Որոնել

Vatican News
Արհ. Ռաֆայէլ Արք. Մինասեան Արհ. Ռաֆայէլ Արք. Մինասեան 

«Մի՛ մոռացէք մեզ, մենք ո՛չ թէ աղքատ ենք, այլ՝ շնչահեղձ ենք լինում». Արհ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի հարցազրոյցը իտալական լրատուամիջոցին

«Պատերազմը, – ասում է Սրբազանը, – արտայայտումն է մարդկային մտքի տկարութեան, փոխ ըմբռնման ձախողման, երկխօսութեան ուղիների խզման, դիւանագիտութեան անզօրութեան և այլոց իրաւունքների ոտնահարման»:
Ունկնդրէ լուրը

«Ազգային, հոգեբանական և հոգևոր մխիթարութիւնը մեր ժողովրդին յոյս և հաւատ ներշնչեց, որ մոռացուած չէ», – Արևելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէների Առաջնորդ Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը «SIR» տեղեկատուական գրասենեակին տուած հարցազրոյցի մէջ այսպէս մեկնաբանեց «պատերազմի մտածելակերպ» գաղափարը, որ Զատկական «Urbi et Orbi» օրհնութեան ժամանակ յայտնել էր Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը՝ խօսքն ուղղելով Լեռնային Ղարաբաղին և պատերազմներից տուժած այլ երկրներին:

2020 թուականը աղէտներով լի տարի էր Հայաստանի համար: Երկիրը ստիպուած եղաւ ո՛չ միայն պայքարել համաճարակի դէմ, այլեւ՝ առերեսուել Լեռնային Ղարաբաղում իրեն պարտադրուած պատերազմին, որի ժամանակ պարտութեան մատնուեց ադրբեջանցի հակառակորդի կողմից, ինչը ծանր հետևանքների հանգեցրեց ներքին սոցիալ-քաղաքական համակարգում: Պատերազմական գործողութիւններից վեց շաբաթ անց՝ 2020 թուականի նոյեմբերի 10-ին, Մոսկվայում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխաւորութեամբ, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրուեց համաձայնագիր, որը Լեռնային Ղարաբաղի փոքրիկ տարածաշրջանը մասերի բաժանեց: Տարածքային այս «բաժանումը» էլ աւելի աղքատ և տկար դարձրեց տարածաշրջանը:

«Շատ ընտանիքներ տառապում են իրենց երեխաների բացակայութիւնից», – ասում է Արքեպիսկոպոս Մինասեանը՝ ուշադրութիւն հրաւիրելով գերիների մինչ օրս չլուծուած խնդրին: Ձերբակալուած են ո՛չ միայն այն զինուորները, ովքեր գերեվարուել են պատերազմի ընթացքում, այլեւ անձինք, ովքեր մնացել էին Ադրբեջանին յանձնուած շրջաններում, որպէսզի պաշտպանէին իրենց սեփականութիւնը: Խօսքը նուազագոյնը 64 անձանց մասին է: «Նրանք ձերբակալուեցին և կտտանքների ենթարկուեցին՝ ահաբեկիչներ լինելու մեղադրանքով: Եթէ նրանք ահաբեկիչներ էին, ապա, ինչո՞ւ այս բանտարկեալներից ոմանք ազատ արձակուեցին»:

Մինչ սեղանի շուրջ նստած դիւանագէտները «աշխարհագրական քարտէզի» վրայ բաժանում էին տարածքները՝ որոշւում էր բազմաթիւ ընտանիքների ապագան՝ ստիպելով նրանց թողնել հայրենի տունն ու գիւղը և ապաստան գտնել Հայաստանում: Լեռնային Ղարաբաղից փախստականների հոսքը պատերազմի հակառակ երեսն է: Ներկայումս, փախստականները ապաստան են գտել Հայաստանի երեք շրջաններում: Նրանցից ոմանք հաստատուեցին Լեռնային Ղարաբաղին սահմանամերձ Գորիս քաղաքում, մեծամասնութիւնը ապաստան գտաւ Արտաշատ քաղաքում, որտեղ գտնուում է Խոր Վիրապը, ուր և բանտարկուած է եղել Սուրբ Գրիգոր Լուսաւորիչը՝ առաքեալ, ով Քրիստոնէութիւնը տարածեց այս տարածաշրջանում: Միւսները նախընտրեցին ուղղակիօրէն հաստատուել մայրաքաղաք Երևանում:

«Մենք՝ որպէս տեղական Եկեղեցի, կիսում ենք նրանց աղքատութիւնը: Վերջին ամիսների ընթացքում՝ որպէս Հայկական Կարիտաս, աջակցութիւն ենք տրամադրել 14.000 ընտանիքի», – ասում է Եպիսկոպոսը:

«Հաշուի առնելով իրավիճակը՝ մեր կողմից տրամադրուող աջակցութիւնը տարատեսակ է. բնակարանի վարձավճարներ, սնունդ, բժշկական օգնութիւն, մասնաւորապէս՝ ուշադրութեան կենտրոնում պահելով մայրերին և նրանց նորածին երեխաներին: Այս ընտանիքներից շատերը բաժանուած են. նրանք, ովքեր մնացին պաշտպանելու իրենց տները՝ այն շրջաններում, որոնք յանձնուեցին Ադրբեջանին, և նրանք՝ ովքեր ստիպուած եղան լքել և հեռանալ: Այսօր անորոշ և անհասկանալի մի իրավիճակ է ստեղծուել՝ աւելի լաւ է ետ վերադառնալ, թէ՝ հաստատուել Հայաստանում: Մեզ մտահոգում է նաև այն, որ արտերկրից ստացուող օգնութիւնը հետզհետէ նուազում է»:

Մոսկուայում ստորագրուած համաձայնագիրը Երևանում հակակառավարական ցոյցեր հրահրեց: «Ներքին բաժանումները, որ կային մինչ պատերազմը՝ էլ աւելի սրացան պատերազմից յետոյ», – վհատութեամբ նշում է Եպիսկոպոս Մինասեանը, սակայն, մեծ յոյսով սպասում առաջիկայ Յունիս 20-ին կայանալիք վարչապետի արտահերթ ընտրութիւններին: «Լիայոյս ենք, որ այս ընտրութիւնները կվերականգնեն Հայաստանի ներքին հաւասարակշռութիւնը, որը կնպաստի ճգնաժամի յաղթահարմանը և տարբեր խմբերի միջև հաշտութեանը՝ ի բարօրութիւն Ազգի»:

«Ներքին միասնութեան մէջ ուժ գտնելով՝ հնարաւոր կլինի դիմագրաւել այն անորոշ խաղին, որ սկսել է միջազգային հանրութիւնը՝ ելնելով իր եսասիրական նկրտումներից և հետապնդելով սեփական շահը՝ բոլորովին չմտահոգուելով մեր ժողովրդի ճակատագրով»:

Զատկին Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը խօսեց ընդդէմ «պատերազմի մտածելակերպի»: «Պատերազմը, – նկատում է Արքեպս. Մինասեանը, – մարդկային մտքի տկարութեան արտայայտումն է, փոխ ըմբռնման ձախողումը, երկխօսութեան ուղիների խոտորումը, դիւանագիտութեան անզօրութիւնը և այլոց իրաւունքների ոտնահարումը: Խաղաղութեան հասնելու համար լուծումներ կարելի է գտնել միայն դիմակայութեան, հաշտութեան և սեփական շահը չհետապնդելու դէպքում: Այս ճանապարհից շեղումը անխուսափելիօրէն տանում է դէպի զինուած հակամարտութիւններ»:

Այնուհետև, Արքեպիսկոպոս Մինասեանը միանում է Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսի խաղաղութեան կոչին: «Հայաստանը աղքատ չէ և հարուստ է բնական պաշարներով, պատմութեամբ և մշակոյթով, սակայն խեղդուած է, քանի որ չունի պատուհան դէպի արտաքին աշխարհ: Մի՛ մոռացէք մեզ, բացէ՛ք դռները մեր առջև: Եթէ ականջ ունէք լսելու՝ լսէ՛ք մեր ձայնը, եթէ բաց սիրտ ունէք՝ ընդունէ՛ք մեր աղօթքները՝ գործի դրէք աշխատելու ձեր կամքը»:

 

10 ապրիլի, 2021թ.

Հեղինակ՝ Մ. Կիարա Բիաջիոնի

Աղբիւրը՝ Հայկական Կարիտաս

27/04/2021, 12:11