Որոնել

Vatican News
Եկեղեցին ի սկզբանէ և միշտ հաւատացել է Տիրամօր առանձնայատուկ սրբութեանն ու դերին Եկեղեցին ի սկզբանէ և միշտ հաւատացել է Տիրամօր առանձնայատուկ սրբութեանն ու դերին 

«Եկեղեցին ի սկզբանէ և միշտ հաւատացել է Տիրամօր առանձնայատուկ սրբութեանն ու դերին». Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայան

Եթէ մենք գտնւում ենք Նրա թիկնոցի տակ, ապա մեզ ոչ մի վտանգ չի սպառնում
Ունկնդրէ լուրը

Բ դարում արդեն իսկ յայտնւում են գրութիւններ հետևեալ խօսքերով. «Ողջոյն քեզ, Մարիամ, լի շնորհօք», որը յունարէն լեզուով էր: III դարում յայտնւում են աղօթքներ՝ ուղղուած Աստուածածնին, օրինակ. «Քո ողորմութեան ներքոյ»:

Տիրամօր առանձնայատուկ սրբութեան ու դերի մասին գաղափարը անընդհատ զարգանում և հասունանում էր: Եկեղեցին հասկանում էր, որ Աստուածածինը չէր կարող առնչութիւն ունենալ մեղքի հետ, քանզի նա ընտրուել էր Մարմնաւորուած Աստուծոյ մաքուր տաճարը դառնալու համար:

Վերջապէս, 1854թ. դեկտեմբերի 8-ին Պիոս IX պապը հռչակեց հաւատքի ճշմարտութիւնը՝ առ այն, որ Սուրբ Աստուածածինը դեռ Սբ. Աննայի արգանդում զերծ է եղել սկզբնական մեղքից, որն ամբողջ մարդկութիւնը ժառանգել է Ադամից ու Եւայից:

Մարիամը նոր Եւան է, անմեղ աղաւնի է, ով մարդկութեանը բերում է քաւութեան և վերածննդի բարի լուրը՝ Քրիստոսով: Այն լուրը, որ մեղքը վերջին խօսքը չէ և որ Նրանով մեզանից իւրաքանչիւրը յաղթել է մեղքը:

Աստուծոյ շնորհը ուժեղ է ամեն մեղքից: Մարիամը մեր Բարեխօսն ու Մայրն է: Շարունակելով Սբ. Պօղոս առաքեալի միտքը, ով ասում էր. «Որովհետև, ինչպես մեկ մարդու անհնազանդությամբ շատ մեղավորներ եղան, նույնպես և մեկի հնազանդությամբ շատ արդար պիտի լինեն: Բայց օրենքը մեջտեղ ընկավ, որպեսզի հանցանքները բազմանան, որովհետև, ուր որ մեղքը շատացավ, շնորհն առավել ևս շատացավ» (Հռմ. 5, 19-20), ինչպէս Եւայի միջոցով մենք դարձանք մեղքի և նախատինքի կրողներ, այնպէս էլ Մարիամի միջոցով դարձանք շնորհի և ողորմութեան կրողներ՝ Աստուծոյ ողորմութեամբ:

Պօղոսը խօսում է Ադամի և Քրիստոսի մասին, բայց դա արդար է, per analogiam, նաև Սուրբ Կոյս Մարիամի հանդէպ: Ի՞նչ է դա նշանակում մեզ համար: Այն, որ նա, ով ընդունում, երկրպագում, ընդօրինակում և գնում է դէպի Տիրամայրը, ծածկւում է Նրա շնորհի թիկնոցով:

Նա ինքն է պայքարում մեզ համար, Նա մեր գոյութեան ու կոչման, մեր մարդկութեան գեղեցկութեան սրբապատկերն է, Նա նաև մեր յոյսն է՝ լի շնորհներ ձեռք բերելու և Քրիստոսով փրկուելու համար: 

Մարիամը մեր հոգևոր յաղթանակի գրաւականն է՝ այն պայքարում, որ մենք մղում ենք՝ շնորհի և մեզանում Աստծոյ ներկայութեան համար:

Յունարէն բառը, որը դարձել է Մարիամի տիտղոսը. «Կեխարիտոմենե»՝ լի շնորհօք, ինչպէս Նրան կոչում է Գաբրիէլ Հրեշտակապետը, մեզ համար ևս դարձել է կոչ, որ Մարիամի հետ միասին, ում խոնարհութիւնը Աստծոյ կամքի առջև, վստահութիւնը Նրա խօսքին և հաւատարմութիւնը կործանեցին սատանային, ուրեմն՝ մենք էլ կյաղթենք չարին մեր մէջ և մեր շրջապատում:

Այդ պատճառով շատ կարևոր է սիրել Մարիամին, ապաւինել Նրան կեանքի բոլոր դժուարին և անհուրս իրավիճակներում, անվերապահօրէն հաւատալ, որ Նա կպաշտպանի ու կփրկի մեզ: Չտրուել մեղքին, ամեն անգամ վայր ընկնելուց յետոյ բարձրանալ և շարունակել ընթացքը: Մաքրուել Ապաշխարութեան խորհրդի միջոցով և ամրապնդուել Կեանքի Հացով՝ Սուրբ Հաղորդութեամբ: Հետևել Մարիամին և սովորել Նրանից՝ ինչպէս հաւատալ և սիրել:

Եթէ մենք գտնւում ենք Նրա թիկնոցի տակ, ապա մեզ ոչ մի վտանգ չի սպառնում, եթէ մենք գնում ենք հաւատքի ուղիով Նրա ձեռքը բռնած, ապա ճանապարհից չենք շեղուի և Նա անպայման մեզ կտանի Իր Որդու Թագաւորութիւն:

Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայան

Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

10/12/2020, 08:46