Որոնել

Vatican News
Հերոսները, որ դառնում են կենսատու ցորենի հատիկներ Հերոսները, որ դառնում են կենսատու ցորենի հատիկներ 

Հերոսները, որ դառնում են կենսատու ցորենի հատիկներ

«Չկայ աւելի մեծ սէր, քան երբ մէկն իր կեանքը տայ իր ընկերների համար», Յվհ. 15, 13:
Ունկնդրէ լուրը

Գրեթէ ամէն շաբաթ մայր հողին ենք յանձնում մեր սիրելի հերոսների մարմինները՝ թանկարժէք ցորենի հատիկներ, որ ըստ Տէր Յիսուս Քրիստոսի աւետարանական խօսքերի, դրւում են հողի մէջ, որպէսզի շատ պտուղ տան: Մեր քաջերն ինքնազոհաբերւում են, որպէսզի հայ մայրերը ծնեն իրենց զաւակներին՝ ազատութեան և արժանապատւութեան մէջ, որպէսզի իրենց եղբայրներն ու քոյրերը, արդեն որդեկորոյս ծնողները, ամբողջ հայ ազգը ապրեն յաղթանակած և վաստակեալ խաղաղութեան մէջ:

Գնելը, Սամվելը, Մելիքսեթը, Ջիվանը …՝ երիտասարդները, որոնց ես ճանաչում եմ, քանի որ իմ հովուութեան համայնքներից են, որպէս կանոն, օրինակելի երիտասարդներ են՝ իրենց անհատականութեամբ, խոնարհութեամբ, ողջամտութեամբ, հաւատքով և եկեղեցական նուիրումով, երիտասարդական աւիւնով և աշխատասիրութեամբ: Ինձ համար՝ որպէս հոգևոր հովուի, անասելի մեծ կորուստ է նրանց նման երիտասարդներին մեր կողքին ֆիզիկապէս այլևս չունենալը, որովհետև պակասում են կենդանի օրինակները, կենդանի քարոզները, իմ յենարանները և յոյսի գրաւականները:

Յիշում եմ օրինակ, թէ ինչպէս էր Գնելը սիրով և խոնարհութեամբ կատարում Սուրբ Սարգիս զօրավարի դերը Սուրբ Սարգսի տօնին՝ երկու տարի առաջ. Սուրբ Սարգսի նմանութեամբ էլ նահատակուեց՝ յանուն իր հոգևոր և բարոյական ինքնութեան, որպէսզի Երկնքում շարունակի իր մաքուր և յաւիտենական ընթացքը՝ որպէս մի պահապան հրեշտակ՝ իր զինակից ընկերների համար: Գնելը 19 տարեկան էր՝ ժամկէտային զինծառայող:

Սամվելը և Մելիքսեթը Արցախ մեկնեցին կամաւոր՝ առանց սպասելու, որ իրենց կանչեն ծանուցագրով: Հայրենասիրութիւնը նրանց ստիպեց կանգնել իրենց զինակից ընկերների կողքին և կեանքը նուիրել յանուն հայրենիքի և ընկերոջ՝ ըստ Տիրոջ խօսքի. «Չկայ աւելի մեծ սէր, քան երբ մէկն իր կեանքը տայ իր ընկերների համար», Յվհ. 15, 13: Սամվելը 35 տարեկան էր, ունի երկու զաւակ, Մելիքսեթը՝ 28, Ջիվանը՝ 29 տարեկան և դեռ չէին հասցրել ընտանիք կազմել:

 Նայում եմ վշտակոծ և ծուարած ծնողների աչքերին, որ այլևս կորցրել են իրենց ապրելու իմաստը՝ խեղդող արտասուքների միջից անպատասխան ձևով մի հարց ուղղելով իրենց նահատակ զաւակներին կամ, գուցէ, Բարձրեալին. «Բայց, ես հիմա ի՞նչ անեմ…»:

 Շա՜տ ծանր է այսքան վիշտ տեսնելը և ծնողներին սփոփելու ապարդիւն ջանքերս նաև հոգևոր հովուի համար: Չեմ ուզում, որ դեռ ուրիշների կորուստն էլ տեսնեմ, բայց …

 Այնուամենայնիւ, սիրելի՛ներ, քաջալերուեցէ՛ք յոյսով, որովհետև Աստուած հայրական անսահման սիրով իր ջերմ գրկում է ընդունում իւրաքանչիւր հայորդու, ով Քրիստոսի նման արիութեամբ իր ուսերին է տանում չարի և ատելութեան խաչափայտը, որպէսզի հայոց Գողգոթայի վրայ մէկընդմիշտ յաղթի ու ջախջախի չարին.

«Այստեղ, աշխարհում նեղութիւն պիտի ունենաք, սակայն քաջալերուեցէ՛ք, որովհետև ես յաղթեցի աշխարհին» (Յվհ.16.33):

Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

Հոկտեմբեր, 2020

03/11/2020, 09:29