Որոնել

Լեհաստանի դեսպանատան ողջ անձնակազմը հանդիպում ունեցաւ Արհ. Տէր Ռափայէլ Արքեպս. Մինասեանի հետ Լեհաստանի դեսպանատան ողջ անձնակազմը հանդիպում ունեցաւ Արհ. Տէր Ռափայէլ Արքեպս. Մինասեանի հետ 

Հ. Լեշէք Վրդ. Կրիշա: Ցաւում եմ զոհուած զինուորների համար եւ ցաւակցում իրենց հարազատներին.

Ցաւում եմ զոհուած զինուորների համար եւ ցաւակցում իրենց հարազատներին, ինչպէս նաեւ կորցրած այն տարածքների համար, որոնց մասին արցախահայերը մշտապէս խօսում են հանդիպումների ընթացքում

2020 թուականի նոյեմբեր 14-21-ը, Լեհաստանից Հայաստան ժամանեց Արեւելեան Եկեղեցիների օգնութեան բաժնի Լեհաստանի եպիսկոպոսաց համաժողովի տնօրէն՝ Գերապատիւ Հ. Լեշէք Վրդ․ Կրիշան, ուղեկցութեամբ Սոչիի Հայ Կաթողիկէ Սուրբ Խաչ եկեղեցւոյ ժողովրդապետ՝ Գերյ․ Հ. Ռաֆայէլ Ծ․ Վրդ․ Կրաւչիկի:

Ուրբաթ, 20 նոյեմբեր, 2020 թուական. Երեւանի Զմմառու Աստուածամօր Հայ Կաթողիկէ մատրան մէջ մատուցուեց Սուրբ եւ Անմահ Պատարագ ձեռամբ՝ Գերապատիւ Հ. Լեշէք Վրդ. Կրիշայի, առընթերակայութեամբ Գերյ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի եւ Գերյ. Հ. Ռաֆայէլ Ծ. Վրդ. Կրաւչիկի: Սուրբ Պատարագին ներկայ էին Հայաստանում Լեհաստանի Արտակարգ եւ լիազօր դեսպան Ն.Գ. պարոն Պավել Չեպլակը, Հայաստանում Լեհաստանի դեսպանատան բաժնի ղեկավար, Լեհաստանի Հանրապետութեան Հիւպատոսութեան եւ Պոլոնիայի հարցերով բաժնի ղեկավար, հիւպատոս, Առաջին խորհրդական՝ պարոն Բարտոշ Յաբլոնսկին, ինչպէս նաեւ Երկրորդ քարտուղար, փոխհիւպատոս՝ պարոն Յարոսլավ Ստրիխարսկին:

Սուրբ եւ Անմահ Պատարագից յետոյ Լեհաստանի դեսպանատան ողջ անձնակազմը հանդիպում ունեցաւ Արհ. Տէր Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի հետ: Ն.Գ. պարոն Պավել Չեպլակը իր խօսքում առողջութիւն եւ երկարակեցութիւն մաղթեց Սրբազան հօրը: Սրբազան հայրն էլ իր հերթին շնորհակալութիւն յայտնեց լեհ ժողովուրդին իրենց ցուցաբերած աջակցութեան համար, մասնաւորապէս Արցախի պատերազմական իրավիճակից յետոյ: Եւ նա լիայոյս է, որ երկու ազգերի միջեւ յարաբերութիւնները կլինեն շարունակական ի նպաստ հայ եւ լեհ ժողովուրդների:

Գերապատիւ Հ. Լեշէք Վրդ․ Կրիշան այցելութեան նախավերջին օրը մի քանի խօսքով ամփոփեց Հայաստանում անցկացրած իր օրերը: Ի պատասխան այն հարցին, թէ որն է իր այցելութեան նպատակը նա պատասխանեց. «Իմ եւ Լեհաստանի Եպիսկոպոսաց գլխաւոր համաժողովի կարեւորագոյն նպատակն է՝ լինել համերաշխ արցախահայերի եւ լեհ ժողովուրդների հետ: Ցանկանում էի ականատես լինել հետպատերազմական իրավիճակին եւ անձամբ հանդիպիլ արցախահայերին՝ հասկանալու համար իրենց մտահոգութիւններն ու հոգսերը: Զրուցել հայ կաթողիկէ հոգեւորականների հետ, ովքեր նոյնպէս իրենց աջակցութիւն են ցուցաբերում Հայաստանում գտնուող արցախահայերին: Մեր նպատակն է օժանդակել Արեւելեան եկեղեցիների մաս կազմող արցախցիներին»:

Ի պատասխան երկրորդ հարցին, թէ ինչպիսին է իր անձնական տպաւորութիւնները, նա պատասխանեց. «Մեծ ցաւ եւ տառապանք եմ ապրում, երբ ամէն տեղ տեսնում եմ նահատակուած զինուորների անուններով ժապաւէնները: Ցաւում եմ զոհուած զինուորների համար եւ ցաւակցում իրենց հարազատներին, ինչպէս նաեւ կորցրած այն տարածքների համար, որոնց մասին արցախահայերը մշտապէս խօսում են հանդիպումների ընթացքում:

Երկրորդ բանը որ զգում եմ, դա հայ կաթողիկէ եկեղեցու եռանդուն ներգրաւուածութիւնն է արցախահայերին անշահախնդիր օգնելու գործում՝ նոյնիսկ փոքր միջոցներով, բայց մեծ սրտով եւ ուրախութեամբ: Ներգաղթեալները ոչ միայն սոցիալական աջակցութիւն, այլեւ ամենակարեւորը՝ հոգեւոր սնունդ են ստանում հայ կաթողիկէ հոգեւորականների կողմից»:

Եւ վերջին հարցին ի պատասխան, թէ որն է ձեր հետագայ քայլերը արցախահայերին աջակցութեան գործում՝ վարդապետը պատասխանեց. «Ապագայում մեր օգնութիւնը կախուած է նրանց հետագայ կեանքից, քանի որ դեռեւս չգիտենք, թէ Արցախում իրավիճակը ինչ զարգացում կարող է ունենալ:

Ներգաղթեալները պէտք է կարգաւորեն իրենց կեանքը Հայաստանում եւ փորձեն ապրել բնականոն կեանքով, քանի որ վերադարձի ճանապարհը պղտոր է:

Ամփոփելով խօսքս, ուզում եմ ասել, որ պէտք է գործադրեմ իմ բոլոր հնարաւորութիւններն՝ օգնելու արցախահայերին եւ խրախուսել Լեհաստանում բնակուող հայ ժողովուրդին՝ ցուցաբերելու իրենց օգնութիւնը, ինչպէս նաեւ օգտագործել ամէն հնարաւորութիւն ներգրաւելու Լեհաստանի Քարիտասին՝ նեցուկ լինելու այս աստուածահաճոյ առաքելութեանը»:

Այնուհետեւ Հայաստան այցի նախաձեռնութեան եւ հետագայ անելիքների մասին խօսեց Սոչիի Սուրբ Խաչ եկեղեցւոյ ժողովրդապետ՝ Գերյ․ Հ. Ռաֆայէլ Ծ․ Վրդ․ Կրաւչիկը.  «Պատերազմը սկսուելուց ի վեր, ցանկութիւն ունէի ինչ-որ ձեւով օգտակար լինել Հայաստանի եւ Արցախի համար: Փորձում էի համացանցից պատերազմի վերաբերեալ տեղեկութիւններ հաւաքել, որպէսզի հասկանայի, թէ ինչպէս կարող եմ օգնել արցախահայերին: Առաջի հերթին կապ հաստատեցի Արեւելեան Եկեղեցիների օգնութեան բաժնի Լեհաստանի եպիսկոպոսաց համաժողովի տնօրէն՝ Հայր Լեշէք Վրդ. Կրիշայի հետ, եւ ներկայացնելով Հայաստանում եւ Արցախում տիրող իրավիճակի մասին՝ խնդրեցի իր օգնութիւնը: Հայր Լեշէքը մեծ ուրախութեամբ պատրաստակամութիւն յայտնեց կեանքի կոչել իմ այս գաղափարը: Եւ սա եղաւ մեր համատեղ աշխատանքի առաջին քայլը: Միեւնոյն ժամանակ ես, որպէս՝ Հայ Կաթողիկէ Առաջնորդութեան հոգեւորական, որոշեցի գրել ուղերձ ուղղուած Լեհաստանի կաթողիկէ հաւատացեալներին:

Մի քանի օր անց Հայր Լեշէքը զանգահարեց ինձ եւ ասաց, որ մենք պէտք է անպայման գնանք Հայաստան: Չնայած համաճարակի այս դժուարին պայմանների՝ Աստուծոյ օրհնութեամբ մենք կարողացանք ժամանել Հայաստան:

Իմ ցանկութիւնն էր, որ որքան հնարաւոր է, կարողանամ ցոյց տալ եւ ներկայացնել Հայաստանի եւ Արցախի իրավիճակը եւ դա անել միմիայն Հայ Կաթողիկէ Առաջնորդարանի հետ միասին: Այդ ժամանակ կապ հաստատեցի Արհ. Տէր Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի հետ եւ ներկայացրեցի մեր ծրագրերը:

Իսկ ինչ վերաբերւում է իմ ապրումների մասին, ապա պիտի ասեմ, որ ես մեծ ցաւ եմ ապրում տեսնելով Արցախում եւ Հայաստանում ապրող մարդկանց հոգեվիճակը:

Ինչպէս նշեց հայր Լէշէքը, ես նոյնպէս կը գործադրեմ ամէն հնարաւորութիւն օգնելու եւ սատար կանգնելու հայ ժողովրդին»:

Մեր խորին եւ սրտագին շնորհակալութիւնն ենք յայտնում լեհ հոգեւորականներին եւ ժողովրդին՝ իրենց անմիջական օգնութեան եւ աջակցութեան համար:

Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ,

Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութեան նախագահ

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

23/11/2020, 14:31