Որոնել

հոգևոր կրթութիւն հոգևոր կրթութիւն 

«Եկէ՛ք և տեսէ՛ք». եռօրեայ հոգևոր կրթութիւն՝ «Տիրամայր Հայաստանի» կենտրոնում

Թագուհի Հայաստանի, աղաչեա՛ վասն մեր

Աստուածածնի Վերափոխման իննօրեայ տօնական շրջանի առիթով, 2020թ. օգոստոսի 15-18-ը Անարատ Հյութեան հայ քոյրերի միաբանութեան Գյումրիի «Տիրամայր Հայաստանի» կենտրոնում Աշոցքի Սիզավետ հայ կաթողիկէ համայնքի մի խումբ աղջիկների համար կազմակերպուեց հոգևոր կրթութիւն՝ «Եկէ՛ք և տեսէ՛ք» խորագրով՝ հիմնուելով Յովհաննէսի աւետարանի 1, 35-39 համարի վրայ, որտեղ Յիսուս կանչում է իր առաջին երկու աշակերտներին՝ գալու և տեսնելու Իր տունը: Ձեռնարկի կազմակերպիչ քոյր Մարիամ Յարութիւնեանը ցանկացաւ երեխաների համար մի գեղեցիկ առիթ ստեղծել՝ հանդիպելու Անարատ Յղութեան հայ միաբան քոյրերին և կենտրոնում անցկացնել երեք օր՝ յագեցած օրակարգով: Այդ երեք օրերի ընթացքում երեխաները Գյումրիի Սրբոց Նահատակաց մայր տաճարում մասնակցեցին Վերափոխման տօնական Սուրբ Պատարագին, որ մատուցուեց ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասեանի, ամեն օր աղօթեցին Վարդարան, զրուցեցին միաբան քոյրերի հետ, ծանօթացան նրանց առօրեային, առաքելութեանը, հոգևոր զրույց ունեցան ինձ հետ, խաղացին հետաքրքիր խաղեր, մասնակցեցին Արհեստի դպրոցի դասընթացի, ձեռագործ արեցին, ծանօթացան և հարցեր ուղղեցին կենտրոնում աշխատող ֆրանսիացի կլինիկական հոգեբան Կատրինին, իսկ վերջին օրը Արհեստի դպրոցի խոհանոցում տիկին Արփենիկի հետ միասին ճաշ պատրաստեցին: Վստահ եմ, որ երեխաների համար այդ երեք օրերը հետաքրքիր փորձառութիւն են:

Քոյր Մարիամ Յարութիւնեանը, որ նշանակուել է Գյումրիում հիմնուած Անարատ Յղութեան միաբան քոյրերի կրտսեր նորընծայարանի տեսուչ, մօտ մէկ տարի է՝ քրիստոնէականի դասընթաց և հետաքրքիր զբաղուածութիւն է կազմակերպում Աշոցքի կաթողիկէ համայնքների պատանիների համար՝ շարունակելով Գյումրիի տան ներկայիս մեծաւորուհի քոյր Ռեբեկայի ձեռնարկը: Անարատ Յղութեան հայ քոյրերը համայնքներում երեխաների դաստիարակութեամբ զբաղուել են մշտապէս: Նրանք ոչ միայն հոգևոր գիտելիքներ են փոխանցում, այլև սովորեցնում են ձեռագործ, լեզուներ, կազմակերպում են  զարգացողական խաղեր, ընկերանում նրանց՝ մեծ հոգատարութեամբ և սիրով: Պէտք է անկեղծօրէն ասեմ, որ Աշոցքի բոլոր գիւղերի երեխաներն էլ շատ սիրում են քոյրերին և պատրաստ են զոհաբերել անգամ իրենց շատ սիրելի զբաղմունքները՝ քոյրերի հետ հանդիպումները բաց չթողնելու համար կցանկանայի իմ և Աշոցքի հայ կաթողիկէ համայնքների անունից խորին շնորհակալութիւն յայտնել Անարատ Յղութեան հայ քոյրերի միաբանութեանը, մասնաւորապէս, Ընդհանուր մեծաւորուհի քոյր Արուսեակ Սաճոնեանին, քոյր Ռեբեկա Ավճարյանին և, յատկապէս, քույր Մարիամ Յարութիւնեանին՝ պատանիների հոգևոր դաստիարակութեան ուղղութեամբ ստեղծագործ աշխատանք կատարելու համար՝ Անարատ Սուրբ Կոյսի հովանաւորութեամբ:

Տէր Յովսէփ Գալստեան

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

19/08/2020, 10:29