Որոնել

Տօն Փոխման Սրբոյ Կուսին Մարիամու Աստուածածնի Տօն Փոխման Սրբոյ Կուսին Մարիամու Աստուածածնի 

«ԱՍՏՈՒԱԾԱՄՕՐ ՎԵՐԱՓՈԽՈՒՄԸ. տոկման և աւանդութիւնը». Տ. Յովսէփ Գալստեան

Կիրակի 16 օգոստոս 2020-ին կը յիշատակուի Սուրբ Կոյս Մարիամ Աստուածանայ վերափոխման տօնը։

Տիրամօր վերափոխման մասին Կաթողիկէ Եկեղեցու քրիստոնէականում կարդում ենք.

«Անարատ Կոյսը, ազատ լինելով նախնական մեղքի բոլոր արատներից, երբ իր երկրային կեանքի ընթացքն աւարտեց, մարմնով եւ հոգով փոխադրուեց երկնային փառքի մէջ եւ բարձրացուեց Տիրոջ կողմից՝ որպէս Թագուհի ամենայնի, որպէսզի առաւել լրիւութեամբ պատշաճի իր Որդուն…՝ մեղքի եւ մահուան Յաղթողին», 966:

Այս ձեւակերպումը վերցուած է «Ամենաառատաձեռն Աստուած» վերնագրով փաստաթղթից, որով Նորին Սրբութիւն Պիոս 12-րդ Սրբազան Պապը 1950թ. նոյեմբերի 1-ին հռչակեց Աստուածամօր Վերափոխման տոկման (հրամանակարգ վարդապետութիւնը): Տոկմայի հռչակումը, ինչպէս տեսնում էք, եղաւ նորագոյն ժամանակներում, բայց  Ընդհանրական Եկեղեցու հաւատքի գանձարանում Տիրամօր Վերափոխման մասին հաւատքը եւ վստահութիւնը գալիս է քրիստոնէութեան առաջին դարերից:

Աստուածամոր` հոգով եւ մարմնով Երկինք վերափոխման մասին ուսմունքը հասկանալու համար պէտք է սկսենք Աստուածամօր Անարատ Յղութեան ուսմունքից, որը հիմք է դարձել՝ նրա Վերափոխման մասին ճշմարտութեան հանդէպ հաւատքի համար:

Աստուած իր նախախնամ ծրագրում արդեն իսկ ունենալով Իր Որդու՝ Յիսուս Քրիստոսի ապագայ ծնունդը եւ փրկչագործական վաստակը, Յիսուսի մօրը՝ Մարիամին, դեռեւս նրա մայրական արգանդում, այսինքն Աննայի արգանդում, սաղմնաւորման վայրկեանից զերծ պահեց ադամական մեղքից կամ, ինչպէս միջնադարեան աստուածաբան Դունս Սկոտն է արտայայտւում, նախապէս փրկեց ադամական մեղքից եւ լցրեց աստուածային ներկայութեամբ՝ շնորհներով: Մարիամը, ի սկզբանէ եւ իր ամբողջ կեանքի ընթացքում, լինելով «լի շնորհօք»՝ լի շնորհներով, ինչպէս աղօթում ենք նաեւ Վարդարանի աղօթքում, ընդհանրապէս մեղք չգործեց, մնաց ամբողջովին անարատ՝ սկսած իր յղացման վայրկեանից եւ մինչեւ իր կեանքի աւարտը: Ընդ որում, Մարիամը մնաց ոչ միայն անարատ եւ անմեղ, այլեւ Յիսուսին ծնելուց յետոյ էլ մնաց միշտ Կոյս, որի համար էլ Տիրամօրն անվանում ենք նաեւ Ընդմիշտ Կոյս:

