Որոնել

Ֆրանչիսկոս Պապին Իրաք այցելութիւնը Ֆրանչիսկոս Պապին Իրաք այցելութիւնը 

Ովքե՞ր են Իրաքի Քրիստոնեաները:

Մենք՝ պար­թեւ­ներ, մա­րեր եւ իլա­մա­ցի­ներ, եւ նրանք, որ բնակ­ւում են Մի­ջա­գետ­քում, […] թէ՛ հրեա­ներ եւ թէ՛ հր­է­ու­թեան դար­ձած­ներ, կրե­տա­ցի­ներ ու արաբ­ներ, լսում ենք, որ նրանք խօ­սում են մեր լե­զու­նե­րով Աստծոյ մե­ծա­գոր­ծու­թիւն­նե­րի մա­սին» (Գործք Առաքելոց 2, 9-11):

Վատիկան Նիուզ

Իրաքի քրիստոնեաները, որ հնագոյն արմատներ ունեցող համայնք են եւ որոնց հետքերը տանում են դէպի Թովմաս առաքեալը՝ այսօր փոքրամասնութիւն են կազմում մի երկրում, որտեղ գերիշխում է մահմետական կրօնը: Ահա համայնապատկերի մի բազմազանութիւն, որ արտացոլուած է տարբեր ծէսերի հետեւող Եկեղեցիների մէջ՝ Կաթողիկէ, Օրթոտոքս եւ նոյնիսկ Բողոքական:

«Մենք՝ պար­թեւ­ներ, մա­րեր եւ իլա­մա­ցի­ներ, եւ նրանք, որ բնակ­ւում են Մի­ջա­գետ­քում, […] թէ՛ հրեա­ներ եւ թէ՛ հր­է­ու­թեան դար­ձած­ներ, կրե­տա­ցի­ներ ու արաբ­ներ, լսում ենք, որ նրանք խօ­սում են մեր լե­զու­նե­րով Աստծոյ մե­ծա­գոր­ծու­թիւն­նե­րի մա­սին» (Գործք Առաքելոց 2, 9-11): Գործք Առաքելոցում Պենտեկոստէի օրերի մասին նկարագրութիւնը վկայութիւնն է, որ դեռեւս առաքեալների ժամանակներից Միջագետքում՝ այժմեան Իրաքի տարածաշրջանում, տարածուած է եղել աւետարանի խօսքը:

Առաջին դարեր. Եկեղեցւոյ առաքելութիւնը

Այսպիսով, իրաքցի քրիստոնեաները անմիջական ժառանգներն են շատ խորը արմատներ ունեցող կրօնի՝Քրիստոնէութեան, որը ծնունդ է առել շատ աւելի վաղ, քան Իսլամը, որ սկզբնաւորուել է VII դարում: Քաղդէական Եկեղեցին հիմնուել է Բաբելոնում՝ ձեռամբ Սուրբ Թովմասի եւ նրա առաքեալներ Ադդայի եւ Մարի: Նրանք դարձի բերեցին հեթանոսների եւ աքսորեալ հրեաների: Փարիզի Կաթողիկէ Ինստիտուտի եւ Հռոմի Արեւելեան Ուսմանց Քահանայապետական Ինստիտուտի փրոֆէսոր Գերապայծառ Պետրուս Եուսիֆը իր խօսքի մէջ նշում է, թէ մ.թ. 70-ական թուականներին Սելեւկիայում եւ 90-ական թուականներին Արպէլում եւ Ատիապենէում՝ այժմեան Իրաքի հիւսիսային շրջանում, Եկեղեցին արդէն իսկ իր հաստատուն ներկայութիւնն ունէր եւ յայտնի էր «Արեւելքի Եկեղեցի» անուամբ: Համայնքներն ընդարձակուեցին եւ, IV դարի սկզբին՝ չնայած պարսկական հալածանքներին, ըստ նուիրապետական կարգի Եկեղեցին միաւորուեց:

