Որոնել

Vatican News
Քարլօ Աքութիսի երանացման արարողութիւնը։ Քարլօ Աքութիսի երանացման արարողութիւնը։ 

Երանելի Քարլօ Աքութիսը՝ Սուրբ Հաղորդութեան առաքեալը թուային աշխարհում

Նա ստեղծել է Եկեղեցու կողմից ճանաչուած Սուրբ Հաղորդութեան հրաշքներին նուիրուած մի վիրտուալ հարթակ

Հոկտեմբերի 10-ին Ասսիզիում երանելիների շարքին դասուեց իտալացի 15-ամեա պատանի Քարլօ Աքութիսը, ով մահացաւ 2006թ.՝ 15 տարեկանում

Երանացման արարողութիւնը տեղի ունեցաւ Սուրբ Ֆրանցիսկոս Ասսիզեցու սրբավայրում, որտեղ Քարլօ Աքութիսը աճիւնը հանգչում է 2019թ. ապրիլից: Այս իրադարձութեան կապակցութեամբ «Հաղորդակցութեան արհեստանոցը»՝ համագործակցելով VatiVision հարթակի հետ, թողարկեց չորս մասից բաղկացած մի ֆիլմ՝ այս երիտասարդ երանելու մասին: Ֆիլմի համար հիմք են հանդիսանում Քարլօ Աքութիսի ընտանիքի լսողական և տեսաձայնագրությունները, ինչպէս նաև վկայութիւնները, այդ թւում նաև՝ երանացման գործընթացի փաստարկող Նիկոլա Գորիի և Միլանի Սանթա-Մարիա-Սեգրետա ծխի Գերապայծառ Ջանֆրանկո Պոմիի վկայութիւնները:

Ֆիլմի առաջին մասում պատմւում է այն մասին, թէ ինչպէս տղայի սիրտը սիրով լցուեց Սուրբ Հաղորդութեան նկատմամբ՝ դեռ շատ վաղ տարիքից: Նա ունէր երեխային բնորոշ սովորական կեանք. յաճախում էր դպրոց, խաղում էր, նա, կարծես, բնաւ սրբակեացի նման չէր, և միևնոյն ժամանակ նրան, յատկապէս, գրաւում էր Յիսուսը՝ Սուրբ Հաղորդութեան մէջ: Առաջին Հաղորդութիւնը Քարլոն ստացել է եօթ տարեկան հասակում, որը բացառիկ մի բան է Իտալայի համար, – դրա համար յատուկ թոյլտուութիւն են ստացել եկեղեցական իշխանութիւններից: Այդ պահից սկսած ամենօրեայ հաղորդութիւնը դառնում է տղայի առօրեայ կեանքի բաղկացուցիչ մասը: Քարլոն հոգևոր հաղորդութիւն էր ստանում, երբ դասերը թոյլ չէին տալիս գնալ Պատարագի:

Մի հոգևոր սովորութիւն էլ ունէր Քարլօ Աքութիսը՝ դա Սուրբ Վարդարանն էր: Իր մայրիկին տղան ասում էր, որ Աստուածամայրը միակ կինն է իր կեանքում: Նրան են պատկանում նաև այս խօսքերը. «Վարդարանը ամենակարճ սանդուտն է դէպի երկինք»:

Արդեն 14 տարեկանում Քարլոն որոշում է դառնալ քրիստոնէական վարդապետութեան ուսուցիչ Միլանի Սանթա-Մարիա-Սեգրետա համայնքում և մկրտուած տղաներին պատրաստում էր դրոշմի խորհուրդին:

Երանելի Աքութիսի հոգևորութեան գլխաւոր կողմը կարելի է համարել նրա անսասան հաւատքը Յիսուսի ներկայութեան նկատմամբ՝ Սուրբ Հաղորդութեան նշխարում: Այդ հաւատքը մղեց նրան համացանցի միջոցով տարածել «շնորհի աղբիւրը, որը դադարել էին օգտագործել», ինչպէս ասում էր ինքը՝ Քարլօ Աքութիսը: Պատանին Սուրբ Հաղորդութեան հանդէպ իր տածած սէրը փոխանցել է ինֆորմատիկայի ոլորտում ունեցած իր ունակութիւնների միջոցով, և նրան կարելի է անուանել Եկեղեցու կողմից փառաբանուած «թուային սերնդի» առաջին սուրբը: Նա ստեղծել է Եկեղեցու կողմից ճանաչուած Սուրբ Հաղորդութեան հրաշքներին նուիրուած մի վիրտուալ հարթակ: Քարլոն Սուրբ Հաղորդութեան վկան և առաքեալն էր, քանի որ այդ սէրը վերածւում էր կոնկրետ գործողութիւնների իր շրջանում  ապրող կարիքաւորների, աղքատների և անօթևանների համար: Պատանին նրանց ուտելիք էր տանում և տալիս էր իր գրպանի փողը:

«Սուրբ Հաղորդությունն իմ մայրուղին է՝ դեպի Երկինք», – ասում էր Քարլօ Աքութիսը: Ֆիլմում հնչում են թևաւոր դարձած նրա արտայայտութիւնները, օրինակ. «Բոլորը ծնւում են որպէս բնօրինակներ, սակայն շատերը մահանում են որպես պատճէններ»:

Նորահռչակ երանելիի կեանքում կարևոր դեր է խաղացել նաև Խոստովանութեան կամ Հաշտութեան Խորհուրդը: «Ինչու՞ են մարդիկ այդպէս հոգ տանում իրենց մարմնի գեղեցկութեան մասին, սակայն հոգու գեղեցկութիւնը նրանց չի անհանգստացնում»: «Միակ բանը, ինչից պէտք է վախենալ դա մեղքն է», – ասում էր պատանին:

Նոյնիսկ լեյկոզից իր վաղաժամ մահը, որը տեղի ունեցաւ 2006թ. հոկտեմբերի 12-ին Մոնցայում, Քարլոն Աստծոյ պարգև էր համարում և իր տառապանքները նուիրում, զոհաբերում էր Հռոմի Սրբազան Քահանայապետին ու Եկեղեցուն:

Փառաբանուած երանելին զօրեղ ուղերձ է թողել իր հասակակիցներին այն մասին, որ բարոյականութեան սկզբունքներում չի կարող լինել կիսամիջոցներ և փոխզիջումներ: Պէտք է ուշադիր լինել և թոյլ չտալ, որ առևտրական, հասարակական և քաղաքական շահերը ձեզ ղեկավարեն՝ որպէս խամաճիկների: Բոլոր նրանց համար, ովքեր հիասթափուած են կեանքից, լի են վախերով, ովքեր տառապում են, միայնակ են ու լքուած բոլորի կողմից, Քարլօ Աքութիսը մատնացույց է անում Սուրբ Հաղորդութիւնը՝ առաջարկելով իրենց կեանքից ներս ընդունել Յիսուս Քրիստոսին և Նրա Աւետարանը:

Քարլոյին կարելի է անուանել առաքեալ՝ իր ապրած կեանքի բոլոր ոլորտներում՝ ընտանիքում, դպրոցում, սպորտում, ճանապարհորդութեան և խաղերի մէջ: Երանելի Քարլօ Աքութիսը խաղողի որթի առակի ճշմարտացիութեան իսկական վկան է. նա միշտ փորձել է սնուել Տէր Յիսուսի կենարար հիւթով, որպէսզի առատօրէն պտղաբերի:

Երանելի Քարլօ Աքութիսի մասին այլ յօդուած և նաև ֆիլմերը տե՛ս՝ այստեղ:

 

Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Սրբ.՝ Տ. Հովսեփ Գալստյան

15/10/2020, 07:42