Քրիստոնեաները աշխարհի տարբեր ծայրերում միշտ հաւատացել են այն տրամաբանական ճշմարտութեանը, թէ քանի որ Տիրամայրը մնաց անարատ՝ ամէն տեսակ մեղքից, հետեւաբար, չէր կարող անարատ չլինել նաեւ մեղքի հետեւանքներից, որոնցից ամենասարսափելին մահն է եւ գերեզմանի ապականութիւնը: Այլ խօսքերով, Մարիամը, ժառանգած չլինելով ադամական մեղքը եւ երբեւէ չգործելով մեղք, ենթակայ չէր նաեւ մահուանը: Սա է Վերափոխման ուսմունքի տրամաբանութիւնը, որը հիմնուած է դարաւոր համընդհանուր հաւատքի զգացողութեան (լատ.՝ sensus fidei) վրայ, որն անսխալական է եւ կարիք ունէր միայն ձեւակերպուելու Ընդհանրական Եկեղեցու գերագոյն ուսուցչական իշխանութեան կողմից՝ որպէս տոկմա:

Պիոս 12-րդ Պապի փաստաթղթի 5-րդ կէտում գրուած է.

«Մարիամը, բացառիկ արտօնութեամբ, լիակատար ձեւով յաղթեց մահուանը` իր Անարատ Յղութեամբ, եւ որպէս արդիւնք, Մարիամը ենթակայ չէր գերեզմանի ապականութեանը եւ նա ստիպուած չեղաւ սպասելու մինչեւ ժամանակների լրումը՝ իր մարմնի յարութեան համար»:

Պիոս 12-րդը յղում է անում Աստուածածնի Վերափոխման մեծագոյն արեւելեան աստուածաբաններից մէկին՝ Կաթողիկէ Եկեղեցու դոկտոր Յովհան Դամասկացուն (675-749թթ.), ով գրում է.

«Պատշաճ է, որ Մարիամը, որ իր կուսութիւնը պահեց անխախտ, իր մարմինն ազատ պահեր ամէն տեսակ ապականութիւնից նոյնիսկ մահուանից յետոյ: Պատշաճ էր, որ նա, ով Արարչին՝ որպէս մանուկ, կրել էր իր կրծքի տակ, բնակուեր աստուածային խորաններում… Պատշաճ էր, որ նա, ով տեսաւ իր Որդուն Խաչի վրայ եւ ում սիրտը խոցեց վշտի սուրը, որից նա խուսափել էր նրան ծնելիս, նայեր իր Որդուն, որ նստած է իր Հոր կողքին: Պատշաճ էր, որ Աստուածամայրն ունենար այն, ինչ պատկանում է իր Որդուն եւ որպէսզի պատուի առնուեր բոլոր արարածների շուրթերով՝ որպէս Մայր եւ Աղախին Աստծոյ», «Ամենաառատաձեռն Աստուած», 21:

Եկեղեցու սուրբ հայրերը մատնանշում են նաեւ Աստուածամօր վերափոխման ուսմունքը անուղղակի հիմնաւորող աստուածաշնչեան դնքստեր, օրինակ՝ Սղմ.131, 8՝ «Ելիր քո հանգստավայրը, Տէ՛ր, դու եւ տապանակը Քո սուրբ կտակի»: Տապանակը նմանեցւում է Մարիամի հետ: Նաեւ՝ Սղմ. 44:10-ը՝ «Թագուհին կանգնած է Քո աջ կողմում…», Յայտն.12,1՝ աստղերն իր ուսերին առած կնոջ մասին հատուածը՝ որպէս պատկեր թագուհու եւ Աստուածամօր եւ այլն:

Բազում վկայութիւններ կան տարբեր պատմական ժամանակներից, յատկապէս, 6-րդ դարից սկսած, որ Եկեղեցում գոյութիւն է ունեցել հաւատքն առ Աստուածածնի վերափոխումը: Տարածուած է եղել նաեւ Վերափոխման կամ Ննջման տօնը, որի մասին յիշատակութիւններ կան ծիսական գրքերում: Տարբեր վայրերում նաեւ կառուցուել են տաճարներ ու արձաններ՝ նուիրուած Վերափոխեալ Տիրամօրը: Եւ վերջապէս, վաղ միջնադարեան արմատներ ունեցող Վարդարանի խորհուրդներից մէկը նուիրուած է Վերափոխմանը: Հայկական շարականներում եւ աղօթքներում եւս բազում տողեր կան՝ Վերափոխման մասին:

Պիոս 12-րդ Քահանայապետը գրում է, որ տոկման հռչակելու մասին որոշումը կայացուել է երկար պատմական ուսումնասիրութիւններից, աշխարհի տարբեր ծայրերում ծառայող եպիսկոպոսների եւ նրանց հաւատացեալների կարծիքները հարցնելուց յետոյ.