345 թուականին Պատրիարքը Մալապար (Հնդկաստան) է ուղարկում մի մեծ առաքելախումբ: Շնորհիւ Սուրբ Թովմասի, այս տարածաշրջանում արդէն իսկ տարածուած էր քրիստոնէութիւնը: 646 թուականից սկսեալ սկիզբ դրուեց դէպի Չինաստան, ապա նաեւ Մոնկոլիա առաքելական արշաւներին: Արեւելքի Եկեղեցին հասաւ Մանճուրիա, Սումաթրա եւ Ճափոնի արեւելեան սահմաններ, մինչեւ իսկ Արեւմտեան Կիպրոս եւ Հարաւային Եմէն: XII-XIII դարերում՝ Արեւելքի Եկեղեցւոյ կազմում կային աւելի քան 200 թեմեր, որոնք հաւատացեալների թուի եւ ընդգրկած տարածաշրջանների առումով՝ ներկայացնում էին քրիստոնեաների կէսին:

Քրիստոնէական եւ աստուածաբանական առաջաւոր դպրոցներ հիմնուեցին Եդեսիայում, Անտիոքում եւ Նիզիպում: Բազմաթիւ ականաւոր հեղինակներ, ի թիւս որոնց՝ Սուրբ Եփրեմը, նպաստեցին գրական եւ հոգեւոր այս կեդրոնների զարգացմանն ու ազդեցութեան տարածմանը:

Անջատումը Հռոմից  

Իրաքում Քրիստոնէութեան պատմութիւնը նշանաւորուել է նաեւ պառակտումներով, երբ 380 թուականին՝ Թեոդոսիոս կայսեր գահակալութեամբ, Արեւելքում Քրիստոնէութիւնը պետական կրօն հռչակուեց: «Եփեսոսի Գ. տիեզերական ժողովից (431) եւ Քաղկեդոնի ժողովից (451) յետոյ աստուածաբանութեան դպրոցներում սկսեցին զարգանալ Քրիստոսաբանութեան հակադիր ուղղութիւններ», - ընդգծում է Լիլի Կաթողիկէ Համալսարանի Աստուածաբանութեան ֆակուլտետի պատմաբան եւ եգիպտագիտութեան դոկտոր Քրիստիան Քաննիւէն: Եփեսոսի Գ. տիեզերական ժողովի տարանջատումից յետոյ՝ Արեւելքի Եկեղեցին 1553 թուականին վերադարձաւ Կաթողիկէ Եկեղեցւոյ գիրկը:

Անկում՝ սկսեալ XIV դարից

Արաբական նուաճումների ժամանակաշրջանում՝ VII դարում, քրիստոնեաները կազմում էին Մերձաւոր Արեւելքի բնակչութեան մեծամասնութիւնը: Քրիստոնեաների եւ մահմետականների միջեւ մշակութային փոխյարաբերութիւնների ոսկէ դարաշրջան է համարւում IX-XIII դարերը, ինչպէս Եգիպտոսում, այնպէս էլ Սուրիայում եւ Միջագետքում: XIV դարից սկսեալ քրիստոնեաների թիւը Միջին Արեւելքում սկսեց զգալիօրէն նուազել: Ըստ Քրիստիան Քաննիւէի այս երեւոյթը պայմանաւորուած էր մահմետականութեան կողմից որոշակի հարկադրանքներով, եւ ոչ միայն… Չնայած այս ամէնին, անկումը տեւական չէր. Օսմանեան կայսրութեան տիրապետութեան տարիներին՝ XVI դարից մինչեւ XX դարի սկիզբը, Լեւանտի (Արեւելք) քրիստոնէական համայնքներում արձանագրուեց ժողովրդագրական աճ:

Քրիստոնէութեան խճանկարը

XX դարի առաջին կէսին, քրիստոնէական համայնքը կազմում էր բնակչութեան 30%-ը, սակայն, ժամանակի ընթացքում, պատերազմների եւ հալածանքների պատճառով, նրանցից շատերը ստիպուած եղան լքել երկիրը: Ըստ «L’Œuvre d’Orient»-ի տրամադրած տուեալների՝ տարածաշրջանում այսօր մեծամասնութիւն են կազմում Իսլամի հետեւորդները՝ 62% շիաներ եւ 37% սուննիներ: «La Croix»-ի հաղորդած տեղեկութիւնների համաձայն՝ քրիստոնեաները կազմում են բնակչութեան ընդամէնը 2%-ը, այսինքն՝ 400.000 մարդ: Փոքրամասնութիւն են կազմում նաեւ եզտիները, սապեիզմի եւ մանտեիզմի հետեւորդները:

Փարիզի Սորպոնի Համալսարանի փրոֆէսոր Ժերար-Ֆրանսուա Դիւմոն տարանջատում է Իրաքի տարածաշրջանում գործող Քրիստոնէութեան 12 ուղղութիւններ. Քաղդէական Կաթողիկէ Եկեղեցի (արեւելեան ծէսին հետեւող), Արեւելքի Ասորի Եկեղեցի, Ասորի Կաթողիկէ Եկեղեցի՝ միաւորուած Հռոմին, Ասորի Ուղղափառ (օրթոտոքս) Եկեղեցի (յայտնի է նաեւ Յակոբիկեան անուամբ), Հայ Օրթոտոքս Եկեղեցի (յայտնի «Հայ Առաքելական Եկեղեցի» անուամբ), Հայ Կաթողիկէ Եկեղեցի, Կաթողիկէ Եկեղեցի (լատին ծէսին հետեւող), Բողոքական Եկեղեցիներ, Յոյն Օրթոտոքս Եկեղեցի (բիւզանտական ծէս), Յոյն Կաթողիկէ (Մելքիդ) Եկեղեցի, Ղպտիներ, Անկլիքաններ:

Քաղդէական եւ Ասորի Եկեղեցիները

Քաղդէական Եկեղեցին սերում է Արեւելքի Եկեղեցուց, սակայն, 431 թուականից ի վեր՝ մերժելով Եփեսոսի Գ. տիեզերական ժողովը, սկսում է գործել անկախ: Բարգաւաճման հասնելով Միջագետքում եւ Պարսկաստանում՝ IV-XIII դարերում Քաղդէական Եկեղեցին կարողանում է Քրիստոնէութիւնը տարածել Հնդկաստանում եւ Չինաստանում: 1551 թուականին՝ վանական Ժան Սիմոն Սուլաքան ուղարկւում է Հռոմ եւ ընտրւում Պատրիարք, իսկ 1553 թուականին՝ ճանաչւում Քաղդէացիների Պատրիարք: Այսպիսով, վերականգնւում են արեւելեան ծէսին հետեւող Կաթողիկէ այս Եկեղեցւոյ եւ Հռոմի միջեւ փոխյարաբերութիւնները: 1830 թուականին՝ Մոսուլի Մետրոպոլիտ Արքեպիսկոպոս Ժան Հորմիզդ Բ-ն Պիոս Ը Քահանայապետի կողմից նշանակւում է Բաբելոնի Քաղդէացիների Պատրիարք: Էմմանուէլ Թովմաս Բ-ի (1900-1947) գահակալութեան տարիներին, ոչ կաթողիկէ քաղդէացիների մեծամասնութիւնը համախմբւում է Կաթողիկէ Եկեղեցւոյ շուրջ: Բաբելոնի Քաղդէացիների Պատրիարքի աթոռանիստը հաստատուած է Պաղտատում: Եկեղեցին ունի աւելի քան մէկ միլիոն հետեւորդ Իրաքից, Իրանից, Սուրիայից, Թուրքիայից, Լիբանանից, Յորդանանից եւ սփիւռքից, որոնց գրեթէ երկու երրորդը կազմում են Իրաքի քրիստոնեաները: Բաբելոնի Քաղդէական Եկեղեցւոյ ներկայիս Պատրիարք Կարդինալ Լուիս Ռաֆայէլ Սաքոն ընտրուել է 2013 թուականի փետրուար 1-ին:

1553 թուականին Քաղդէական Եկեղեցուն չի յաջողւում վերամիաւորել Արեւելքի Ասորի Եկեղեցւոյ բոլոր հետեւորդներին, ուստի Ասորի Եկեղեցին (նախկինում յորջորջուած նեսթորական) պահպանում է իր ինքնավարութիւնը: Այն ունի երկու պատրիարք եւ միաւորում է մօտաւորապէս 300.000 հաւատացեալների: Նրանք, ովքեր նախընտրում էին հետեւել լատին ծէսին, հիմնեցին փոքրաթիւ հետեւորդներ ունեցող լատինածէս Կաթողիկէ Եկեղեցին: Համաձայն 2005 թուականի տուեալների՝ նրանք կազմում էին Իրաքի քրիստոնեաների 0,6%-ը (4000 հետեւորդ): Ֆրանսայում կրթութիւն ստացած, ծագումով լիբանանցի, Քարմէլեան միաբանութեան անդամ Գերապայծառ Ժան-Պենժամէն Շլեյմանը 2000 թուականից գահակալութեան է անցել որպէս Պաղտատի լատինների Արքեպիսկոպոս:

