Որոնել

Լեհաստանի անկախութեան տօնին առթիւ Լեհաստանի անկախութեան տօնին առթիւ 

Լեհաստանի անկախութեան տօնը Գիւմրիում։

Բացման արարողութիւնից առաջ, բոլորը միասին մէկ րոպէ լռութեամբ յարգեցին Արցախում զոհուած մեր հայորդիների անմար յիշատակը

Չորեքշաբթի, 11 նոյեմբեր, 2020 թուականին Գիւմրու Սրբոց Նահատակաց Աթոռանիստ եկեղեցում մեծ շուքով տօնուեց Լեհաստանի անկախութեան ազգային տօնը:

Միջոցառմանը ներկայ էին Հայաստանում Լեհաստանի դեսպանատան բաժնի ղեկավար, Լեհաստանի Հանրապետութեան հիւպատոս, Առաջին խորհրդական՝ պարոն Բարտոշ Յաբլոնսկին, Գիւմրիում Լեհական համայնքի ղեկավար՝ տիկին Լիանա Յարութիւնեանը, Երեւանի եւ Գիւմրու երկու լեհական համայնքները, ինչպէս նաեւ հայ բարեկամները:

Բացման արարողութիւնից առաջ, բոլորը միասին մէկ րոպէ լռութեամբ յարգեցին Արցախում զոհուած մեր հայորդիների անմար յիշատակը: Այնուհետեւ Լեհաստանի Հանրապետութեան քայլերգից յետոյ իր ելոյթով հանդէս եկաւ Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ եկեղեցու ժողովրդապետ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը, ով ներկայացնում էր Արհիապատիւ Տէր Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանին:

Հայր սուրբը ամէնից առաջ փոխանցեց Արհիապատիւ Տէր Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի սրտագին բարեմաղթանքները Լեհաստանի Հանրապետութեան ազգային տօնի կապակցութեամբ՝ յղելով իր հայրական օրհնութիւնը բոլոր ներկաներին՝ մաղթեց արեւշատութիւն եւ բարգաւաճութիւն լեհ ժողովուրդին:

Գերյարգելի վարդապետը իր խօսքում անդրադառնալով Լեհաստանի Հանրապետութեան պատմութեանը ասաց. «Այսօր ոգեկոչում ենք Լեհաստանի պետութեան վերահաստատումը 1918 թուականի Առաջին Համաշխարհային պատերազմից յետոյ: Մինչ 1918 թուականը, 123 տարի Լեհաստանը բաժանուած է եղել Պրուսիայի, Աւստրիայի եւ Ռուսաստանի միջեւ: 1918 թուականի, նոյեմբերի 11-ին Առաջին Համաշխարհային պատերազմի աւարտին այս պետութիւնների բաժանումը վերացուեց, եւ դրանով հաստատուեց Լեհաստանի անկախութիւնը:

Բոլորս քաջատեղեակ ենք, որ անկախութիւնը այնքան էլ դիւրին չի ձեռք բերւում, սակայն պատմութիւնը ցոյց է տալիս, որ անկախութիւնը ստանում ենք միայն արդար մարտերի եւ ժողովուրդի միասնականութեան շնորհիւ, ովքեր միշտ պահանջում են ազատութիւն եւ արդարութիւն իրենց երկրների համար: Այսօր, Լեհաստանը կենդանի օրինակ է մերօրեայ իրականութեան, ով Եւրոպայի տարածքում վայելում է անկախութեան պտուղները բոլոր տեսանկիւններից:

Մենք նոյնպէս շարունակում ենք աղօթել Լեհաստանի Հանրապետութեան եւ լեհ ժողովուրդի համար՝ ով պատմական բարեկամն է հայերի, եւ մենք միշտ պատրաստ ենք աջակցել եւ պահպանել այս ամուր բարեկամութիւնը, ինչպէս նաեւ կապը հայ եւ լեհ ժողովուրդների միջեւ:

Թող Ամենակարող Աստուած պահի եւ պաշտպանի Լեհաստանի Հանրապետութիւնը»:

Այնուհետեւ տեղի ունեցաւ Սուրբ եւ Անմահ պատարագ ձեռամբ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի: Սուրբ գրային ընթերցումներից յետոյ հայր սուրբը ներկայացրեց քարոզը՝ անդրադառնալով օրուայ խորհուրդին.