«Այսպէս, Եկեղեցու վարդապետական իշխանութեան տիեզերական համաձայնութեամբ, մենք ունենք յստակ եւ հաստատուն ապացոյց, որ Կոյս Մարիամի Վերափոխումը երկինք, որը մարդն իր մտաւոր կարողութեամբ երբեք չի կարող իմանալ… Աստծոյ կողմից յայտնուած ճշմարտութիւն է, հետեւաբար, մի բան, որին պէտք է հաստատակամօրէն եւ հաւատարմօրէն հաւատան Եկեղեցու բոլոր զաւակները», «Ամենաառատաձեռն Աստուած», 12:

Եկեղեցում մշտապէս եղել է ամուր վստահութիւն՝ առ այն, որ Աստուածամայրը, մեղքից ազատ լինելով հանդերձ, թէեւ մահուան իշխանութեան տակ չէր, բայց որպէս մարդ, մահկանացու էր, ուստի, կիսելով իր Որդու առաքելութիւնը եւ մշտապէս միացած լինելով  իր Որդու հետ, Նրա նման Մարիամն էլ մահացաւ, բայց միայն ժամանակաւոր կերպով, ինչպէս Քրիստոս, այլ խօսքով ասում ենք՝ ննջեց, եւ ապա կիսեց նաեւ իր Որդու Յարութիւնը եւ եղաւ բոլոր մարդկանց յարութեան նախատիպերը՝ Քրիստոսից յետոյ եւ Նրա վաստակի շնորհիւ (Տե՛ս՝ Կաթողիկէ Եկեղեցու քրիստոնէականը, կէտ՝ 966): «Յարութիւն»-ից տարբերուող անունով կոչելու համար, ընդունուած է ասել, որ Տիրամայրը վերափոխուեց Երկինք՝ հոգով եւ մարմնով:

 