Ասորի Կաթողիկէ եւ Օրթոտոքս Եկեղեցիները

Սկսեալ 451 թուականի Քաղկեդոնի ժողովից՝ Անտիոքի յոյները աստիճանաբար ընդունում են Քաղկեդոնի քրիստոսաբանութիւնը, մինչդեռ, Անտիոքի ասորիները ընդունում են մոնոֆիզիտ (միաբնակ) քրիստոսաբանութիւնը, ինչով էլ բացատրւում է պառակտումը Հռոմի եւ Կոստանդնուպոլիսի միջեւ: VIII դարի սկզբին արաբները ներխուժում են Միջագետք եւ Սուրիա: Ասորական Եկեղեցին հալածանքների է ենթարկւում բիւզանտացիների (IX դար), արաբների (X դար), մոնկոլների (XIII դար) եւ թամերլանների (XV դար) կողմից:

Հաւատարիմ մնալով իրենց պատմութեանը եւ աւանդոյթներին՝ ասորիները մտադիր չէին միանալ Կաթողիկէ Միացեալ Եկեղեցուն, որ հիմնել էին քաղդէացիները: Սակայն, 1557 թուականին, Պատրիարք Իգնատիոս Նեմեթալլահը միաւորւում է Հռոմի հետ: 1662 թուականին, երբ Պատրիարք ընտրուեց Իգնատիոս Անտրէ Ախիճան, Եկեղեցին ստանում է Ասորի Կաթողիկէ Եկեղեցի անունը: Եկեղեցիների միաւորմանն ուղղուած դիմադրութիւնը յամառօրէն շարունակուեց մինչեւ 1783 թուականը, երբ Եկեղեցին միաւորուեց Հռոմի հետ: Ասորի Եկեղեցւոյ Պատրիարքի աթոռանիստը հաստատուած է Լիբանանում: 175.000 հետեւորդներով, այն կազմում է Իրաքի քրիստոնեաների մօտ 9%-ը: Լիբանանում հաստատուած Պատրիարքարանը՝ 2009 թուականի յունուար 22-ից աթոռանիստն է Գերերջանիկ Իգնատիոս Եուսէֆ Գ Եունանի:

1783 թուականին Եկեղեցւոյ հետեւորդների մի մասը մերժում է Հռոմի հետ միաւորումը՝ հիմք դնելով Ասորի Յակոբիկեան Եկեղեցուն, որի աթոռանիստը հաստատուած է Դամասկոսում: Եկեղեցին ունի 750.000 հետեւորդ՝ կազմելով Իրաքի քրիստոնեաների 10%-ը:

Հայ Կաթողիկէ եւ Օրթոտոքս Եկեղեցիները

491 թուականին՝ ընդդիմանալով Քաղկեդոնի ժողովի որոշումներին, հայերը հիմնեցին Հայ Օրթոտոքս (Ուղղափառ) կամ որ նոյնն է Հայ Առաքելական Եկեղեցին: Պատմութեան մատուցած անակնկալների եւ դժբախտութիւնների՝ մասնաւորապէս 1915 թուականի Հայոց Ցեղասպանութեան պատճառով սկսուեց բնակչութեան զանգուածային գաղթը, ինչով էլ պայմանաւորուած է երկու փոքրաթիւ հայ համայնքների ներկայութիւնը Իրաքում: Այստեղ ապրող Հայ Առաքելական եւ Հայ Կաթողիկէ Եկեղեցիների հետեւորդների թիւը կազմում է 20.000:

Ժերար-Ֆրանսուա Դիւմոնն իր ուսումնասիրութեան մէջ նշում է, որ Իրաքի տարածաշրջանում Քրիստոնէութիւնը ենթարկուել է նաեւ բրիտանական գաղութացման ազդեցութեանը, որի ժառանգութիւնը մօտաւորապէս 200 բնակիչ ունեցող անկլիքան համայնքն է, որը գալիս է լրացնելու Իրաքի քրիստոնէական համայնքների խճանկարի բազմազանութիւնը:

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

04/03/2021, 08:11