Որոնել

Vatican News
Ի՞նչ է խոստովանութիւնը Ի՞նչ է խոստովանութիւնը  

Ի՞նչ է խոստովանութիւնը և ինչու՞ է այն անհրաժեշտ։

«Որովհետև, ուր որ մեղքը շատացաւ, շնորհն առաւել ևս շատացաւ» (Հռմ 5, 20)

Եզեկիէլի մարգարէութեան մէջ Տէրն ասում է. «Ձեզ վրայ սուրբ ջուր եմ ցանելու, և դուք մաքրուելու էք ձեր բոլոր պղծութիւններից, ձեր բոլոր կուռքերից մաքրելու եմ ձեզ: Նոր սիրտ եմ տալու ձեզ, նոր հոգի եմ դնելու ձեր մէջ» (Եզկ. 36, 25-26): Իւրաքանչիւր մարդ, աշխարհ գալով, ժառանգում է նաև մեղքի բեռը՝ մեր նախածնողների կատարած առաջին մեղքի պատճառով: Բացառութիւն է միայն Աստուածածինը, Նա Աստծոյ յատուկ ողորմութեամբ ի սկզբանէ պաշտպանուած է եղել մեղքից: Մկրտութեան շնորհիւ մեղքը մաքրւում է, սակայն մեր մէջ, աւաղ, մնում է մեղք գործելու հակումը՝ մեղքի «գենետիկ յիշողութիւնը»:

Մենք փորձում ենք պայքարել մեղքի և գայթակղութեան դէմ, բայց յաճախ տեղի ենք տալիս և մեղք ենք գործում: Դրանք կամ խզում են մեր կապը Աստծոյ հետ՝ մեզ զրկելով Նրա շնորհից, կամ էլ թուլացնում են այդ կենսական կարևոր կապը: Տէրն իմանալով մեր վիճակը, սահմանափակումներն ու գայթակղութիւնները, մեր կամքի փոփոխականութիւնն ու թուլութիւնը՝ մեզ տալիս է դեղ՝ Խոստովանութեան Խորհրդի տեսքով, որը վերականգնում է աստուածային շնորհը՝ Աստծոյ ներկայութիւնը մեր մէջ:

Իր Յարութեան օրը՝ երեկոյեան, Տէր Յիսուս եկաւ Իր աշակերտների մօտ, ովքեր այս ու այն կողմ էին ցրուել և Իրեն միայնակ էին թողել տանջանքների մէջ ու հիմա, առաւել քան երբևէ, ներման կարիք ունէին: Նա փչեց նրանց վրայ և ասաց. «Առէ՛ք Սուրբ Հոգին: Եթէ մէկի մեղքերը ներէք, նրանց ներուած կլինի, եթէ մէկի մեղքերը չներէք, ներուած չի լինի» (Յվհ. 20,22):

Տէրն Ինքը տուեց իր առաքեալներին այդ աստուածային զօրութիւնը՝ ներելու և բուժելու մեղքերն ու սրտերը, նրանք էլ իրենց հերթին այդ շնորհը փոխանցեցին եպիսկոպոսների և քահանաների յաջորդ սերունդներին՝ մինչ օրս: Երբ մենք հիւանդանում ենք, արագ բժշկի մօտ ենք վազում, երբ կեղտոտւում ենք, լուացւում ենք, սակայն, երբ նոյն բանը տեղի է ունենում մեր հոգու հետ, մենք ոչ մի բան չենք անում: Իսկ մեղքը մեղք է ծնում, հիւանդութիւնն էլ դառնում է խրոնիկ և մահացու:

Խոստովանութեան ժամանակ, երբ մենք անկեղծօրէն ասում ենք մեր մեղքերը՝ չթաքցնելով դրանցից ոչ մէկը, Տէրը մեզ վրայ է լցնում իր ողորմութեան բուժիչ բալասանը: Արդիւնքում մեղքը կորցնում է իր զօրութիւնը մեր նկատմամբ, կորցնում է իր թոյնը, մեղքն արդեն տրուած է Փրկչին, իսկ մեր հոգին լուացւում է Նրա արիւնով, որը թափուեց Խաչի վրայ. «Որովհետև, ուր որ մեղքը շատացաւ, շնորհն առաւել ևս շատացաւ» (Հռմ 5, 20): Տէրն Ի՛նքն է մեզ մաքրում և տալիս է նոր շնորհ, նոր ուժ՝ նորոգելով մեզ Իր Հոգով:

Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայեան

Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

02/09/2020, 06:37