 Սուրբ Կոյսի վերափոխման եւ հրաշագործ պատկերի աւանդական պատմութիւնը

Եկեղեցու սուրբ հայրերն աւանդում են, որ Տէր Յիսուս Քրիստոս իր համբարձման ժամանակ Իր մօրը` Սուրբ Կոյս Մարիամին, խոստացաւ վերստին գալ եւ իր մօտ՝ Երկինք տանել նրան: Բայց Տէրը կամեցաւ, որ Տիրամայրը մի քիչ էլ մնար երկրի վրայ՝ Իր աշակերտների հետ միասին՝ նրանց մխիթարելու եւ նրանց համար հոգեւոր մայր լինելու համար: Սուրբ Կոյսը Տիրոջ համբարձումից յետոյ երկրի վրայ մնաց եւս տասներկու տարի, եւ երբ նրա վաթսուն տարին լրացաւ, նրան դարձեալ երեւաց Գաբրիէլ հրեշտակապետը եւ յայտնեց, որ մօտեցել է իր Երկինք վերաբերուելու օրը: Ներսէս Շնորհալին Վերափոխման մասին իր շարականում գրում է, թէ Գաբրիէլը Տիրամօրը տուեց նաեւ մի բրաբիոն՝ ծաղկեպսակ՝ ի նշան երկրային կեանքի չարչարանքների մէջ տոկալու, չարի հանդէպ յաղթանակի: Կոյս Մարիամը ոչ միայն տեսաւ իր Որդու չարչարանքները, այլեւ համբերեց հրեաների ատելութեանը, հալածանքներին, իրեն սպանելու փորձերին, որոնցից նրան ազատում էր Տէրը: Երբ Տիրամայրն ընդունեց այդ լուրը, Յովհաննէս աւետարանիչն, որ հոգ էր տանում իր մասին որդու նման, խնդրեց Սուրբ Պատարագ մատուցել իր համար, ապա, իր Որդու Սուրբ Մարմինն ու Արիւնը ճաշակելուց յետոյ, խնդրեց կոյսերին իրեն մաքուր զգեստներ հագցնել եւ վառուած ջահերով պատրաստուել իր յուղարկաւորմանը: Տիրամայրն Աստծուն խնդրեց, որ վերջին անգամ իր մօտ գան Յիսուսի աշակերտները, որպէսզի հրաժեշտ տա նրանց: Աստուածային հրաշքով բոլոր առաքեալները, որ քարոզում էին աշխարհի տարբեր մասերում, հաւաքուեցին Երուսաղեմի այն Վերնատանը, ուր ապրում էր Մարիամը: Դիոնեսիոս Արիսպագացին իր թղթերում գրում է այս պատմութիւնը, թէ երբ առաքեալները հաւաքուեցին Տիրամօր մօտ եւ իմացան, որ Տիրամայրը պէտք է վերցուի իրենցից, շատ տխրեցին եւ սկսեցին ողբալ, բայց Մարիամը հանգստացնում էր նրանց այն լուսաւոր վստահութեամբ, որ ինքը գնում է իր Որդու մօտ:

Մովսէս Խորենացին մեզ աւանդել է մի հետաքրքիր պատմութիւն՝ Տիրամօր հրաշագործ պատկերի մասին: Յովհաննէս աւետարանիչը կիպարիսի մի փայտից կերտում է Տիրամօր պատկերը, որպէսզի մի յիշատակ մնայ նրանից: Աշակերտները աղաչեցին Տիրամօրը, որ վերցնի այդ պատկեր, դիպցնի իր դէմքին, օրհնի այն եւ Տիրոջից խնդրի, որ Տէրն այդ պատկերի միջոցով երկրին բարիք բերի, մանաւանդ, բժշկութիւն այդ օրերին Երուսաղեմում տարածուած բորոտութիւնից: Տիրամայրը խոնարհութեամբ հրաժարւում է՝ ասելով, թէ հիւանդութիւնները վերացնելու իշխանութիւնն իր Որդին տուել է առաքեալներին, ինքն արժանի չէ այդպիսի պատուի, ինչպիսին աշակերտներն իրեն մատուցում էին: Սուրբ Պօղոսն ասում է Տիրամօրը. «Սուրբ Կոյս եւ Մայր Աստծոյ, մենք անպիտան ծառաներն ենք աշխարհի Արարչի, Որն հաճեցաւ քեզանից մարմնանալ. Քո Որդուց եւ մեր Աստծուց արժանացած ենք այս առաքելական շնորհին, որ ունենք, իսկ Դու մեր Տիրամայրն ես… Երրորդութեան հարսն ես, եւ մենք՝ փողեր, որ հնչեցնում ենք անճառ այս Ծնունդը, որ քեզանից էր: Աղաչում ենք քեզ, մեզ համար նշան դարձրու՛ այս պատկերը, ինչպէս Քո Միածին Որդին, որ Իր մահուան փայտը՝ որպէս անմահութեան գործիք, կեանքի գանձ եւ դեւերի հալածիչ տուեց աշխարհին: Իսկ այժմ շնորհ արա՛, որ սա բժիշկ լինի վիրաւորուածներին եւ նշխար՝ հաւատացեալներին. Որպէսզի երբ նրանք, ովքեր փափագում են Քեզ տեսնել, այս տեսնեն, նրանց խնդրուածքներն իրագործուեն»:

Այդ ժամանակ Սուրբ Կոյսն իր ձեռքերը դէպի Երկինք տարածելով՝ ասաց. «Տէ՛ր Աստուած ամենակալ, Հա՛յր բարերար մեր Տիրոջ Յիսուսի Քրիստոսի, Դո՛ւ, որ Քո Միածին Որդուն աշխարհի փրկութեան համար առաքեցիր՝ մարմնանալու Քո անարժան աղախնու միջոցով, Ով կատարելով Օրէնքում ու մարգարէներում գրուածները՝ դարձեալ համբարձուեց Քեզ մօտ՝ դէպի Քո Հայրական փառքը: Աղաչում եւ խնդրում ենք Քեզանից բարերար Աստուած, վերցրո՛ւ բորոտութեան ախտը մարդկանց միջից, Դո՛ւ, որ վերցրիր մեր մեղքերը Քո Միածնի ձեռքով: Կատարի՛ր խնդրուածքը Քո ընտրեալ այրերի, ովքեր Քո հրամանով առաքուեցին աշխարհի փրկութեան համար՝ աւետարանելու Սուրբ Երրորդութիւնը»:

Նոյն ժամին լուսեղէն կամար իջաւ սրբուհու վրայ եւ լսելի եղաւ մի ձայն, որ ասում էր. «Թող լինի այնպէս, ինչպէս կամենում ես, մայր Իմ»: Ամպեղէն լոյսը խաչանման կաթեց սուրբ պատկերի վրայ, եւ սուրբ Կոյսը յորդառատ արտասուք հեղեց Տիրոջ առջեւ եւ դրանով թրջեց պատկերը:

Երբ արդեն մօտ էր Տիրամօր փոխման ժամը, առաքեալները շուրջանակի նստել էին Տիրամօր մօտ եւ աղօթքով հսկում ամբողջ գիշեր:

Տիրուհին սպասում էր, որ իր Որդին Երկնքի բարձունքներից իջնի, եւ առաւօտեան բարձրացրեց իր ձեռքերը դէպի վեր ու աղօթեց Աստծուն: Նոյն ժամին որոտ, փայլատակում եւ սաստիկ շարժում եղաւ, լսւում էր հրեշտակների երգը, ովքեր իջնում էին Քրիստոսի հետ, եւ բացի առաքեալներից բոլոր ներկաները թմրեցին: Օրուայ երրորդ ժամին երկնքից իջաւ սուրբ Կոյսի Որդին՝ երկնային բազում զօրքերով, Իր անճառելի փառքով, Գաբրիէլ ու Միքայէլ հրեշտակապետները նրա առջեւում էին: Այդ ժամ երկինքն ու երկիրը բուրեցին անուշահոտութեամբ: Մեր շարականներից մէկում երգում ենք այսպէս.

«Այսօր առաքեալները… Սուրբ Կոյսին դնելով գերեզմանի դռան մօտ, սպասում էին եւ ակնկալում Տիրոջը… Տեսան Արարչին, որ գալիս էր բազում հրեշտակներով… Տեսան Սուրբ Կոյսին՝ օդում ճախրելիս եւ ամպեղէն կառքով վեր՝ դէպի Երկինք, համբառնալիս եւ երկնային խորանները մտնելիս՝ իմաստուն կոյսերի հետ միասին, եւ նրանց միաձայնելով՝ ասում էին՝ օրհնեա՛լ ես ամենօրհնեալդ կանանց մէջ», (Ժամ. ի գիշերի, Օրհն. ԴՁ):

Տիրամայրը, տեսնելով իր Յիսուսին, գոհանում էր Աստծուց եւ Նրա անունը փառաբանում, քանի որ Նա կատարեց Իր խոստումը: Ապա Տիրամայրն իր պատկերը դրեց Աստուածորդու առջեւ, եւ Քրիստոսն Իր աստուածային աջով օրհնեց այն: Աստուածամայրն այդ պատկերը տուեց առաքեալներին, եւ նրանք վերցնելով երկրպագեցին ու տեսան, որ Տիրուհու պատկերը նկարուել է տախտակի վրայ:

Ապա ամենամաքուր Կոյսը զուարթ դէմքով աւանդեց իր հոգին իր Միածին Որդու եւ Արարչի ձեռքը: Սրբուհու հոգին ելաւ ու խառնուեց լուսեղէն զօրքին, իսկ մահճում մնացած մարմինը չայլակերպուեց ինչպէս դիակը, այլ նրա մարմնից անուշահոտութիւն էր բուրում:

Այդպէս՝ քերովբէական կառքով՝ իբրեւ փայլակ, համբարձւում է սուրբ Կոյսի ամենամաքուր հոգին: Եւ ցնծում են երկնաւորներն ու երկրաւորները՝ փառաբանելով Տիրուհու վախճանը:

Տիրամօր սուրբ եւ անապական մարմինը Յովհաննէս աւետարանիչը պատանեց, ապա մարմինը դրեցին դագաղի մէջ, որի վրայ էլ՝ Գաբրիէլի բրաբիոնի պսակը: Յովհաննէսը որդու նման Յիսուսի խաչելութիւնից յետոյ խնամել էր Տիրամօրը՝ ըստ Տիրոջ յանձնարարութեան, թէ «ահա՛ քո մայրը», եւ մահուան ժամին ամենայն սիրով եւ հաւուր պատշաճի աւարտին հասցրեց իր սուրբ առաքելութիւնը: Ապա բոլոր աշակերտները, քրիստոնեաների համայնքը հոգեպարար սաղմոսերգութիւններով եւ օրհներգութիւններով պատուեցին Տիրամօրը, որից յետոյ առաքեալները Տիրամօր մարմինը իրենց ուսերին վրայ առնելով՝ տարան եւ դրեցին մի գերեզմանի մէջ՝ Գեթսէմանիի պարտէզում՝ այնտեղ, ուր սկսուեցին Յիսուսի չարչարանքները:

Երբ Անարատ Սուրբ Կոյսն իր հոգին աւանդեց Տիրոջ ձեռքերի մէջ, հրեաները յարձակուեցին առաքեալների վրայ եւ ուզում էին յափշտակել Ամենասուրբ Կոյսի մարմինը: Նրանցից Սոփոնիա անունով մի մարդ բռնեց Տիրամօր մահճից, որ առաքեալները բարձրացած տանում էին: Այդ Սոփոնիայի ձեռքերն արմունկներից յանկարծ պոկուեցին եւ կախուած մնացին մահճի կողքից: Սոփոնիան մինչեւ գերեզման լալիս էր: Պօղոսը հրեաներին կոչ արեց զղջալ՝ Տիրոջը խաչելու համար: Ներկայ հրեաները զղջացին, իսկ Պօղոսը վերցնելով Սոփոնիայի կտրուած ձեռքերը, բուժեց դրանք:

«Եւ խաւարեալները լուսաւորուեցին, հրեաներն ու հեթանոսները մեծ-մեծ խմբերով մկրտուեցին, եւ քաղաքում եղած բորոտները գալիս էին առաքեալների մօտ, իւղով օծւում, սուրբ պատկերով տեառնագրւում եւ իսկոյն բժշկւում էին հիւանդութիւններից. եւ Տիրուհու Ննջման լուրը լսելով՝ բոլոր հիւանդները գալիս անմիջապէս առողջանում էին, մինչեւ որ լուրը տարածուեց ողջ Հրէաստանում». գրում է Խորենացին:

