Որոնել

Vatican News
Լեհ հոգևորականներն այցելել են Հայաստան Լեհ հոգևորականներն այցելել են Հայաստան 

Լեհ հոգևորականներն այցելել են Հայաստան՝ օգնելու արցախահայ փախստականներին

Եղբայրասիրական միասնական ջանքեր՝ յանուն մարդու իրաւունքների պաշտպանութեան և Աստծոյ փառքի
Ունկնդրէ լուրը

Արցախից տեղահանուած և Հայաստանում ապաստանած արցախահայ փախստականներին օգնելու նպատակով Հայաստան է այցելել Լեհաստանի կաթողիկէ եպիսկոպոսների խորհրդաժողովի Արևելեան Եկեղեցիների օգնութեան բաժնի պատասխանատու Հայր Leszek Kryża-ն՝ ուղեկցութեամբ Ռոստովի հայ կաթողիկէների ժողովրդապետ Հ. Ռաֆայէլ Վրդ. Կրավչիկի: Դեռևս պատերազմի օրերին Հ. Ռաֆայէլը դիմել էր Հ. Kryża-յին՝ արցախահայ փաստաբաններին ինչ-որ կերպ աջակցելու խնդրանքով; Հ. Kryża-ն սիրով համաձայնել էր և առաջարկել միասին այցելել Հայաստան և տեղում ծանօթանալ արցախահայերի խնդիրներին:

Հ. Kryża-ն և Հ. Ռաֆայէլը Հայաստան եկան նախորդ շաբաթ՝ արցախեան պատերազմից դադարից անմիջապէս յետոյ: Նրանց դիմաւորել և այս բոլոր օրերին նրանց մշտապէս ուղեկցել և աջակցել է Փանիկի հոգևոր հովիւ Գերյ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը:  Հ. Kryża-ն և Հ. Ռաֆայէլը նախ Երևանում հանդիպել են Առաջնորդ Հայր Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանին, զրուցել արցախահայերի խնդիրների և Հայ Կաթողիկէ Եկեղեցու կողմից նրանց համար իրականացուող ծրագրերի վերաբերեալ, Հ. Kryża-ն ներկայացրել է Լեհաստանի եպիսկոպոսների խորհրդաժողովի մտադրութիւնը՝ օժանդակելու արցախահայերին: Հ. Kryża-յի այցելութեան երկրորդ նպատակն է ուսումնասիրել նաև հայ կաթողիկէ համայնքների և հոգևորականների խնդիրները և, հնարաւորութեան դէպքում, հետագայում աջակցել դրանց լուծմանը:

Լեհ հոգևորականները այցելել են Գիւմրի, զրուցել տեղի հայ կաթողիկէ հոգևորականների հետ, «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպութեան կենտրոնական գրասենեակում ծանօթացել արցախահայ տեղահանուածներին ցուցաբերուող մարդասիրական օգնութեան ծրագրերին, արցախահայութեան խնդիրներին, այցելել Հայ Կաթողիկէ Եկեղեցու «Աղաջանյան» ճամբար, որտեղ ապաստանել են մի քանի արցախահայ ընտանիքներ և օգտւում են Հայկական Կարիտասի աջակցութիւնից, տեղում նրանց տուել «մի համեստ օգնութիւն», ինչպէս ասել է Հ. Kryża-ն: Հոգևորականներն այցելել են նաև Հայկական Կարիտասի՝ Արտաշատի գրասենեակ, որտեղ ևս Հայկական Կարիտասն աջակցութիւն է ցուցաբերում արցախահայ հարիւրաւոր տեղահանուած ընտանիքների, որոնք ապաստանել են Արարատի մարզում:

Հ. Leszek Kryża-ն, Հ. Ռաֆայէլ Վրդ. Կրավչիկը և Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը միասին մատուցել են Սուրբ Պատարագներ՝ Արցախում զոհուած հայ նահատակ զինուորների համար՝ Գիւմրիի Սրբոց Նահատակաց Մայր Տաճարում, Ազատանի և Փանիկի եկեղեցիներում, տեղում ծանօթացել համայնքների խնդիրներին և հոգևոր զարգացման հնարաւորութիւններին:

Հ. Leszek Kryża-ն և Հ. Ռաֆայէլ Կրավչիկը Լեհաստան վերադարձան նոյեմբերի 20-ին:

Հ. Leszek Kryża-ն առաջիկայում մտադիր է դարձեալ այցելել Հայաստան՝ առաւել որոշակի և լայնածաւալ օգնութեան ծրագրերով: Հ. Ռաֆայէլ Կրավչիկի միջնորդութեամբ վերջերս Լեհաստանի Կարիտասը արցախահայ փախստականների օգնութեան համար տրամադրել էր 10.000 եւրօ գումար: Հ. Ռաֆայէլը բացատրում է, որ լեհ հաւատացեալները սիրով և մեծ պատրաստակամութեամբ աջակցում են հայ քոյրերին և եղբայրներին, սակայն դրամական հանգանակութիւնների արդիւնաւէտ կատարմանը կարող է խանգարել կորոնավիրուսի համաճարակը, որը հաւատացեալներին խանգարում է կանոնաւոր կերպով յաճախել եկեղեցիներ: Այնուամենայնիւ, հոգևորականները աղօթում են և լիայոյս են, որ կկարողանան իրագործել մարդասիրական որոշակի ծրագրեր՝ արցախահայ փախստական ընտանիքների համար:

Հ. Ռաֆայէլ Վրդ. Կրավչիկը 2014-2016թթ. հոգևոր ծառայութիւն էր կատարում Հայաստանում՝ Աշոցքի տարածաշրջանի հայ կաթողիկէ համայնքներում: Նրա նախաձեռնութեամբ և անխոնջ ջանքերով, Լեհաստանի հաւատացեալների առատաձեռն նուիրատուութիւններով կառուցուեց Արփենիի հայ կաթողիկէ եկեղեցին: Այս առիթով և արցախահայութեանը օգնելու ջանքերի համար յայտնում ենք մեր երախտագիտութիւնը լեհ ժողովրդին և նուիրեալ հոգևորականներին և հայցում Յիսուսի Սուրբ Սրտի ողորմութիւնը՝ նրանց համար և աշխարհի խաղաղութեան համար:

 

Տ. Հովսեփ Գալստյան

21/11/2020, 07:24