Որոնել

Vatican News
Ինչպէ՞ս դառնալ Քրիստոսի զինուոր Ինչպէ՞ս դառնալ Քրիստոսի զինուոր  (Musei Vaticani)

Ինչպէ՞ս դառնալ Քրիստոսի զինուոր

Ամբողջ կեանքը պայքար է յանուն բարու, յանուն այն լոյսի, որն առկայ է մեզանում և մեր շուրջ բոլորը՝ մեր անմահ հոգիների փրկութեան համար
Ունկնդրէ լուրը

Եփեսացիներին ուղղուած նամակում (Եփս. 6, 10-20) Սբ. Պօղոս առաքեալն ասում է, որ մեր պատերազմը մարդու (մարմնի և արեան) դէմ չէ, այլ՝ իշխանութիւնների հետ, պետութիւնների հետ, այս խաւար աշխարհի տիրակալների հետ և երկնքի տակ եղող չար ոգիների հետ, այսինքն՝ ընդդէմ սատանայի և նրա ծառաների:

Այս պատերազմն իրականացւում է հանրային կարծիքի ծրագրաւորման, բարոյական նորմերի և հիմքերի աղաւաղման, Աստծուն հակառակ օրինագծերի, համացանցի, վատ սովորութիւնների և այլ մակարդակներում:

Հետևաբար, քրիստոնեայի համար այսօր շատ կարևոր է, որ ինքն իրեն կեանքում համարի Քրիստոսի զինուորը և լինի համոզուած, զգօն և վճռական: Չառաջնորդուել աշխարհիկ տրամաբանութեամբ, դիմակայել հոգևոր և մտաւոր անկմանը: Պէտք է հագնել արդարութեան զրահը, վերցնել հաւատի վահանը և հոգևոր սուրը՝ Աստծոյ Խօսքը: Եթէ զինուորը մի կողմ շպրտի զէնքն ու զրահը, ապա անմիջապէս կպարտուի:

Մեր հաւատքն այն է, ինչով մենք պաշտպանւում ենք չար աշխարհի գայթակղութիւններից և ճնշումներից, իսկ այն ինչով պայքարում ենք՝ դա Աստծոյ Խօսքն է, որը մենք բոլորս պարտաւոր ենք կարդալ, իմանալ և Աստծոյ Խօսքով առաջնորդուել մեր կեանքի կոնկրետ իրավիճակներում:

Պատերազմող զինուորը չի քնում դիրքերում, նա արթուն է, զգօն: Հոգևոր առումով դա սրտի աղօթք է, մտաւոր միութիւն Տիրոջ հետ, Նրա մասին յիշողութիւններով, Նրա Խօսքի մասին խորհրդածութիւններով:

Հիմա, երբ մեր հայրենիքում պատերազմ է և զոհւում են երիտասարդ զինուորներ, իւրաքանչիւրը պէտք է յատուկ և լուրջ գիտակցի, որ մենք բոլորս զինուորներ ենք և առաջնագծում ենք: Ամբողջ կեանքը պայքար է յանուն բարու, յանուն այն լոյսի, որն առկայ է մեզանում և մեր շուրջ բոլորը՝ մեր անմահ հոգիների փրկութեան համար:

Մեր հերոս զինուորները պայքարում են յանուն խաղաղութեան և իրենց հայրենի հողում ապրելու իրաւունքի, իսկ մեզանից իւրաքանչիւրը հոգեպէս պայքարում է հոգու խաղաղութեան համար, յանուն բարու և կեանքի յաղթանակի, յանուն Աստծոյ՝ մեզանում և մեր շուրջ բոլորը: Այս պայքարը մեր կոչումն է, մեր պարտքը:

Պէտք չէ ասել, որ ամէն ինչ վատ է, չարը յաղթում է և այլն: Մենք իրաւունք չունենք մատնուել հոգևոր անգործութեան և ծուլութեան: Նոյնիսկ այն ժամանակ, երբ մենք որպէս փոքր ժողովուրդ խիզախութեամբ պայքարում ենք հսկայական ու դաժան դերութեան դէմ, մենք չե՛նք յանձնւում և հաւատո՛ւմ ենք, որ յաղթելու ենք:

Հոգևոր պայքարում էլ նոյնն է. սատանան փորձում է մեզ վախեցնել, խլել մեր պայքարելու կամքը, ստիպել յանձնուել, նահանջել: Սակայն մեր անպարտելի Առաջնորդը՝ Տէրը, մեզ հետ է և պայքարում է մեզ հետ միասին: Այդ իսկ պատճառով մենք պարտուելու իրաւունք չունենք: Պէտք չէ մեզանից հեռացնել այս պատերազմի պատասխանատուութիւնը:

Իւրաքանչիւր զինուորի նուիրուածութիւնից ու եռանդից է կախուած պատերազմի արդիւնքը: Իւրաքանչիւրը, ով պայքարում է, իր ներդրումն է ունենում Քրիստոսի Լոյսի վերջնական յաղթանակի մէջ՝ սատանայի խաւարի նկատմամբ և հենց Տիրոջ ձեռքով էլ կպարգևատրուի յաւերժ փառքի պսակով:

Ես շատ եմ սիրում մի եկեղեցական օրհներգի վերջին խօսքերն՝ ուղղուած Քրիստոսին, որով էլ ցանկանում եմ աւարտել այս խորհրդածութիւնը և ազդարարումը.

«Եւ վերջապէս մենք կմտնենք Քո Արքայութիւնը՝ յոգնած պայքարից, սակայն՝ հաւատարիմ Քո սիրուն»:

 

Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայան

10/11/2020, 09:04