Որոնել

Սուրբ Պատարագ Սուրբ Պատարագ 

Յոյսը՝ հոգևոր-մշակութային ժառանգութեան մէջ. Հայոց Ցեղասպանութեան

Նախ մատուցեցինք Սուրբ Պատարագը՝ հայցելով Տիրոջ Սուրբ Զոհի միջնորդական զօրութիւնը՝ 1915-1923թթ. Արևմտեան Հայաստանում օսմանեան և երիտթուրքական կառավարութեան ոճրագործների ձեռքով սպաննուած մեր բիւրավոր նահատակների, 1921թ. Մեծ Սեպասարում թուրք ասկյարների ձեռքով խոշտանգուած նահատակ հոգևոր հովիւ Տ. Դավիթ քհն. Կոստանյանի, ապա՝ նաև 2021թ. Արցախեան երրորդ պատերազմի ընթացքում Աշոցքի հայ կաթողիկէ հինգ համայնքներից զոհուած մերօրեայ հինգ նահատակների համար:

«Կամենու՞մ ես առողջանալ», Յվհ. 5, 6

Սրտի անհու՜ն գոհունակութեամբ եմ սկսում այս փոքրիկ յօդուածը՝ փաստելով, որ Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցն այս տարի յիշատակեցինք Մեծ Սեպասարի Սուրբ Փրկիչ եկեղեցում՝ միասնական Սուրբ Պատարագով և համերգային ծրագրով, որոնց մասնակցեցին ոչ միայն Մեծ Սեպասարի, այլև՝ հարևան ևս չորս հայ կաթողիկէ գիւղերի բազմաթիւ հաւատացեալներ, մեծաւ մասամբ երիտասարդներ, ինչպէս նաև Անարատ Յղութեան հայ միաբան քոյրեր, և Օքրո Օքրոյանի անվան «Աստուած սեր է» գրական հիմնադրամի ներկայացուցիչները:

Նախ մատուցեցինք Սուրբ Պատարագը՝ հայցելով Տիրոջ Սուրբ Զոհի միջնորդական զօրութիւնը՝ 1915-1923թթ. Արևմտեան Հայաստանում օսմանեան և երիտթուրքական կառավարութեան ոճրագործների ձեռքով սպաննուած մեր բիւրավոր նահատակների, 1921թ. Մեծ Սեպասարում թուրք ասկյարների ձեռքով խոշտանգուած նահատակ հոգևոր հովիւ Տ. Դավիթ քհն. Կոստանյանի, ապա՝ նաև 2021թ. Արցախեան երրորդ պատերազմի ընթացքում Աշոցքի հայ կաթողիկէ հինգ համայնքներից զոհուած մերօրեայ հինգ նահատակների համար:

Քարոզիս ընթացքում նուաստս նախ պատմական մի անդրադարձ կատարեցի Աշոցքի հայ կաթողիկէ գիւղերի ձևաւորման ընթացքին, որի դրդապատճառը եղաւ թուրքական կառավարութեան հայատեաց քաղաքականութիւնը՝ դեռևս Մեծ Գաղթից առաջ, որ տեղի ունեցաւ 1829-31թթ., Արևմտեան Հայաստանի տարբեր գաւառներից դէպի Արևելեան Հայաստան: Աշոցքի հայ կաթողիկէները թուրքական վայրագութիւնների յիշողութիւնները ժառանգել են իրենց արեան հետ, նրանց պապերն այն տեսել են դեռևս Արևմտյան Հայաստանում՝ Մեծ գաղթից առաջ, ապա արդեն Շիրակի հիւսիսային հատուածում հաստատուելուց յետոյ՝ 1918թ.՝ թուրքերի կողմից Ալեքսանդրապոլի գաւառի 6-ամսեայ օկուպացիայի ժամանակ, և, մանաւանդ, 1920-21թթ. հայ-թուրքական պատերազմի ժամանակ: Հայաստանի Ազգային արխիւի տեղեկութիւնները փաստում են հետեւեալը. «Թուրքական բանակում «այլասերումը մեծ չափեր» էր ընդունել: Թուրքերն ամենուր իրենց պահում էին անասելիօրէն սանձարձակ: Ժամանակակիցը վկայում է, որ Խոտայ Խարաբա (Բավրա), Դարակեյ (Սարագյուղ), Կոր-Աղբյուր (Սիզավետ), Կոյակուլի-Ղազանչի եւ Շիշթափա (Սեպասար) հայկական գիւղերում կանայք եւ աղջիկները ենթարկուել են բռնարարքների, նրանց մի մասին առեւանգել են տաճիկները, իսկ մի մասին էլ՝ հարեւան Աղաբաբայ գիւղի թուրքերը: Այդ գիւղերում պատկերը շատ ծանր էր. ամեն ինչ կամ աւերուած էր, կամ էլ վառուած, ամենուր ընկած էին տասնեակ դիակներ, պատահում էին նաեւ կիսամեռ եւ սովահար եղած երեխաներ ու ծերեր»: Թուրքերը անխնայ թալանում էին ամեն ինչ՝ տան կահոյքը, նոյնիսկ վառարաններ, ի սպառ ունեզրկում բնակիչներին, տանում էին հացահատիկի բերքը, անասունները, «բայրա» կոչուած հարկ պահանջում գիւղացիներից, ովքեր հրաժարւում էին կատարել իրենց պահանջները, գաղտնի սպանում էին, հիմնականում գիշերները: Այդ օրերին թուրք ասկյարները Փոքր Շիշթափայում (Փոքր Սեպասար) սպանել են Տեր Դավիթի քրոջ որդիներից Արշակին, որի եղբայրը՝ Նիկոլը՝ մի քաջ տղայ, վրէժխնդիր է եղել՝ սպանելով Արփագյոլի ենթաշրջանի կամ Աղբաբայի թուրք կառավարիչ Ղահրամանին: Այսպիսի յանդուգն քայլն, ի յարկէ, չէր կարող անտեսուել թուրքական բանակի իշխանութիւնների կողմից, որ վստահ էին, թէ իրենց ամեն ինչ կարելի է: Ալեքսանդրապոլի օրուայ կոմունիստական յեղափոխական կոմիտէն ոչ մի փաստացի իշխանութիւն չունէր՝ զսպելու նրանց վայրագութիւնները եւ թալանը: Նիկոլը փախչել եւ թաքնուել է թուրքերից: Մահուան սպառնալիքը կախուել է Տէր Դաւթի եւ նրա ընտանիքի վրայ: Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում տեղի է ունեցել ընդհարում թուրք զինուորների եւ գիւղացիների միջեւ: Գիւղացիները կռուել են թուրքերի դէմ, ինչը բացառիկ երեւոյթ էր այդ օրերին Ալեքսանդրապոլի գաւառում ընդհանրապէս: Շատ քչերը կը համարձակուէին դէմ կանգնել թուրք զինուորներին, այն էլ առանց զէնքի: Թուրքերն այդ կռուի ժամանակ սպանել են ութ գիւղացու: Տէր Դաւթին գիւղացիները խնդրել են, որ փախչի գիւղից, բայց քաջ հոգևոր հովիւն ասել է, որ իր գիւղից եւ ժողովրդից չի հեռանայ և ոչ մի դէպքում: Յունուարի 6-ի գիշերը՝ Աստուածայայտնութեան տօնին, թուրքերը ներխուժել են Տէր Դավթի տուն, քահանային դուրս հանել միայն շապիկով եւ ոտաբոպիկ, խոտի պարանով կապած ձիով քարշ են տուել գիւղով մէկ՝ սառնամանիքի եւ ձյան մէջ, ծեծելով եւ նուաստացնելով: Այդ տեսարանը պատկերացնել արդեն սարսափելի է՝ այդ յաղթանդամ, երկարամորուս, սպիտակազգէստ քահանան քայլում էր իր գողգոթայի ճանապարհը դէպի մահ՝ իր Խաչեալ Տիրոջ հետքերով, որպէս Տիրոջ եւ իր հոտի հաւատարիմ ծառայ: Տէր Դավթին արիւնաքամ քարշ են տել եկեղեցու բակ եւ սրերով վայրագօրեն կտրատել: Պատմում են, որ իրիցկինը՝ արիասիրտ մի կին, յատակից սրբել է իր նահատակ ամուսնու արիւնը, ապա կարել կտրատուած մարմնի մասերը…

