջոցառումների կարեւորութիւնը՝ մատաղ սերնդի մէջ յիշողութեան պահպանման եւ հայրենասիրական ոգով դաստիարակութեան գործում: Նաեւ նշեց, որ նմանօրինակ միջոցառումները մարտահրաւէրներ են, որպէսզի յիշելով անցեալը՝ կարողանանք կերտել ապագան:

Միջոցառման աւարտին ծաղիկներ խոնարհուեցին յուշակոթողի առջեւ:

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի…

 

Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ,

Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութեան նախագահ

Հայ ժողովուրդի եռատօնը Փանիկում
Հայ ժողովուրդի եռատօնը Փանիկում

 

10/05/2021, 12:17