 «Սիրելի՛ քոյրեր եւ եղբայրներ ի Քրիստոս, Պօղոս Առաքեալը որպէս լաւագոյն հաւատքի հայր՝ Տիտոսին ուղղուած նամակի մէջ Տիտոսին եւ Կրետայում բոլոր հաւատացեալներին տալիս է շնորհալի յիշեցումներ, թէ ինչպէս է Աստուած միջամտում իրենց կեանքին: Սուրբ Պօղոսը յիշեցնում է մեզ, թէ մենք ինչպէս գործենք այս անաստուած աշխարհում, եւ թէ ինչպէս ապրենք նախքան Աստուծոյ շնորհները կիրառելը: Յետոյ նաեւ յիշեցնում է մեր սիրելի Աստուծոյ սքանչելի շնորհների մասին, որը մեզ փոխում է մեր կեանքի ամենակարեւոր պահերին: Պօղոս Առաքեալը տալիս  է կեանքի եօթ խորհուրդներ, որոնք կ'օգնեն մեզ ապրել այս անաստուած հասարակութեան մէջ: Դրանք են՝

  1. Քրիստոնեան պէտք է լինի առարկան պետական կանոնների եւ իշխանութիւնների:
  2. Քրիստոնեան պէտք է լինի հնազանդ 
  3. Քրիստոնեան պէտք է պատրաստ լինի ցանկացած լաւագոյն արարքի:
  4. Քրիստոնեան չպէտք է ոչ ոքի անիծի:
  5. Քրիստոնեան պէտք է լինի խաղաղասէր:
  6. Քրիստոnնեան պէտք է լինի քաղաքավարի:
  7. Քրիստոnնեան պէտք է ցուցաբերի յարգանք բոլոր մարդկանց նկատմամբ:

Սուրբ Պօղոսը ասում է, որ Աստուծոյ շնորհները փոխեցին մեզ եւ մենք պէտք է լինենք շնորհալի քաղաքացիներ եւ հարեւաններ այն մարդկանց մէջ, ովքեր չճանաչեցին Քրիստոսին: Գործադրելով Աստծոյ շնորհները, լինենք լոյսը այս ըմբոստ աշխարհում՝ մեր աստուածային վարքագծով եւ բարի գործերով»:

Ապա հայր սուրբը մեկնաբանելով Ղուկաս Աւետարանիչի 17, 11-19 համարները, որտեղ Յիսուս բժշկում է տաս բորոտներին ասաց.

«Այս առակը կենդրոնացուած է երկու կարեւոր կէտերի վրայ՝ առաջինը Յիսուս խնամում է լքուածներին եւ անտեսուածներին եւ այս պարագայում տաս բորոտները որոնցից մէկը կրկնակի ձեւով անտեսուած սամարացին էր, եւ երկրորդ՝ համապատասխան պատասխանը Քրիստոսին՝ բուժուած սամարացու շնորհակալութիւնն էր եւ հաւատի ճանաչումը: Եւ այստեղ դրան ի պատասխան Յիսուս ասում է նրան. «Վէ՛ր կաց ու գնա՛. քո հաւատը բուժեց քեզ» Ղուկ. 17:19:

Սամարացին հասկացաւ, որ շնորհակալ լինելով Քրիստոսին, նա փառաբանում է Աստծուն: Եւ սա է վկայութիւնը հաւատի, որը բուժում է աշխարհին, բոլոր լքուածներին եւ հիւանդներին:

Այս առակում Քրիստոս մի խօսքով բուժեց բորոտներին, եւ սա թող դառնայ օրինակ մեր ներկայիս կեանքում, որպէսզի մեր հաւատով եւ աղօթքներով կարողանանք յաղթահարել մերօրեայ անտեսանելի երեւոյթը՝ Քորոնավիրուսը»:

Վերջաւորութեանը լեհական երգչախումբը միջոցառումը եզրափակեց լեհական ազգային երգերով:

Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ,

Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութեան նախագահ

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

12/11/2020, 13:37