Որոնել

Vatican News
Պահապան Հրեշտակ Պահապան Հրեշտակ 

ԱՂՕԹՔ ՊԱՀԱՊԱՆ ՀՐԵՇՏԱԿԻՆ. Այսօր կը յիշատակուի Պահապան Հրեշտակի ծիսական տօնը։

Աստծոյ Հրեշտակ, որ իմ Պահապանն ես, լուսաւորիր, պահպանիր, առաջնորդիր և ղեկավարիր ինձ, որ քեզ եմ վստահուել Աստուածային Բարութեան կողմից: Ամեն:
Ունկնդրէ լուրը

Բոլոր Պահապան Հրեշտակների տօնը կատարւում է Հոկտեմբերի 2ին: Աստուած Իր իմաստուն տնօրէնութեան համաձայն կամեցաւ, որ Հրեշտակները գործուն մասնակցութիւն ունենան մեր մարդկային պատմութեանը: Մարդկութեան պատմութեան ընթացքում կարևորագոյն իրադարձութիւնների ժամանակ հրեշտակային յատուկ միջամտութիւններից բացի, Նա մեզնից իւրաքանչիւրին յատկացրել է նաև մի Հրեշտակ, որպէսզի պահպանի մեզ և առաջնորդի ճշմարիտ ու բարի խորհուրդներով: Բաւական է, որ մարդիկ ունկնդրեն նրանց մեղմ ձայնը, որ շարունակ լսւում է մարդու ներաշխարհում, առանց սակայն բռնանալու մարդու ազատութեան վրայ:

Տէրն Աստուած ասում է. «Քո մօտ եմ ուղարկելու իմ Հրեշտակին, որպէսզի ընկերակից լինի քեզ, առաջնորդի քեզ քո կեանքի ընթացքում և հասցնի քեզ այն երկիրը, որ պատրաստել եմ քո համար», այսինքն՝ Երկնքի Արքայութիւնը (հմմտ. Ել 23, 20-23): Իսկ Յիսուսն ասում է. «Զգոյշ եղէք, որ այս փոքրիկներից մեկին չարհամարհէք: Ասում եմ ձեզ, որ Երկնքում նրանց Հրեշտակները մշտապէս տեսնում են Երեսն իմ Հոր, որ Երկնքում է» (Մտթ 18, 10):

Սնուցենք մեր հոգևոր կապը մեր Պահապան Հրեշտակների հետ, որոնց մեր Երկնաւոր Հայրը կարգել է ի պաշտպանութիւն մեր տկար բնութեան, որպէսզի մեր թշնամիների զոհը չդառնանք ան վերադարձ կերպով:

Ամենօրեայ աղօթք


Աստծոյ Հրեշտակ, որ իմ Պահապանն ես, լուսաւորիր, պահպանիր, առաջնորդիր և ղեկավարիր ինձ, որ քեզ եմ վստահուել Աստուածային Բարութեան կողմից: Ամէն:

Աղօթք Պահապան Հրեշտակին


Պահապան Հրեշտակ իմ սիրելի, ճշմարիտ բարեկամ, հաւատարիմ ընկեր և վստահելի ու ապահով առաջնորդ, ես շնորհակալութիւն եմ յայտնում քեզ այն անսպառ սիրոյ, խնամքի ու համբերութեան համար, որոնցով ինձ օգնել ու օժանդակել ես և անդադար օգնում ու օժանդակում ես իմ հոգևոր ու մարմնաւոր կարիքներում: Ներողութիւն եմ խնդրում այն բազմաթիւ անգամների համար, որ քեզ տհաճութիւն եմ պատճառել՝ չհետևելով քո սիրալիր խորհուրդներին, ընդդիմանալով քո ողջամիտ ու փրկարար յորդորներին ու զգուշացումներին, և այսքա՜ն սակաւ օգուտ քաղած լինելով քո սուրբ ներշնչումներից: Խնդրում եմ քեզ, ամբողջ կեանքիս ընթացքում շարունակիր բարեգթօրեն պահպանել ինձ, որպէսզի ես կարողանամ, քո հետ միասին, գոհաբանել, փառաւորել և օրհնել մեր ընդհանուր Տիրոջը՝ Ամենասուրբ Երրորդութեանը. Հօրը, Որդուն և Սուրբ Հոգուն յաւիտեանս: Ամէն:

Ծիսական աղօթք


Ո՜վ Աստուած, որ անճառելի նախախնամութեամբ՝ Քո Սուրբ Հրեշտակներին առաքում ես պահպանելու մարդկանց, պարգևիր մեզ շնորհը՝ երկրի վրայ այժմ զգալու նրանց հզօր պաշտպանութեան արդիւնքները և մի օր Երկնքում մասնակցելու նրանց երանութեանը: Սա Քեզնից հայցում ենք մեր Տէր Յիսուս Քրիստոսի արժանիքներով: Ամէն:

Քաղուած «mashtoz.org» հոգեւոր կայքէն։

02/10/2020, 07:32