Որոնել

Vatican News
Միայնութիւնը Միայնութիւնը 

«Միայնութեան բարիքի մասին» Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայանի մտորումներէն։

«Քանի որ Դու՛ եղար իմ օգնականը, քո թևերի հովանու տակ ես պիտի ցնծամ: Քեզ հետևեց իմ հոգին» (Սղմ. 62,8-9)

Իւրաքանչիւր մարդ ստեղծուած է Աստծոյ և մարդկանց հետ հաղորդակցուելու համար: Ամէն ոք  ցանկանում է սիրել և սիրուած լինել: Մենք բոլորս էլ վախենում ենք միայնութիւնից, լքուած լինելուց: Այնուամենայնիւ, մեզանից իւրաքանչիւրը շատ առումներով միայնակ է: Օրինակ, շատ ես սիրում ինչ-որ երգ կամ ֆիլմ, իսկ քո ընկերը կամ ընկերուհին՝ ամենևին ոչ: Դու ինչ-որ բանի հանդէպ ունես այսպիսի զգացողութիւն, իսկ մէկ ուրիշը՝ լրիւ այլ:

Մենք շատ առումներով ենք միայնակ. հիւանդութիւնների, մահուան, փորձութիւնների ժամանակ, զգացմունքներ ունենալիս: Նոյնիսկ եթէ մեր ամենամտերիմ ու սիրելի մարդիկ մեր կողքին են, նրանք չեն կարող դա զգալ և ապրել մեր փոխարէն: Մեզանից իւրաքանչիւրն ունի մի տարածութիւն, որը ոչ ոք և ոչինչ չի կարող լցնել: Սուրբ Օգոստինոսը երեսուն տարեկանում՝ ճանաչելով ընկերութիւնն ու սէրը, ընտանիքն ու փառքը, գրում է, որ «անհանգիստ է մարդու սիրտը, քանի դեռ չի գտել իր խաղաղությունը՝ Աստծո մեջ»:  

Ցաւօք սրտի, մարդու ամենամեծ սխալն այն է, որ այդ տարածութիւնը լցնելու համար և քաղցած լինելով, մարդը յոյս ունի լրացնել այդ բացը՝ զգացմունքներում, մարդկանց մէջ, սիրելի մարդու մէջ: Քանի՜ երիտասարդ է մտածում, որ հարցերի բոլոր պատասխանները կգտնի սիրելի տղայի կամ աղջկայ մէջ: Նրանք ագահօրէն միմեանց, կարծես, կլանում են, սակայն քաղցն այդպէս էլ չի յագենում: Կարծես, ցանկանում են արբել միմեանցով, լցուել մէկը միւսի մէջ, սակայն դա անհնարին է:

Այդպիսի պահուածքը խեղդում է յարաբերութիւնները, քանի որ դա եսասիրութիւն է, և, հետևաբար, այդպիսի յարաբերութիւնները դատապարտուած են ձախողման: Երբեմն նաև ծնողներն են այդպէս վարւում իրենց երեխաների հետ, երբ նրանց վերաբերւում են որպէս սեփականութեան: Դա «յուզական վամպիրիզմ» է, որը միշտ հանգեցնում է յարաբերութիւնների սպառման և ոչնչացման:

Բանն այն է, որ միայն Աստուած կարող է լցնել մարդու ներսի դատարկութիւնը, որը ստեղծուել է Արարչի կողմից, որպէսզի մեզ կանչի դէպի Իրեն, փափագ առաջացնի Իր նկատմամբ: Դաւիթ մարգարէն, թագաւորը, ով ունէր և՛ իշխանութիւն, և՛ կանանց հարեմ, և՛ փող, գրում է. «Աստուա՛ծ, Աստուա՛ծ իմ, հոգիս ծարաւ է Քեզ, առաւել ևս՝ մարմինն իմ, ինչպէս մի անապատ և անջուր երկիր» (Սղմ. 62,2):

Հետևաբար իմաստութիւնն այն է, որ ընդունէք ձեր միայնութիւնը և այն ուղղորդէք դէպի Տէրը՝ մարդկային հոգու միակ Ամուսինը և յաւերժական Ընկերը: «Քանի որ Դու՛ եղար իմ օգնականը, քո թևերի հովանու տակ ես պիտի ցնծամ: Քեզ հետևեց իմ հոգին» (Սղմ. 62,8-9):

Այդ դէպքում մարդկային միայնութիւնը կդառնայ օրհնութիւն, հանդիպման վայր՝ Նրա հետ, Ով լցնում է մեզ Իր ներկայութեամբ, խաղաղութեամբ և երջանկութեամբ:

Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայան

13/08/2020, 09:25