Լեհ կաթողիկէ ընտանիքներն օգնեցին արցախեան պատերազմից տուժած հայ ընտանիքների
Լեհական Վրոցլավ քաղաքում հիմնուած կաթողիկէ եկեղեցասէրների «Ընտանիքների գարուն» (Wiosna Rodzin) համայնքի անդամները՝ ջերմեռանդ և հայասեր ընտանիքներ, Սուրբ Ծննդեան տօնական օրերին Հայաստան ուղարկեցին իրենց դրամական հանգանակութիւնները և Գիւմրիի հայ կաթողիկէ համայնքի հաւատացեալներ տկն. Գոհար Շախուլեանի և պրն. Վարդան Շախուլեանի միջոցով ֆինանսական աջակցութիւն ցուցաբերեցին և նուէրներ տուեցին արցախահայ ընտանիքների, ովքեր ապաստանել են Հայ Կաթողիկէ Եկեղեցու հովանու ներքոյ, ինչպէս նաև՝ հայ կաթողիկէ համայնքներից Արցախեան պատերազմին մասնակցած և զոհուած կամ վիրաւորուած զինուորների ընտանիքներին: Ֆինանսական աջակցութիւն ստացաւ 22 ընտանիք, և Սուրբ Ծննդեան նուէրներ ստացաւ 34 երեխայ:
«Ընտանիքների գարուն» միութեան անդամները հայ ընտանիքների հետ ծանօթացել են Հ. Ռաֆայէլ Ծ. Վրդ. Կրավչիկի օգնութեամբ՝ վերջիններիս Լեհաստան այցելութեամբ, ապա լեհ ընտանիքների՝ Հայաստան երկու անգամ այցելութեամբ: Լեհերը՝ միութեան հիմնադիր Վալդեկ Բիկովսկու գլխաւորութեամբ նուիրուած են տարբեր երկրներում, այդ թւում և՝ Հայաստանում եկեղեցասէր կաթողիկէ ընտանիքների միութիւններ հիմնադրելու գաղափարին: Այս նպատակով դեռևս 2019-ի հոկտեմբերին նրանք հանդիպել էին Գիւմրիի ժողովրդապետ Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչեանի և տեղի մի քանի հայ ընտանիքների հետ, քննարկել հնարաւոր գործակցութեան ուղիները: 2020-ի փետրուարին «Ընտանիքների գարունը» օգնեց Երևանում կազմակերպել հոգևոր կրթութեան օրեր՝ հայ կաթողիկէ համայնքների մի քանի ընտանիքների համար՝ Տ. Կոմիտաս Քհն. Դավեյանի և Շախուլյանների ընտանիքի ջանքերով: Լեհ հաւատացեալները մտադիր էին ևս մէկ հոգևոր կրթութիւն հովանաւորել Հայաստանում՝ 2020-ի օգոստոսին, բայց խանգարեց համավարակի տարածումը: Փոխարէնը, հոգևոր կրթութեան գումարը տրամադրուեց արցախեան պատերազմից տուժածներին, ինչի համար մեծապէս երախտապարտ ենք լեհ ընտանիքների միութեանը:
Յատկապէս, ուզում եմ իմ անունից շնորհակալութիւն յայտնել «Ընտանիքների գարունը» միութեան անդամներին՝ առ այն, որ իրենց աջակցութիւնը ստացան նաև զոհերի և վիրաւորների 6 ընտանիքներ՝ Աշոցքի հայ կաթողիկէ համայնքներից:
Տեղեկատւութեան համար որպէս աղբիւր ծառայեց՝ Լեհաստանի հայ կաթողիկէ համայնքի կայքը
Տ. Յովսէփ Քհն. Գալստեան
Հոգևոր հովիւ Աշոցքի հինգ կաթողիկէ համայնքների