Որոնել

Vatican News
 Հ. Նշան Արքեպիսկոպոս Գարաքեհէեանը Հ. Նշան Արքեպիսկոպոս Գարաքեհէեանը 

Ոչ եւս է վաստակաւոր Տէր Նշան Արքեպիսկոպոս Գարաքէհէեանը։

2005թ. իր մահուանից առաջ Յովհաննէս Պօղոս Բ Սրբազան Քահանայապետը Հ. Նշանին անուանեց Հայաստանի Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ՝ փոխարինելով Հ. Ներսէս Արքեպս. Տեր-Ներսեսյանին:

Երկուշաբթի, 15 փետրուարին, 89 տարեկանին երկրային կեանքից հեռացաւ Հ. Նշան Արքեպիսկոպոս Գարաքէհէեանը։

Կենսագրութիւն - Կազմաւորում

Արհ. Տ. Նշան Արքեպիսկոպոս Գարաքէհէեանը՝ մկրտութեան անունով Եղիան, ծնուել է Յունաստանի Բիրեա քաղաքում, 1932թ.:

Նախնական կրթութիւն ստացել է Հայ Կաթողիկէ և ՀԲԸՄ միացեալ վարժարանում, Ս. Յակոբի ազգային վարժարանում, Հայ Կաթողիկէ - Հ.Օ. Խաչ միացեալ վարժարանում, Ֆրեր Մարիստ բարձրագոյն ուսման նախապատրաստական դպրոցում: 1948թ. մտել է Զմմառի վանքի փոքր նորընծայարանը, իսկ 1955թ. ընդունուել Հռոմի Լևոնեան Վարժարան և 6 տարի յաճախել Յիսուսեան հայրերի քահանայապետական Գրիգորեան համալսարանի փիլիսոփայութեան և աստուածաբանութեան մասնաճիւղը:

Քահանայ է ձեռնադրուել 1960թ. յուլիսի 2-ին:

Ունկնդրէ լուրը

Առաքելութիւնը

1961-63թթ.եղել է Զմմառի նորընծայարանի հսկիչ, 1963-68թթ.՝Պուրճ-Համուտի փոխ ժողովրդապետ, 1968-69թթ.՝ Գահիրէի փոխ ժողովրդապետ, 1969թ.՝ Պէյրութի փոխ ժողովրդապետ, 1969-1976թթ.՝ Տըքուանէի Զմմառեան ճեմարանի տնօրէն, 1976-1977թթ.՝ Զմմառի Մեծաւոր և ընդհանուր մատակարար, 1977-78թթ.՝ Զալքայի հոգևոր հովիւ, 1978-1984թթ.՝ Սան-Պաուլոյի ժողովրդապետ և եպիսկոպոսական փոխանորդ, 1984-1991թթ.՝ Մարսեյի ժողովրդապետ, 1991թ.՝ Յունաստանի Հայ Կաթողիկէ թեմի առաջնորդ, 1993-2001թթ.՝ Առաջնորդական Փոխանորդ Կաթողիկէ Հայոց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի, 2001-2005թ.՝ Իրանի Հայ Կաթողիկէ թեմի առաջնորդ՝ 2001թ. ձեռնադրուելով եպիսկոպոս Իսպահանի թեմի:

2005թ. իր մահուանից առաջ Յովհաննէս Պօղոս Բ Սրբազան Քահանայապետը Հ. Նշանին անուանեց Հայաստանի Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ՝ փոխարինելով Հ. Ներսէս Արքեպս. Տեր-Ներսեսյանին: Թեմի առաջնորդի պաշտօնում Արհ. Տ. Նշան Արքեպիսկոպոս Գարաքէհեանը ծառայեց մինչև 2010թ.-ը:

2010-2015թթ. Արքեպս. Գարաքէհէեանը պաշտօնավարել է որպէս Իրանի և Յունաստանի հայ կաթողիկէների առաջնորդ:

2015-ից վաստակաւոր Նշան Սրբազանը բնակւում էր Երևանի հայ կաթողիկէ ժողովրդապետութեան մէջ:

Յուղարկաւորութեան արարողութիւն

Արհի. Հայր Ռաֆայէլ Արք. Մինասեանի նախագահութեամբ եւ թեմի հոգեւորականների, սգակիր հարազատների եւ հաւատացեալների մասնակցութեամբ կատարուելու են հետեւեալ արարողութիւնները.

Երեքշաբթի, 16 փետրուարին, ժամը 16.00ին՝ Երեւանի Նարեկացի ժողովրդապետութիւնում կը զետեղուի նորահանգուցեալ Սրբազան Հօր աճիւնը։

 - Ժամը 18.00ին՝ ժողովրդապետութիւնում կը կատարուի Տան կարգը։

Չորեքշաբթի, 17 փետրուարին, ժամը 12.00ին, Գիւմրու Սրբոց նահատակաց Աթոռանիստ եկեղեցում կը կատարուի եկեղեցւոյ կարգը։

Ի խորոց սրտի աղօթում ենք Արհիապատիւ Հօր հոգու խաղաղութեան համար ու Բարձրեալ Տիրոջից հայցում յաւիտենական հանգստութիւն:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

15/02/2021, 09:22