Ուզեցի, որ այս պատմութիւնը, որ լաւ դրոշմուի մեր երիտասարդ սերնդի սրտերում, որովհետև սա հաւատքի համար մարտիրոսութեան մի պատմութիւն է: Հաւատքը կեանքի գնով պաշտպանելու կամքն է եղել պատճառը, որ Մեծ Գաղթից յետոյ նախկին արևմտահայերը կարողացել են յարմարուել նոր միջավայրին, կառուցել եկեղեցիներ, ստեղծել համայնքներ, դիմագրաւել են կոմունիստական տարիների աստուածատեաց քաղաքականութեան աւերներին՝ ապրելով ըստ իրենց ժառանգած հոգևոր և բարոյական արժէքների: Մեր նոր օրեայ 2020 թուականի նահատակները ևս, գիտակցել են դա, թէ ոչ, նահատակուել են այդ արժէքների համար, հաւատքի և հոգևոր ինքնութեան համար, որովհետև չարը՝ այն «ոսոխը՝ սատանան, որ մռնչում է առիւծի պէս և փնտրում է, թէ ում կուլ տա», ըստ Պետրոս առաքեալի խօսքերի, ջանք չի խնայում վնասելու Քրիստոսի նուիրեալների հոտը՝ թուրքերի և ազերիների նման բարբարոսների ձեռքով, որովհետեւ սարսափում է հաւատքի ամրութիւնից, որ տեսնում է քրիստոնեաների մօտ:
Անդրադարձ կատարեցի նաև մեր համայնքների ներկայ հոգևոր նկարագրին, համընդհանուր անտարբերութեանը՝ հոգևորի նկատմամբ, եկեղեցական պաշտամունքային կեանքի նկատմամբ, ապաշխարութեան նկատմամբ, որը մեզ միշտ դարձնում է խոցելի չարի յարձակումների դիմաց: Մարգարէները մեզ շատ յստակ բացատրում են պատերազմների, աղքատութեան, ամեն տեսակ չարիքների պատճառը, որ մեր հաւաքական մեղանչական կեանքն է, սառնութիւնը մեր հանդէպ աստուածային ի սպառ սիրոյ հանդէպ, մեր հոգևոր կուրութիւնը, որի հետևանքներն են մեր ազգային անմիասնականութիւնը, ատելութեան, բամբասանքի մթնոլորտը, որում ապրում ենք, անհաւատութիւնը, պարտութիւնը և յուսահատութիւնը: Վստահ եմ, որ ռազմական, տնտեսական, քաղաքական պարտութիւնը հոգևոր պարտութեան հետևանք են, հետևաբար, նախևառաջ հարկաւոր է դարձի գալ, անցնել ապաշխարութեան ճանապարհ, յաղթել չարին հոգևոր դաշտում՝ անհատական և հաւաքական կեանքում՝ ընտանիքում, համայնքում, որպէսզի կարողանանք նաև ունենալ յաղթանակներ հասարակական հարթութեան մէջ և արտաքին թշնամիների դէմ: Մենք սիրում ենք խօսել պահանջատիրութիւնից և հայ դատից, բայց զլանում ենք անդրադառնալ, թէ Տէրն ինչ է պահանջում մեզանից և որն է պատճառը մեր ազգային ձախողումների: Ի վերջոյ, մեր սիրելի հաստատաբանեցրին հրաւիրեցի մտածել օրուայ աւետարանական հատուածի շուրջ, որտեղ Յիսուս հարցնում է Բեթհեզդայի աւազանի մօտ պառկած և 38 տարուց ի վեր հիւանդ անդամալոյծին. «Կամենու՞մ ես առողջանալ», Յվհ. 5, 6.
այսօր ինքներս մեզ պէտք է ուղղենք Տիրոջ այս հարցը՝
կամենու՞մ ենք լինել առողջ՝ հոգևորապէս, բարոյապէս, հոգեպէս, որպէս ընտանիք, սոցիալապաես, որպէս համայնք և որպէս ազգ,
կամենու՞մ ենք դարձի գալ մեր չար ճանպահներից,
կամենու՞մ ենք սուրբ լինել, ինչպէս մեր Տէրը սուրբ է, ըստ իր խօսքի,
ուստի կամենու՞մ ենք յաղթել չարին:

Եթէ այո, ապա պետք է հետ հաեացք գցենք մեր հոգևոր ժառանգութեանը, Աստծոյ Խօսքին, մեր նահատակների վկայութեանը և մեր ազգի հոգեմտաւոր, ստեղծագործական ժառանգութեանը, գնահատենք մեր համայնքների ներուժը, երիտասարդների ստեղծագործական պոտենցիալը և ապաշխարելով՝ առաջ շարժուենք դէպի այն պայծառ ապագան, որը մեզ կարող է պարգևել միա՛յն Տէրն ինքը:

Այս աղօթախառն մտորումներով մատուցեցինք Տիրոջ Սուրբ Զոհը, ապա աղօթեցինք Նահատակներին ուղղուած միասնական մի աղօթք, խնդրեցինք Ցեղասպանութեան նահատակ Երանելի Իգնատիոս Արքեպս. Մալոյանի բարեխօսութիւնը, որից յետոյ տեղի ունեցաւ համերգային ծրագիրը: Եկեղեցու երգչախումբը՝ Հայաստան Ավետիսյանի ղեկավարութեամբ, Յովհաննէս Միքայելյանի և Արթուր Սահակեանի մեներգային ելոյթներով կատարեց հին հայկական երգեր՝ «Ադանա», «Հորովել», «Կռունկ», «Կիլիկիա», «Արի իմ սոխակ», «Բարի արագիլ», իսկ պատանիներն ու երիտասարդներն արտասանեցին ստեղծագործութիւններ՝ Պարույր Սևակից, Յովհաննէս Շիրազից, Ռազմիկ Դավոյանից, Վարդգես Պետրոսեանից, Սիլվա Կապուտիկեանից և Ջավախքի Տուրցխ հայ կաթողիկէ գյուղից սերող բանաստեղծ Օքրո Օքրոյանից: Օքրոյանի՝ Եղեռնին նուիրուած գործերին ծանօթացնելը շատ կարևոր համարեցի, որպէսզի մեր հաւատացեալները ճանաչեն մեր հայ կաթողիկէ աղօթասէր, հաւատքով ամուր գրողներին, որոնց կարիքը մեր հայ հասարակութիւնը շատ ունի: Օքրոյանը, այդպիսի ամենավառ անհատականութիւններից է: Օքրո Օքրոյանի անվան «Աստուած սէր է» գրական հիմնադրամի ներկայացուցիչները գրքեր նվիրեցին մեր երիտասարդներին: Ապա շնորհակալութիւն յայտնեցի մեր երիտասարդներին, ներկաներին և Օքրոյանի անվան հիմնադրամին՝ ի դէմս տնօրէն Աննա Գիչյանի, որ օգնեցին կազմակերպել այս միասնական աղօթական ձեռնարկը, ինչպէս նաև Արցախ պատերազմում վիրավորուած և զոհուած մէկ տասնեակից աւելի մեր երիտասարդների ընտանիքներին ֆինանսական աջակցութիւն ցուցաբերելու համար: Շնորհակալ եմ նաև քոյր Մարիամ Յարութիւնեանին համայնքի պատանիների հետ մեծ աշխատանք տանելու և այս ձեռնարկի կազմակերպմանն օգնելու համար:
Վերջում երիտասարդական կենտրոնում մի փոքրիկ հիւրասիրութիւն կազմակերպուեց՝ թեյի սեղանի շուրջ:
Այս ամենի համար երիցս փառք եմ տալիս Տիրոջը և խնդրում շնորհներ, որպէսզի կարողանանք միշտ ամուր պահել հաւատքը և Յոյսը մեր համայնքներում. ամէն:

Տ. Յովսէփ քհն. Գալստեան
Հոգևոր հովիւ՝ Աշոցքի հինգ հայ կաթողիկէ համայնքների

Սուրբ Պատարագ ընթացքին
Սուրբ Պատարագ ընթացքին

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

26/04/2021, 07:40