Բարդուղիմեոս առաքեալը այդ ժամանակ աշակերտների հետ չէր եւ երբ վերադարձաւ, խնդրեց առաքեալներին, որ անպայման իրեն տանեն Տիրամօր գերեզմանը, որ տեսնի նրա մարմինը: Եւ երբ բացեցին գերեզմանի դուռը, տեսան, որ Տիրամօր մարմինը չկայ: Երեք օր էր անցել Տիրամօր ննջումից: Առաքեալները հասկացան, որ Տիրամօր մարմինը փոխադրուել է Երկինք, ինչպէս որ ասել էր ինքը: Բարդուղիմեոսը շատ տխրեց, եւ որպէսզի ինչ-որ կերպ մխիթարէին իրենց եղբօրը, առաքեալները նրան տուեցին Տիրամօր պատկերը, եւ Բարդուղիմեոսն այն վերցնելով՝ գնաց Հայք, որտեղ Թադէոս առաքեալն արդեն իսկ նահատակուել էր Սանատրուկ արքայի կողմից: Բարդուղիմեոսը Տիրամօր պատկերն իր հետ տարաւ նախ Պարսկաստան եւ ապա Հայաստան, որտեղ պատկերի զօրութեամբ բազում դեւեր հալածեց եւ բուժումներ կատարեց: Բարդուղիմեոս առաքեալն ի վերջոյ, Տիգրիս գետի ափին մի եկեղեցի կառուցել տուեց, որտեղ դրեց Տիրամօր հրաշագործ պատկերը, իսկ այս եկեղեցին կոչուեց «Հոգեաց վանք»:

Առաքեալներին մնաց ոչ միայն Տիրամօր հրաշագործ նիւթեղէն պատկերը, այլեւ՝ Սուրբ Կոյսի հոգեւոր՝ առաւել իրական եւ զօրաւոր ներկայութիւնը՝ իրենց սրտերում եւ Տիրոջ հիմնած Սուրբ Եկեղեցում, որի Մայրն է Սուրբ Կոյս Աստուածածինը, որ Երկնքում մշտապէս բարեխօսում է իր Որդու առաջ՝ իր բոլոր զաւակների համար, ովքեր մկրտւում են դառնում են Քրիստոսի Եկեղեցու անդամ: Տիրամայրը ամենազօրեղ բարեխօսն է մարդկութեան համար, որովհետեւ ի՛նքը եղաւ սկիզբը եւ գիտակից պատճառը՝ մարդկութեան փրկութեան, որովհետեւ Յիսուսի ծննդեան մասին աւետման լուրին իր տուած համաձայնութեան՝ «եղիցի»-ի շնորհիւ, Իր սուրբ եւ անարատ արգանդում տեղի ունեցաւ մարդեղութեան գերազանց խորհուրդը, այսինքն՝ Աստծոյ Որդին Կոյս Մարիամի համաձայնութեամբ եւ Սուրբ Հոգու զօրութեամբ մարդկային մարմին առաւ Կոյս Մարիամից եւ ծնուեց նրանից որպէս մարդ. Աստուած մարդացաւ՝ Աստուած իր վրայ վերցրեց մարդկային էութիւնը՝ մարմնով եւ հոգով, սրբացրեց այն եւ երկրիս երեսին ապրեց մարդկան հետ միասին՝ որպէս կատարեալ մարդ եւ կատարեալ Աստուած՝ մէկ անձի եւ դէմքի մէջ, որ Տէր Յիսուս Քրիստոսի անձն է՝ Աստծոյ Որդու սրբազան Անձը: Հենց ա՛յս պատճառով Աստուած նրան արժանի դարձրեց կիսելու նաեւ իր Որդու փառքը՝ Երկնքում՝ մարմնով եւ հոգով՝ որպէս Յիսուսից յետոյ առաջին յարութիւն առած մարդը, առաջինը, որ ոչ միայն հոգով, այլ նաեւ մարմնո՛վ է Երկնքում: Եւ այդ պատճառով է, որ Տիրամայրը կիսում է նաեւ իր Որդու միջնորդութիւնը մեզ համար եւ սրբերից ամենավսեմն է. Քրիստոսը միշտ լսում է իր մոր բոլոր խնդրանքները՝ Իր Սուրբ Եկեղեցու եւ իւրաքանչիւր մարդ արարածի համար:

Ուրեմն, իւրաքանչիւր քրիստոնեայի համար՝ Տիրամօր բարեխօսութիւնը հայցելը աստուածային առատ շնորհներ ընդունելու ամենավստահելի ճանապարհն է: Իհարկէ, բոլոր սրբերն են վայելում Աստծոյ սէրը եւ նրանց խնդրանքները մեզ համար լսելի են Աստծոյ առաջ, բայց Տիրամայրը առանձնայատուկ տեղ եւ արտօնութիւն ունի սրբերի եւ հրեշտակների դասերի մէջ՝ փրկութեան պատմութեան մէջ եւ եզակի դերակատարութեան համար, ինչպէս եզակի է Ինքը՝ ի սկզբանէ՝ իր մօր որովայնից սկսած:

Տիրամայրը մեզ համար ոչ միայն ամենազօրեղ բարեխօսն է եւ մեր բոլոր մտահոգ, սիրագորով Մայրը, այլեւ՝ Քրիստոսի Ընդհանրական, Մէկ եւ Սուրբ Եկեղեցու կատարեալ տիպարն է, այն բարձրագոյն նշաձողը, անթերի սրբապատկերը, որին պէտք է մշտապէս ձգտի նմանուել Եկեղեցին՝ Քրիստոսին ամբողջ ընտանիքը եւ այդ ընտանիքի իւրաքանչիւր անդամ՝ անկախ տարիքից, ազգութիւնից, սեռից եւ զբաղմունքից: Տիրամայրը լաւագո՛յնն է ճանաչում Իր Որդուն, հետեւաբար նա մեզ կարող է լաւագոյն ձեւով սովորեցնել, թէ ինչպէս պէտք է հետեւել Քրիստոսին, կիսել նրա չարչարանքները, նմանուել նրա սրբութեանը եւ մասնակից դառնալ Նրա երկնային փառքին, որովհետեւ այդ ամենը նախ Ի՛նքն է արել կատարեալ ձեւով:

Եկէ՛ք Տիրամօր նուիրուած իւրաքանչիւր տօն դարձնենք առիթ՝ աւելի լաւ ճանաչելու նրա պատկերի վեհութիւնը եւ կարեւորութիւնը մեր սրբութեան եւ փրկութեան համար: Ամեն օր սիրով աղօթենք Տիրամօր սիրելի եւ պարզ Վարդարանը, երգենք մեր հայերէն գեղեցիկ երգերը, շարականները՝ նուիրուած Տիրամօրը եւ խօսե՛նք նրա հետ՝ ինչպէս զաւակը խօսում է իր սիրելի մոր հետ՝ վստահ, որ գտնելու է իր բոլոր հարցերի եւ մտահոգութիւնների պատասխանը եւ անդաւաճան մի հոգի՝ պատրաստ կիսելու իր բոլոր ցաւերը:

Տ. Յովսէփ Գալստեան

 

ԱՂՕԹՔ

Տու՜ր ինձ սիրտ` նման Քո սրտին

Հեղ.՝  Հ. Լեոնս Դը Գրանմեզոն

Սրբուհի Մարիա՜մ, Մա՜յր Աստուծոյ, տու՜ր ինձ մի սիրտ մանկական, որ լինի ջինջ ու պայծառ՝ մշտահոս աղբիւրի նմա:

Տու՜ր ինձ մի սիրտ՝ պարզ եւ համեստ, որ չհրճուի ուրիշների տխրութեամբ. սիրտ մի՝ վեհանձն՝ նուիրուելու, եւ եռանդուն՝ ներելու մէջ, սիրտ  մի՝ պարկեշտ եւ ասպետական, որ չմոռանայ բարիքը եւ չյիշի բնաւ չարիքը: Տու՜ր ինձ մի սիրտ՝ քաղցր եւ խոնարհ, որ սիրտ՝ առանց սէր ակնկալելու, սիրտ մեծ, անզուսպ ու արի, որ չընկճուի ուրիշների ապերախտութեամբ եւ չյուսալքուի նրանց անտարբերութեամբ:

Տու՛ր ինձ մի սիրտ՝ տառապող, մի սիրտ՝ տանջուող՝ Քրիստոսի փառքով, վիրաւորուած նրա սիրով եւ բուժելի՝ միայն Երկնքում:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

15/08/2020, 07:23