Որոնել

Vatican News
«Փոքրիկ Իշխան» կենտրոնի եօթ սաներ ընդունեցին Սուրբ Մկրտութեան խորհուրդը «Փոքրիկ Իշխան» կենտրոնի եօթ սաներ ընդունեցին Սուրբ Մկրտութեան խորհուրդը 

«Փոքրիկ Իշխան» կենտրոնի եօթ սաներ ընդունեցին Սուրբ Մկրտութեան խորհուրդը

«Եթէ մէկը ջրից և հոգուց ծնուի, չի կարող Աստծոյ Արքայութիւնը մտնել», Յվհ. 3, 5

Հայկական Կարիտասի «Փոքրիկ իշխան» սոցիալական կենտրոններում հայ կաթողիկէ հոգևորականները աշխատակիցների և կամաւորականների հետ միասին մշտապէս աշխատում են՝ սաներին քրիստոնէական ոգով դաստիարակելու, հոգևոր և բարոյական նկարագիրը զարգացնելու ուղղութեամբ: Գիւմրիի կենտրոնում ամեն շաբաթ երեխաները հաւաքւում են կենտրոնի մատրան մէջ, որտեղ նրանց հետ զրուցում ենք քրիստոնէութեան տարբեր թեմաների շուրջ, պատասխանում նրանց յուզող բազմապիսի հարցերին, միասին աղօթք են բարձրացնում առ Աստուած, եկեղեցական տօների առթիւ կազմակերպում հոգևոր, մշակութային միջոցառումներ, սեմինարներ, քննարկումներ:

Սաներից ոմանք տարբեր պատճառներով դեռևս մկրտուած չեն: Երեխաների և ծնողների հետ մշտապէս խօսում ենք մկրտութեան խորհրդի անհրաժեշտութեան և անյետաձգելիութեան մասին և խնդրում օր առաջ մկրտուել՝ լիովին ազատ թողնելով մկրտութեան եկեղեցու և մկրտող քահանայի ընտրութեան հարցում: Գիւմրիի կենտրոնի սաներից 7-ը ինձ հետ զրոյցից յետոյ ցանկութիւն յայտնեցին մկրտուել, և փետրուարի 9-ին՝ Սուրբ Ղևոնդեանց քահանաների տօնին, Գիւմրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ առաջնորդանիստ տաճարում տեղի ունեցաւ 7 սաների մկրտութեան բերկրալից խորհրդակատարութիւնը: Մկրտութեանը ներկայ էին երեխաների ծնողները՝ կնքահայրերի հետ միասին: Սաներից երեքի կնքամայրը եղաւ կենտրոնի համակարգող Աննա Մարտիրոսյանը, ինչը խորհրդանշական էր երեխաների համար. սոցիալական և կրթական հմտութիւնների ոլորտում աջակցող աւագ ընկերը և կազմակերպիչն ընկերանում է նաև հոգևոր զարգացման և առաջնորդութեան ճանապարհին: Մկրտող քահանան խորհրդակատարութեան ժամանակ բացատրեց, որ մկրտութեան և դրոշմի խորհուրդների միջոցով երեխան վերածնւում է՝ ազատուելով ադամական և գործած մեղքերից և դառնալով նոր մարդկային արարած՝ մաքուր անօթ՝ պատրաստ իր մէջ կրելու Աստծոյ շնորհը և նմանուելու Տէր Յիսուս Քրիստոսին, հետևաբար մկրտութեան օրը մեծ տօն է, նոյնիսկ աւելի ուրախալից՝ քան մարդու ծննդեան օրը: Նոր մկրտեալ սաների համար օրը տօնական դարձաւ կենտրոնում պատրաստուած հիւրասիրութեան սեղանով և կարկանդակներով: Երեխաները ընկերների հետ ուրախացան և տօնեցին իրենց մուտքը՝ քրիստոնէական կեանք: Սա նաև յոյսի և ուրախութեան վերածնունդ էր կենտրոնում՝ 2020-ի տարեվերջեան յետպատերազմեան տխուր իրավիճակից յետոյ:

 

Տ. Յովսէփ Քհն. Գալստյան

19/02/2021, 06:58